ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ. ԱՐԺԵ՞ ԱՐԴՅՈՔ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՋԱՆՔԵՐԻՆ

Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ապաշրջափակումը էապես կբարելավի մեր ձեռնարկումների հնարավորություններն ու մրցունակությունը, հայտարարել է լրագրողներին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն ասել եմ, հաշվարկված է, որ տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի 30 տոկոս աճին: Սա ոչ միայն մեր, այլ միջազգային գործընկերների, այդ թվում Համաշխարհային բանկի ու Ասիական զարգացման բանկի ուսումնասիրություներն են»,- ասել է Քերոբյանը Երևանում անցկացված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» գործարար համաժողովի կողասրահներում, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ: Թե որքանով է իրատեսական այդ կանխատեսումը, առանձին հարց է։ Ակնհայտ է, որ նախարարի վկայակոչած հետազոտությունները կառուցված են տարածաշրջանում կատարյալ կայունության, խաղաղության և համագործակցության սցենարների վրա։ Իսկ դա տեսանելի հեռանկարում պարզապես ֆանտաստիկայի ոլորտից է։ Սակայն եթե նույնիսկ զուտ տեսականորեն ենթադրենք ապաշրջափակման և բնականոն գործունեության հնարավորությունը, հայկական կողմի համար նման մակրոտնտեսական ապագան առանձնակի հրապուրիչ տեսք չունի։

Իրականում երկու տարվա ընթացքում ՀՆԱ-ի 30-տոկոսանոց աճը չնչին բան է, որն այսօր Հայաստանի կառավարությունը փորձում է ներկայացնել իբրև երկրի սոցիալ-տնտեսական կյանքի արմատական բարելավում խոստացող ինչ-որ գերդրական բան։

Նախևառաջ ուշադրություն դարձնենք հետևյալ փաստին. 20 տարի առաջ Հայաստանում ՀՆԱ-ի աճի նույն տեմպն ապահովվել է առանց ապաշրջափակման գաղափարի, իսկ ավելի ճիշտ՝ տրանսպորտային խուլ շրջափակման պայմաններում։ Օրինակ, 2002 և 2003 թվականներին երկրի ՀՆԱ-ն աճել է 27%-ով։ Մեկ այլ օրինակ. 10 տարի առաջ՝ 2011-ին և 2012-ին ՀՆԱ-ն ընդհանուր հաշվարկով աճել է 21%-ով։

Երրորդ օրինակը. երկու տարի առաջ՝ 2018-2019-ին այդ ցուցանիշն աճել է 16%-ով։ Իհարկե, այդ ամենը 30% չէ, բայց կրկնեմ՝ նման ցուցանիշներ արձանագրվել են տրանսպորտային շրջափակման պայմաններում։ Իսկ հիմա ապաշրջափակումը բերելու է ընդամենը 30%։ Համաձայնեք, ողորմելի շահաբաժին։ Մանավանդ եթե ՀՆԱ-ի աճը դիտարկենք երկրի սոցիալ-տնտեսական կյանքի տեսանկյունից, նայենք, թե ինչ կտա ՀՆԱ-ի աճը պետական գանձարանին։ Եվ այստեղ պատկերը, ուղիղն ասենք, առանձնապես ոգևորող չէ։

Բանն այն է, որ այսօր ՀՆԱ-ի հարաբերակցությունը բյուջեի հարկային եկամուտների հետ կազմում է 23%-ից էլ պակաս։ Դա նշանակում է, որ եթե երկու տարվա ընթացքում ՀՆԱ-ն ավելանա 30%-ով և հասնի մոտ 16 մլրդ դոլարի, ապա երկրի բյուջեին դա կբերի 3,5 մլրդ դոլարից քիչ ավելի։ Եվ դա այն դեպքում, երբ ընթացիկ տարվա բյուջեի եկամուտները նախատեսված են 3 մլրդ 70 մլն դոլարի մակարդակով։ Այսպիսով, Հայաստանի ապաշրջափակման էպոպեայից պետական գանձարանը երկու տարվա ընթացքում կարող է ստանալ ընդամենը 500 միլիոն դոլար։ Պարզապես ծիծաղելի է հաղորդակցության ապաշրջափակման այդօրինակ արդյունքը համարել էական ու համարժեք։

Ակնհայտ է, որ իրականում հաղորդակցության ապաշրջափակման կողմնակիցներն ամեն գնով փորձում են իբրև այդ գործընթացի բերած ահռելի շահ ներկայացնել ՀՆԱ-ի սովորական բնական աճը։ Եվ ոչ ավելին։ Ընդ որում ակնհայտ է նաև, որ հանուն այդօրինակ մտացածին շահաբաժինների երկիրը ենթարկվում է թուրք-ադրբեջանական կապիտալի ազդեցության տակ հայտնվելու վտանգի, որը նույն երկու տարում հանգիստ կարող է կուլ տալ հայկական տնտեսության մնացորդները։ Ուրեմն արժե՞ արդյոք արդյունքը ջանքերին։