Սահակաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի Գլդանի շրջանի բանտային հիվանդանոց

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի Գլդանի շրջանի բանտային հիվանդանոց, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Հատուկ քրեակատարողական ծառայությանը։

«Առողջական վիճակի վատթարացումից խուսափելու և վտանգի ավելացման կապակցությամբ բանտարկյալ Միխայիլ Սահակաշվիլին 12-րդ ՔԿՀ-ից տեղափոխվել է մեղադրյալների և դատապարտյալների №18 բուժհաստատություն։ Մենք ժամանակ առ ժամանակ հանրությանը կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ քաղաքական գործչի փաստաբանները և նա ինքը կտրականապես հրաժարվել էին Գլդանի բանտի հիվանդանոց տեղափոխումից՝ պնդելով, որ այնտեղ նրան բժշկական օգնություն տրամադրելու համար պայմաններ չկան։ Բացի այդ, փաստաբաններն ընդգծել են, որ բանտային հիվանդանոցը, որտեղ պահվում են տասնյակ բանտարկյալներ, այդ թվում՝ հոգեկան խանգարումներ ունեցողներ, նախկին նախագահի համար անվտանգ վայր չէ։

Միխայիլ Սահակաշվիլին իրեն քաղբանտարկյալ է հայտարարել և հացադուլի մեջ է արդեն 39 օր՝ հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում ձերբակալվելուց հետո։

Սահակաշվիլիին այսօր հետազոտել է Վրաստանի առողջապահության նախարարության որոշմամբ ստեղծված բժշկական խորհուրդը։ Նրա բուժող բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն ասել է, որ խորհրդի բոլոր անդամները միաձայն եկել են այն եզրակացության, որ Սահակաշվիլիին պետք է շտապ հոսպիտալացվել՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։

Օրերս քաղաքական գործիչը հրաժարվել էր հացադուլի ժամանակ դեղորայքի ընդունումից և ասել էր, որ միայն ջուր կխմի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իշխանամետ ալիքները տեսանյութ են տարածել բժշկի կաբինետից, որտեղ Սահակաշվիլին ինչ-որ բան է ուտում պլաստիկե բաժակից։ Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել է, որ բանտարկյալը սնունդ է ընդունում՝ շիլաներ և հյութեր։ Մինչդեռ ինքը՝ Սաակաշվիլին, բժիշկները և օմբուդսմենի գրասենյակը բացատրել են, որ Սաակաշվիլին օրական ընդունում է մոտ 50 գրամ հանքանյութերով և վիտամիններով խառնուրդներ՝ համաձայն հացադուլի հաստատված արարողակարգի։

Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, այսօր ասել է, որ բանտի մոտ հավաքվածները տեսել են, թե ինչպես են այնտեղից դուրս գալիս զրահամեքենաներ, իսկ հետո այս տարածքի վրայով ուղղաթիռ է թռել։ Փաստաբանները հայտարարել են նաև, որ իրենց չեն տեղեկացրել Սահակաշվիլիի տեղափոխության մասին և դա անվանել են հացադուլավոր քաղաքական գործչի իրավունքների կոպիտ խախտում, տեղեկացնում է News.am։