ԳՆԱՑՔԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ, ԿՅԱՆՔԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹ
Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է միանգամից երկու դեպք, երբ գծերը չթույլատրված տեղերով հատող քաղաքացիներն ընկել են գնացքի տակ։ Ցավոք, երկու դեպքերն էլ ողբերգական ավարտ ունեցան։
Առաջին միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 30-ին Գյումրիում, մահացածը 76-ամյա Անահիտ Գասպարյանն է։ Երկրորդը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Արմավիրում, մահացածը 51-ամյա Կամո Մեհրաբյանն է։ Երկու դեպքում էլ գնացքների մեքենավարները կիրառել են արտակարգ արգելակում, սակայն իներցիան թույլ չի տվել կանգնեցնել բազմատոննանոց գնացքները։ Սրանք ստանդարտ իրավիճակներ են, քանի որ գնացքների արգելակման ուղին կարող է մինչև 1 կիլոմետր կազմել՝ կախված քաշից և արագությունից։ Երկու դեպքերը միավորում է այն, որ քաղաքացիները գծերը հատել են երկաթուղային երթևեկության տարրական կանոնների խախտմամբ։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պարբերաբար իրականացվում են նմանատիպ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Դրանց թվում է «Անվտանգության օրերի» պարբերական կազմակերպումը, երբ ընկերության աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ վարորդներին հուշաերթիկներ են բաժանում։ Ընկերության աշխատակիցներն այցելում են երկաթուղային գծերի մոտ գտնվող ուսումնական հաստատություններ և երեխաներին բացատրում գծերի և կայարանների ենթակառուցվածքի մոտ անվտանգ մնալու կանոնները։ Միաժամանակ ՀԿԵ-ն համագործակցում է ինչպես իրավապահ մարմինների ներկայացուցիչների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հետ։
Առանձին խնդիր է քաղաքացիների կողմից չարտոնված գծանցներ կազմակերպելու հարցը։ Ընկերության հնարավորությունները բավարար չեն դրանց դեմ պայքարելու համար, և այդ պատճառով ՀԿԵ-ն ակտիվորեն ներգրավում է ոստիկանության և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:
Քաղաքացիների մեծ մասը, սակայն, չի մտածում ճանապարհային կանոններից շեղվելու հետևանքների կամ սխալների մասին և շարունակում է անփույթ լինել նաև երկաթուղու կանոնների պահպանման հարցում։ Նման անզգուշության գինը մարդու կյանքն ու առողջությունն է։