ԿԱՊԱՆԸ ՀՈՒ՞ՅՍ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ
Կապան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնք հրապարակել է ԿԸՀ-ն, հաստատեցին ինչպես դիտորդների կանխատեսումները, այնպես էլ արդեն նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան ստացվող հաղորդագրությունները Կապանում իշխող ուժի ջախջախիչ պարտության մասին: «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հաղթանակը, որի ցուցակը գլխավորում է մարզկենտրոնի գործող ղեկավար Գևորգ Փարսյանը, առավել քան համոզիչ էր. 70,64% (11839 ձայն) ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի» 29,36%-ի (4922 ձայն)։
Ընդ որում ցուցանշական է, որ Կապանում գրանցվել է ընտրողների ռեկորդային բարձր մասնակցություն. գրեթե 64%: Ի տարբերություն նույն Իջևանի (37,43%, 12384 ընտրող՝ 33090-ից) և Ստեփանավանի (38,3%, 5107 ընտրող՝ 13333-ից), որտեղ ՔՊ-ին հաջողվել է հաղթել։ Փաշինյանի հայրենի Իջևանում իշխանությունը հաղթեց՝ հավաքելով ձայների 80,78%, ՀՅԴ-ն զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ձայների 15,87%-ով։ Ստեփանավանի ընտրություններում ՔՊ-ն հավաքել է ձայների 78,4%, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 13,8%, երրորդում՝ տեր-պետրոսյանական ՀԱԿ-ը՝ 4,25%:
Նշենք նաև ուշագրավ մի փաստ. Կապան համայնքի երկու գյուղերում՝ Հունոտում և Վանեքում Փաշինյանի կուսակցությունը չի հավաքել ոչ մի ձայն։
Այն մասին, որ Կապան համայնքի ընտրությունները մեծ նշանակություն ունեն թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար, շատ է գրվել ու խոսվել։ Կկարողանա՞ արդյոք համայնքի ճանաչված առաջնորդ Գևորգ Փարսյանը կրկնել Առուշ Առուշանյանի հաջողությունը, որը հոկտեմբերի 17-ին վերընտրվեց Գորիսի քաղաքապետի պաշտոնում՝ գտնվելով անազատության մեջ: Փարսյանը կարողացավ, այն էլ ինչպե՜ս։ Եվ Սյունիքի վարչական կենտրոնում ընդդիմադիր ուժերի այս հաջողությունն արձանագրվել է մարզում տիրող առավել քան տագնապալի իրավիճակի խորապատկերին, որտեղ բառացիորեն մի քանի օրում ադրբեջանցիները երկու մաքսակետ են տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին, փաստացի վերցնելով մայրուղու այդ հատվածներն իրենց վերահսկողության տակ՝ պաշտոնական Երևանի լուռ աջակցությամբ։
Ընտրությունների նախօրեին սկսեցին հաղորդագրություններ ստացվել, որ Կապանը բառացիորեն հեղեղված է ոստիկաններով ու «կարմիր բերետավորներով»: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին Փաշինյանի կողմից բոլոր ռեսուրսների առավելագույն գործարկման մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հոկտեմբերի 30-ին հայտարարեց ստացված ահազանգերի մասին, որ դպրոցների տնօրենների վրա ճնշում է գործադրվում՝ իշխող ուժի օգտին աշխատելու պահանջով, հակառակ դեպքում նրանց սպառնում էին հեռացնել աշխատանքից։ Իշխանությունը վա-բանկ էր գնում՝ շատ լավ հասկանալով Կապանի ընտրությունների արդյունքների նշանակությունը և գործի դնելով իր տրամադրության տակ եղած օրինական ու ապօրինի բոլոր միջոցները։
Այդուհանդերձ Փարսյանը հաղթեց ահռելի առավելությամբ։ Դրան նպաստեցին մի քանի գործոններ, այդ թվում քաշային կարգերի տարբերությունը նրա և ՔՊ-ի թեկնածուի՝ 29-ամյա նկարիչ-ուսանող Դավիթ Դանիելյանի միջև, Փարսյանի անձնական հեղինակությունը, ինչպես նաև մարզում տիրող առավել քան մտահոգիչ իրավիճակը։ Իշխանության գործադրած սաստիկ ճնշումը, ամենաիսկական հոգեբանական տեռորը անզոր գտնվեցին ողջախոհության, քաղաքացիների ինքնապահպանման բնազդի և Սյունիքի ու Հայաստանի գլխավերևում կախված գոյաբանական սպառնալիքի գիտակցման առջև։
