Պուտին. Միգրացիոն ճգնաժամը ստեղծել են հենց Արևմուտքի երկրները

Արևմուտքի պետություններն են ստեղծել միգրացիոն ճգնաժամը։ Այս մասին «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի հաղորդավար Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չպետք է մոռանանք, թե որտեղից է ծագել միգրանտների հետ կապված ճգնաժամը։ Այդ խնդիրների բացահայտողը Բելառո՞ւսն է ։ Ո՛չ, խնդիրը ստեղծել են հենց արևմտյան երկրները, այդ թվում՝ եվրոպական երկրները։ Դրանք կրում են ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական, ե՛ւ տնտեսական բնույթ»,-ասել է Պուտինը։

Պուտինը հույս է հայտնել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը շուտով հեռախոսազրույց կունենան։

«Ինչպես ես հասկացա, Ալեքսանդր Լուկաշենկոն և Անգելա Մերկելը պատրաստ են խոսել միմյանց հետ։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս: Սա ամենակարևորն է, քանի որ միգրանտները հիմնականում Գերմանիա են գնում»,- ասել է Պուտինը:

Պուտինն ասել է, որ առաջին հերթին ցավում է միգրանտների երեխաների համար, ովքեր գտնվում են Բելառուսի և Լեհաստանի սահմանին։

«Մարդասիրական բնույթի հարց է։ Անկեղծ ասած, երբ նայում եմ, առաջին հերթին երեխաներին եմ խղճում»,-ասել է Պուտինը։    

«Մարդասիրական խնդիրները պետք է առաջնահերթ լինեն։ Բայց երբ Բելառուսի և Լեհաստանի սահմանին լեհ սահմանապահները և զինված ուժերի ներկայացուցիչները ծեծի են ենթարկում այդ պոտենցիալ միգրանտներին, կրակում են նրանց գլխին մարտական զենքով, երբ այդ վայրերում գտնվում են երեխաներ ու հղիության վերջին ամիսներին գտնվող կանայք, այդ ամենը կարծես չի համապատասխանում հումանիզմի գաղափարներին, որոնք, իբր, ընկած են մեր արևմտյան հարևանների ողջ քաղաքականության հիմքում»,-շարունակել է ՌԴ նախագահը։

Պուտինն ասել է, որ ոչ մի ռուսական ավիաընկերություն չի տեղափոխում միգրանտների՝ կապված Բելառուսի և Լեհաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ։

Նախագահի խոսքով՝ միգրացիոն ճգնաժամի լուծումը պետք է գտնել թե՛ Բելառուսի, թե՛ ԵՄ շահերից ելնելով, տեղեկացնում է News.am։