ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏՆԵՐԸ ԽԼԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌԹԻՎ ՊԵՏՔ Է ՀԱՐՈՒՑՎԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ, Դավիթ Բեկ, Որոտան գյուղերի բնակիչների տները խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո առանց որևէ փաստաթղթային ձևակերպման Ադրբեջանի վերահսկողության տակ են հանձնվել մի շարք բնակավայրեր, իսկ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է «GPS»-ով, թեև առ այսօր պարզ չէ, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար։
Անօրինական սահմանազատման աշխատանքների պատճառով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել նաև Սյունիքի մարզի Շուռնուխի տներից մի քանիսը, Կապանի ավտոճանապարհի մի մասը և մի շարք այլ վայրեր։ Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոտնձգությունների մասին ահազանգել են նաև համայնքների ղեկավարները։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ նշելով, որ ադրբեջանցիների գործողություններում առկա են նախ առնվազն ավազակային հարձակման հատկանիշներ, սակայն վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել՝ նշելով, որ դա ՀՀ իրավապահների ենթակայության ներքո չէ: Փաստաբանները սույն որոշման դեմ բողոք են ներկայացրել դատարան, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից բավարարվել էր: Հատկանշական է, որ, թեև դատարանը կայացրել էր, այսպես ասած, հայանպաստ որոշում, իրավապահ մարմինները՝ ի դեմս դատախազության, հրաժարվել էին քրեական գործ հարուցել՝ վիճարկելով դատական ակտը։
Այդուհանդերձ, Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը, ինչը նշանակում է, որ որոշման՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործ կհարուցվի։