Այսպիսով, երկրի համար առանցքային մարզում, որտեղ, բազմաթիվ դիտորդների կարծիքով, այսօր վճռվում է պետության ճակատագիրը, տեղական ընտրությունների արդյունքներով ստեղծվում է անմիանշանակ իրավիճակ. երկու կարևորագույն համայնքներում՝ Գորիսում ու Կապանում իշխանության ղեկին են ընդդիմության ներկայացուցիչները, ընդ որում նրանցից մեկը դեռևս կալանավորված է: Սոցցանցերում արդեն կարծիքներ են հնչում, որ Փաշինյանը ինչ-որ բան կհորինի նաև Գևորգ Փարսյանին շարքից հանելու համար, քրեական գործ սարքելով նրա դեմ ու փակելով ճաղերի հետևում: Հիշեցնենք, որ ամռանը իշխանություններն արդեն ձեռնարկել են նման փորձ, սակայն Գլխավոր դատախազությունը մերժեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով քրեական գործի հարուցումը։ Թե կրկին կդիմի արդյոք Փաշինյանը այդ քայլին՝ ստեղծված պայմաններում և այսչափ համոզիչ հաղթանակի խորապատկերին, ցույց կտա ժամանակը, բայց Առուշանյանի հետ կապված իրավիճակը վկայում է, որ ռեժիմի պարագլուխը պատրաստ է ամեն ինչի՝ Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունները կատարելու և սեփական իշխանությունը պահպանելու համար։
Այո, Փաշինյանը տանուլ տեվեց մարտը Գորիսում ու Կապանում, փոխարենը շահելով հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին այլ խոշոր համայնքներում։ Հետաքրքիր է, որ Գորիսում և Կապանում ընդդիմությունը ներկայացված էր այլ՝ ոչ խորհրդարանական ուժերով, թեև Առուշ Առուշանյանն ավելի վաղ ընտրվել էր պատգամավոր՝ «Հայաստան» դաշինքի կազմում։ Թե որքանով է օրինաչափ, որ իշխանությունը պարտվեց սյունյաց առանցքային համայնքներում, որտեղ բնակչությունը սեփական մաշկի վրա է զգում անվտանգությանը սպառնացող իրական վտանգը, կարծում ենք, ասելն ավելորդ է, թեև Կապանում իշխող ուժի հավաքած գրեթե 5000 ձայները նույնպես մտածելու տեղիք են տալիս։
Թե ինչ նշանակություն կունենա ընդդիմության, այն էլ արմատական ազգայնական ուժի՝ «Շանթ դաշինքի» հաղթանակը, կրկին իսկ պարզ կդառնա առաջիկայում։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար և Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կարծիքով՝ Փաշինյանի իշխանազրկումը կսկսվի հենց Սյունիքի մարզից։
«Կապանի խոշորացված համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ողջ գործընթացները ղեկավարվել են անձամբ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի կողմից։ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին տրամադրել է միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ (սուբվենցիոն ծրագրեր դրանք կոչելով), վարչական անսահման ռեսուրսներ, ոստիկանական պահանջված ուժեր, սակայն ընտրություններում նրանք ընդդիմադիր թեկնածուից կրել են ջախջախիչ պարտություն (71%-ը 29%-ի դիմաց տարբերությամբ)։
Գորիսում՝ բանտում նստած թեկնածուն կարողացավ առաջին փուլով ջախջախիչ կերպով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթել, երբ ընտրությունների կազմակերպման պատասխանատուն նախկին փոխվարչապետ, սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարման հավակնություններ ունեցող Տիգրան Ավինյանն էր։ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը սկսվելու է Սյունիքից։ Նիկոլ Փաշինյանը շրջապատված է թույլ և պարտված թիմակիցներով։ Այս ընտրությունները ցույց են տալիս, որ նա հանրային հեղինակություն և վստահություն չի վայելում։ Նա մենակ է, նա իրենից ոչինչ չի ներկայացնում, նրա կործանմանը և մեր երկրի փրկությանը շատ քիչ ժամանակ է մնացել», - վստահ է Ղազարյանը։
Իրական հիմքեր կա՞ն արդյոք նման լավատեսության համար։ Շատ կցանկանայինք հավատալ դրան...