Ադրբեջանը կրակել է Գեղարքունիքի ուղղությամբ

Ադրբեջանը կրակոցներ է արձակել նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը:

«Այս պահին ուժեղ կրակոցներ չկան, բայց ունեցել ենք կրակոցներ, Սոթքի ոսկու հանքի աշխատողներին իջեցրել ենք ներքև, բայց ադրբեջանցիների կողմից շատ մեծ կուտակումներ կան», - ասաց նա:

Հակոբ Ավետյանը նշեց, որ արդեն երկու ժամ է` հանքը դադարեցրել է աշխատանքը, որովհետև կրակոցները հենց այդ հատվածում են եղել:

«Կուտակումներն արդեն վտանգ են ներկայացնում: Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ է լինելու, հուսանք` լավ կլինի, բայց դե, կուտակումները լավ բան չեն հուշում», - նշեց գյուղապետը:

Նա ասաց, թե կրակոցներ եղել են նաև Նորաբակի հատվածում, իսկ կուտակումներ Գեղարքունիքի սահմանային ամբողջ հատվածում է:

Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե երբ հասկացել են, որ ստեղծվում է լարված իրավիճակ, որոշում են կայացրել դադարեցնել հանքի աշխատանքն ու տարհանել աշխատողներին:

«Տվյալ պահին հանքավայրում մարդ չկա»,-ասաց նա: