ՆԻԿՈԼ ԻՋԵՎԱՆՑՈՒ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐԸ

Պաշտպանության նախարարությանը ներկայացնելով գերատեսչության նոր ղեկավարին՝ Փաշինյանը պահանջել է, որ ոչ ոք չկասկածի. երկրի կառավարությունը հստակ տեսլական ունի, թե ինչպես պաշտպանել երկիրը ռազմավարական մարտահրավերներից և դուրս բերել բարգավաճման ուղի:

Նիկոլը հստակ տեսլական ունի... Վստահ եմ, նրան չեն հավատում անգամ իր իսկ կառավարության ողջամիտ անդամները։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ սա Նիկոլ Իջևանցու բնավ առաջին «տեսլականը» չէ։ Եվ նախորդներից ոչ մեկը ոչ մի օգուտ չի բերել ո՛չ Հայաստանի ժողովրդին, ո՛չ էլ հայոց պետականությանը։

Տարբեր տեսլականներ է ունեցել Նիկոլը։ 2008-ին, օրինակ, նա տեսիլք էր ունեցել, որ ինքը ապստամբության ղեկավար է, և ահավասիկ հրամաններ էր տալիս, օժանդակ ուժեր ուղարկում... Այդ տեսիլքն ավարտվեց 10 մարդու մահով։

Հետագայում էլ Փաշինյանը բազմաթիվ այլ տեսլականներ է ունեցել։ Մի անգամ նրան տեսիլք այցելեց, թե ինքը պետական պանծալի այր է, և սկսվեց երկրի կործանման գործընթացը։ Նիկոլը տեսլական ունեցավ, թե ամեն գնով պետք է նստեցնի Քոչարյանին, իր մարդկանց մտցնի Սահմանադրական դատարան, թե տնտեսական աճ կա, կա սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձություն, իսկ զբոսաշրջության զարգացման համար պետք է արմատից հատել «նախկին» պտղատու այգիներն ու տնկել կառավարության տրամադրած սերտիֆիկացված տնկիներ։

Նրա աչքին երևաց, թե անցկացնելու է դատական մեծ բարեփոխում, թե ինքը մեծ զորավար է և կարող է հաղթել պատերազմում, թե իր կառավարությունը հաղթել է կորոնավիրուսին: Նույն այն վիրուսին, որից մենք արդեն երկու անգամ ավելի շատ կորուստներ ունենք, քան պատերազմից։

Նիկոլի ձախողված տեսլականները կարելի է թվարկել ու թվարկել... Իմաստ ունի՞։ Ինչ վերաբերում է վերջինին, որի մասին նա բարբառեց ՊՆ-ում, դա բլեֆ է։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։

Վերջին կադրային փոփոխությունների հետևում կանգնած է ոչ թե «տեսլականը», այլ Իլհամ Ալիևի որոշումը։ Արշակ Կարապետյանի Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես եկավ խիստ հայտարարությամբ և նախազգուշացմամբ։ Դա հրահանգ էր Նիկոլին՝ հեռացնել Արշակին, որպեսզի ոչ ոք այլևս չհանդգնի կրկնել նրա «սխրանքը»։ Միանգամից հեռացնել Փաշինյանը չէր կարող, կապը շատ ակնհայտ կլիներ։ Եվ նրան օգնության եկավ Ալիևը՝ գրավելով նոր դիրքեր, որպեսզի Նիկոլի համար ավելի հեշտ լինի հիմնավորել նախարարի հրաժարականը։

Ինչ վերաբերում է ռազմական ոլորտի հետ առնչություն չունեցող Պապիկյանի նշանակմանը, ապա այստեղ էլ տեսլականները կապ չունեն։ Սոցիալական ցանցերում արդեն հիշել են այն պատմությունը, թե ինչպես Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոյին հաղորդեցին, որ կառավարությունում իր տեղակալներից մեկն աշխատում է ամերիկյան ԿՀՎ-ի օգտին։ Նրա հետ անկեղծ զրույցում Տիտոն հետաքրքրվեց. ո՞րն է գլխավոր առաջադրանքը, որ տվել են հավաքագրվածին ամերիկացիները։ Եվ իմացավ, որ գլխավոր հրահանգը պաշտոններում ոչ պրոֆեսիոնալ մարդկանց նշանակելն էր։ Պարզ է, ինչպես ամեն հանճարեղ բան. դա է պետության ոչնչացման լավագույն բաղադրատոմսը։

Հիշենք նաև, թե ինչպես էր տարեսկզբին Ալիևը վրդովվում հայկական բանակի վերազինման ծրագրերի կապակցությամբ։ Եվ խոսում այն մասին, թե Հայաստանին բանակ պետք չէ։ Պապիկյանի նշանակումը պետք է դիտարկել այս համատեքստում. ուրիշ ո՞ւմ կարող էր վստահել Նիկոլը զինված ուժերի դագաղի կափարիչին վերջին մեխը մխելու իրավունքը, եթե ոչ հավատարիմ թիմակցին։

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ։ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ։ Սա ամենևին էլ հուզական կանխատեսում չէ։ Սա Բաքվի համակարգված և հստակ գործողությունների գնահատականն է, որոնք վկայում են, որ այնտեղ տիրապետում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին ողջ տեղեկատվությանը. առաջնագծում խրամատների խորությունից մինչև քաղաքական բարձրագույն էշելոնում ընթացող կողասրահային խոսակցություններ։ Եվ այստեղ տեղին է հիշել այն հարցը, որ իր ասուլիսներից մեկում տվեց Ռոբերտ Քոչարյանը. ինչո՞ւ էր պատերազմի ժամանակ Բաքուն ռմբակոծում Արցախի և՛բժշկական, և՛ մշակութային օբյեկտները, ռմբակոծում դիպուկ նշանառությամբ, բայց ոչ մի արկ մոտ անգամ չընկավ նախագահական նստավայրին, որտեղ կային երևանյան բազմաթիվ «հյուրեր»։ Ո՞ւմ էին խնայում թուրքական անօդաչու սարքերը։

Ասվածի արդյունքներով, կրկնում եմ, կանխատեսումն անմխիթարական է։ Եթե կատարվող ամենին նայենք կողքից ու առանց հույզերի, ապա սա շատ նման է պետության հոգեվարքի։ Պետության, որը գտնվում է արտաքին կառավարման տակ։ Եվ այդ արտաքին կառավարումն իրականացվում է բնավ ոչ Մոսկվայից։

Հնարավոր է, որ հենց վերոնշյալ հարցերի պատասխանների իմացությունն էլ թույլ տվեց Էրդողանին վերջերս հայտարարել, որ այն ճանապարհը, որը Բաքուն ձգում է դեպի Հայաստանի սահման, իր շարունակությունը կստանա դեռևս հայկական տարածքով։ Եվ եթե նման իրավիճակը շարունակվի ևս մեկ-երկու տարի, ապա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մտածել են Բաքվում ու Անկարայում. դեպի Նախիջևան «միջանցք» կլինի, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդիր՝ ոչ:

Միգուցե իրականում հենց դա՞ է Նիկոլի հերթական «տեսլականը»։ Իշխող կուսակցության պատգամավորներն ու թիմի մյուս բոլոր անդամները պետք է լրջորեն մտածեն. պատրա՞ստ են արդյոք շարունակել կիսել իրենց առաջնորդի «տեսլականները»։

Основная тема:
Теги: