ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎԱ՞Ծ ԵՆ

Ահա և մեկ տարի անցավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում իշխանության է եկել պոպուլիստ-դիլետանտների թիմը, Ադրբեջանը, թուրքական զինված ուժերի և սիրիական թուրքամետ կազմավորումների վարձկան-ահաբեկիչների ջոկատների անմիջական աջակցությամբ, ռևանշ վերցրեց 90-ականների սկզբի Արցախյան պատերազմում կրած պարտության համար։ Այսօր Բաքվի վերահսկողության տակ են ոչ միայն տխրահռչակ յոթ շրջանները, այլև Շուշիի և Հադրութի շրջանները, որոնք Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կազմում ընդգրկված են եղել դեռևս ԽՍՀՄ տարիներին։ Հայաստանն ու Արցախը տվեցին առնվազն հինգ հազար զոհ (իշխանությունն այդպես էլ չներկայացրեց վերջնական անվանական ցուցակը), տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուրավորները համարվում են անհետ կորած։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գերիներ մինչ օրս մնում են Ադրբեջանի բանտերում։

Հրադադարը կնքվեց ռուսական կողմի մեծ ջանքերի արդյունքում, որը ստիպված էր հաղթահարել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմի համառությունը: Ռուսական խաղաղապահ զորակազմն արդեն մեկ տարի է, ինչ ապահովում է Հայաստանի և Արցախի կապը Լաչինի միջանցքով և փաստացի Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։

Մոսկվան այսօր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների գլխավոր մոդերատորն է։ Ռուսական կողմը մտադիր է շարունակել առաջ մղել խաղաղ օրակարգը՝ շեշտը դնելով երկու կետերի վրա. տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի գծանշման գործընթացի մեկնարկի անհրաժեշտություն: Երկու ուղղություններով էլ ակտիվ քննարկումներ են ընթանում և, ըստ ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկությունների, ենթադրվում էր, որ նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության տարեդարձի օրը, կստորագրվի նոր փաստաթուղթ, որը կարձանագրի առաջընթացն այդ հարցերում:

Դատելով ամենից, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ կապված խնդիրները վերջնականապես լուծել դեռ չի հաջողվել, սակայն կողմերը մոտ են դրան։ Մասնավորապես, համաձայնություն կա Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղու վերագործարկման վերաբերյալ։

Ռուսաստանի ԱԳՆ-ի երեկվա հաղորդագրության համաձայն, «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 8 նիստերի արդյունքներով զեկույց է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման կոնկրետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կներգրավի»:

Ինչպես տեսնում ենք, ինտենսիվ աշխատանք է ընթանում, և բացառված չէ, որ ամփոփելով հրադադարի առաջին տարվա արդյունքները, Փաշինյանն ու Ալիևը այնուամենայնիվ հայտնեն իրենց ժողովուրդներին, որ կարելի է արդեն խոսել հաղորդակցության ապաշրջափակման կոնկրետ ժամկետների մասին։ Հնարավոր է, որ ընտրվի ինչ-որ խորհրդանշական ամսաթիվ. օրինակ՝ նոր տարվա սկիզբը, եթե մինչ այդ հաջողվի լիովին վերականգնել Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթգծերը։

Որքանո՞վ է Փաշինյանի կառավարությունն ընդունակ արժանապատվորեն պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերն այդ հարցը լուծելիս։ Նիկոլը կուրծքը ծեծելով երդում-պատառ է ուտում, թե այդ հարցում ենթադրվող բոլոր հանգուցալուծումները ձեռնտու են լինելու հայկական կողմին, և նույնիսկ երեք առաջնորդների նախատեսված հեռակոնֆերանսը մեր դեռևս թարմ վերքերը չփորփրելու համար տեղի է ունենալու ոչ թե նոյեմբերի 9-ին, այլ մեկ ուրիշ օր։

Սակայն ընդդիմությունը, սկզբունքորեն դեմ չլինելով հաղորդակցության ապաշրջափակմանը, համոզված է, որ ներկայիս կառավարությունից հայանպաստ լուծումներ ակնկալելն անհնար է, ուստի նախաձեռնում է «Համազգային դիմադրության շարժման» ձևավորում՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի գլխավոր պահանջով։ Այսօր Երևանում կայանալիք հանրահավաքում մեկնարկելու է այդ գործընթացը և դժվար թե հայաստանյան իշխանությանը թեթև օրեր են սպասվում։

Основная тема:
Теги: