ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԵՐԵՎԱՆՆ Է

Պատերազմում մեր պարտության առաջին տարելիցը «նշանավորվում» է թշնամու դիրքերն ամրապնդող նոր գործողություններով՝ Գորիս-Կապան ճանապարհի փաստացի ամբողջական զիջում թշնամուն, քաղաքացիական զոհ Շուշիի մատույցներում, կրակոցներ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ուղղությամբ, հայ և ադրբեջանցի զինծառայողների ձեռնամարտեր Սև լճի շրջակայքում։ Ստացվում է՝ նոյեմբերի 9-ից մեկ տարի անց որևէ մեխանիզմ առկա չէ՝ Ադրբեջանին ստիպելու կատարել եռակողմ հայտարարության դրույթները։

Ռուսական միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են Ադրբեջանի շահերին, նախևառաջ՝ տարածքների հանձնումը, ոսկերչական ճշգրտությամբ, դեռ մի բան էլ ավելին, իրականացվել են։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունները ևս իրագործման փուլում են։ Իսկ հայկական կողմը մեկ տարի անց չի կարողանում հասնել գերիների վերադարձի դրույթի կյանքի կոչմանը, ավելին՝ չի էլ փորձում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների և զոհերի թեմայով միջազգային աղմուկ բարձրացնել՝ ըստ ամենայնի պատասխանատվությունն ամբողջապես դնելով ռուսական խաղաղապահ զորակազմի վրա։

Ո՞վ պիտի անի մեր գործը, եթե ոչ մենք։ Միջազգային հարթակներում առկա հակաթուրքական և հակաադրբեջանական տրամադրությունները ճիշտ հունով ուղղորդելու, դրանք մեր օգտին կապիտալիզացնելու համար պահանջվում է համառ և հերոսական աշխատանք դիվանագիտական ճակատում։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին ընթերցմամբ ոչ միայն Հայաստանի իրական շահերի հետ կապ չունի և որևէ կերպ չի սպասարկում հայկական օրակարգը, այլև, հաշվի առնելով դրա ընդունման քաղաքական պատեհությունը, անարգանք է մեր անմեղ զոհերի հիշատակին։

Միջազգային կազմակերպությունները, դրանց խորհրդարանական վեհաժողովները, այլ երկրների խորհրդարաններն այսօր մեր «ռազմաճակատը» պիտի դառնային, որ ԵԽԽՎ բանաձևում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին «Ղազանչի» թյուրքական անվամբ չկոչվեր։ Եթե մեր դիվանագետներն ու քաղաքական գործիչներն ունենային մեկ տարի առաջ մարտադաշտ մեկնած իրենց հայրենակիցների խիզախության և անձնվիրության չնչին մասը, վստահաբար Արցախի շուրջ միջազգային պատկերն անցած մեկ տարում այլ կլիներ։

Հայաստանն, օրինակ, կողմնորոշվե՞լ է, թե ինչ պահանջներ է ներկայացնում իր անդամակցած միջազգային կազմակերպություններին, մյուս կողմից՝ ճշգրտե՞լ է իր պայմանագրային պարտավորություններն այդ կառույցներում, օրինակ՝ ՀԱՊԿ-ում։ Եթե առաջին պատերազմի ընթացքում, դրան հաջորդած տասնամյակներին՝ հարաբերական խաղաղության պայմաններում, Հայաստանը միջազգային անվտանգության որոշակի երաշխիքներ ուներ, իսկ ազգային բանակը մեր ֆիզիկական գոյության ամենաամուր երաշխիքն էր, ի՞նչ ունենք այսօր։

Ոչ մի ազդեցիկ պետություն մեզ չի աջակցում, միջազգային հանրությունն օրեր առաջ շնորհավորում էր Ադրբեջանին նոյեմբերի 9-ի առիթով, Հայաստանը քաղաքական մեկուսացման մեջ է, մյուս կողմից՝ բանակն ամենևին չի վերականգնել իր մարդկային, նյութատեխնիկական ու բարոյական կորուստները։

Պատերազմի ավարտից հետո Հայաստանն ավելի մեծ հետևողականությամբ պետք է աշխատեր Արցախի լիարժեք միջազգային ճանաչման ուղղությամբ, ցույց տար աշխարհին, որ 44-օրյա պատերազմը տարբերվում է նախկիններից Թուրքիայի ուղղակի մասնակցության առումով, կոպտորեն ոտնահարվում է միջազգային մարդասիրական իրավունքը, տեղի են ունենում լայնածավալ ռազմական հանցագործություններ։ Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանախումբը, սակայն, այս ամենը փաստական բազայի վերածելու, զեկույցներ կազմելու, դրանք միջազգային կազմակերպություններին շարունակաբար ուղարկելու փոխարեն՝ զբաղված է թշնամու հետ խաղաղ գոյակցության մտացածին թեզի քարոզչությամբ։