ԱԹԱԹՈՒՐՔԻ ԿՏԱԿՆ ՈՒ ԴՐԱ ՀԱՅ ԻՐԱԳՈՐԾՈՂԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարեց, որ երկու տարի անց՝ Թուրքիայի հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի ժամանակ, իր երկիրը պետք է ոչ թե տարածաշրջանի, այլ աշխարհի քաղաքական և տնտեսական առաջատարներից մեկը լինի։ Նա հիշեց Մուստաֆա Քեմալի մղած մարտերը Կովկասում՝ պնդելով, որ այսօր իրենք Ադրբեջանում և առհասարակ Կովկասում, ասել կուզի՝ Հայաստանում, իրագործում են Աթաթուրքի կտակը՝ կերտելով թուրք ժողովրդի պայծառ ապագան։

Մինչդեռ որոշ պարզամիտներ, այդ թվում՝ քաղաքական շրջանակներ, 44-օրյա պատերազմն ու մեր շարունակվող պարտությունը ներկայացնում են բացառապես որպես հայ-ադրբեջանական դիմակայություն։ Փաստ է, որ Ադրբեջանն ընդամենը գործիք է թուրքական վաղեմի քաղաքականության իրագործման հարցում։ Էրդողանը՝ Թուրքիայի պատմության վերջին տասնամյակների թերևս ամենաազգայնական նախագահը, սանձարձակ պանթուրանական նկրտումներ ունի, և դրանց բարձրաձայնումն անգամ որևէ գործուն միջազգային հակազդեցություն չի ծնում։

Թուրքական նեոկայսերական քարտեզներում, այսինքն՝ ապագա Թուրանը պատկերելիս, Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան ներկված են նույն գույնով՝ իբրև մեկ պետություն կամ համադաշնություն։ Պարզ է, որ Հայաստանը ևս թուրք ազգայնականների երազած նոր Օսմանյան կայսրության կազմում է։ Ընդ որում, և՛ Անկարայի, և՛ Բաքվի համար առանձնապես կարևոր է Հայաստանի հարավի՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զավթումը, ինչը թույլ կտա անարգել կապել իրար Ադրբեջանը, Նախիջևանն ու Թուրքիան։

Սյունիքի նվաճումը, սակայն, ոչ թե բլիցկրիգով է իրագործվում, այլ անարյուն՝ հայաստանյան իշխանությունների հետ բանավոր փոխըմբռնումներով։ Անցած մեկ տարում այդ տրամաբանությամբ արդեն իսկ հանձնվել են Կովսականն ու Որոտանը, Գորիսն ու Կապանը դարձել են սահմանապահ համայնքներ, այդ քաղաքներն իրար կապող մայրուղին տրվել է թշնամուն, իսկ մի քանի հայկական գյուղ հայտնվել է փաստացի ադրբեջանական շրջափակման մեջ։

Եթե ամիսներ առաջ խոսվում էր Արաքսի հովտով՝ Մեղրու շրջակայքում, Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցության ձևավորման հնարավորության մասին, հիմա արդեն թշնամի պետությունների ախորժակն ավելի մեծ է և վերաբերում է Հայաստանի ամբողջ հարավին։ Անգործունակ իշխանության գոյության պայմաններում այդ սցենարի իրականացման միակ հնարավոր խոչընդոտը կարող էր լինել Իրանի և Ռուսաստանի շահերի հետ դրա ակնհայտ բախումը, բայց այդ երկու ուժային կենտրոններից եկող դիմադրության ազդակները վերջին շրջանում ամենևին գոհացուցիչ չեն։

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դեպքում անկլավացման վտանգը, Սյունիքի գյուղերի պես, սպառնալու է նաև Արցախի՝ մեզ մնացած հատվածին։ Էլ չասած, որ ադրբեջանական հավակնություններն առկա են նաև Սևանի ավազանի նկատմամբ։ Պատերազմի ընթացքում Արցախի հյուսիսի անարդյունք գրոհով թշնամին փորձում էր դուրս գալ դեպի Քարվաճառ և Սոթք, որ հետագայում հնարավորություն ունենա իրենով անելու նաև Վարդենյաց լեռնանցքն ու անարգել զավթելու Վայոց ձորն ու Սյունիքը։ Սևանի ավազանի վրա Ալիևի առանձնահատուկ ֆիքսվածությունը հենց այս ռազմավարական հանգամանքով է պայմանավորված։

Պատերազմով, սակայն, Ալիևը չկարողացավ անգամ չնչին առաջխաղացում ունենալ Քարվաճառի ուղղությամբ՝ իսպառ տապալելով բոլոր գրոհները։ Հայոց միջնաբերդ Քարվաճառը հանձնվեց պատերազմից հետո՝ անարյուն և առանց մեկ կրակոցի։ Հյուսիս-արևելքում զավթելով նաև Մատաղիսի ջրամբարը, մոտենալով Սարսանգի ջրամբարին, տիրանալով Քարվաճառի ջրային ակունքներին՝ Ադրբեջանն այդկերպ փորձեց լուծել նաև իր կենտրոնական շրջաններում առկա խմելու և ոռոգման ջրի պակասը լրացնելու խնդիրը։ Ի վերջո, ցանկացած ներադրբեջանական հարց կարելի է հանգիստ լուծել, երբ Հայաստանում կա թշնամի պետության շահերն ու օրակարգերն սպասարկող խամաճիկային իշխանություն։