ԱՐՑԱԽԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՆԿԼԱՎԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

1994-ից մինչև 2020-ը ազատագրված յոթ տարածքներն Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման կարևորագույն կռվանն էին։ Հայաստանի բանակցային դիրքորոշումը հիմնված էր Արցախի կարգավիճակի կենսական բնույթի, Ադրբեջանի կողմից դրա հետ համակերպման, որպես փոխհատուցում՝ ազատագրված տարածքների կամ դրանց մի մասի զիջման վրա։ Քանի որ Բաքուն շարունակաբար մերժում էր Արցախին իր կազմից դուրս որևէ կարգավիճակ տալու հնարավորությունը, ազատագրված տարածքները շարունակում էին մնալ մեր վերահսկողության ներքո, միաժամանակ ապահովում էին Արցախի բնակավայրերի հուսալի պաշտպանությունը:

Պատերազմում եվ եռակողմ հայտարարությամբ իր համար ցանկալի ելքից, այն է՝ ազատագրված բոլոր տարածքների զավթումից և անգամ նախկին ԼՂԻՄ-ի մի մասի օկուպացիայից հետո Ալիևը ծայրահեղացրել է դիրքորոշումը՝ իր խոսքերով փակելով կարգավիճակի հարցը, թեև խաղաղ բանակցություններում դա հենց Բաքվի փոխզիջումը պիտի լիներ։ Հայաստանի ներկա իշխանության համար ևս Արցախի կարգավիճակի և անկախության հարցն առաջնային չէ, ավելին՝ նույնիսկ օրակարգային չէ։

Բնականաբար, Ադրբեջանը երբեք չի համաձայնելու անգամ Արցախի՝ մեզ մնացած հատվածի որևէ միջազգային կարգավիճակին, այն դեպքում, երբ պատերազմի ավարտից հետո մենք փաստաթղթավորված դուրս ենք եկել մնացյալ ազատագրված տարածքներից՝ Քարվաճառից, Ակնայից և Քաշաթաղից, անգամ եռակողմ հայտարարությամբ չնախատեսված Կովսականի և Որոտանի մի մասից։

Թուրքիայի և Ադրբեջանի դեմ այս փուլում առկա միջազգային կոնսենսուսի արդյունքում միգուցե և Փարիզը կամ Վաշինգտոնը խոսեն Արցախի կարգավիճակի կարևորության մասին, բայց իրական քաղաքականության առումով դա առոչինչ է։ Փաշինյանական վարչակարգը հրաժարվում է այդ հարցն իր արտաքին քաղաքական օրակարգ բերելուց, Ադրբեջանը երբևէ չի ստորագրելու Արցախի կարգավիճակին վերաբերող որևէ փաստաթուղթ, իսկ ահա ազատագրված տարածքների վերահսկումը հայկական բանակի կողմից այն միակ իրական երաշխիքն էր, որը թույլ էր տալիս ճնշում գործադրել թշնամու վրա և մոտենալ բաղձալի փոխզիջմանը։

Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ևս ազատագրված տարածքների զիջումը ռազմական անվտանգության լրջագույն սպառնալիքներ է ստեղծել։ Արցախա-ադրբեջանական նոր առաջնագծի ձևավորմամբ, Հայաստանի և Արցախի միջև թշնամական վիհի առաջացմամբ զգալիորեն երկարել է մեր ճակատը, անհամեմատ դժվարացել է զորքերի մատակարարումը, հարյուրավոր բնակավայրեր դարձել են սահմանամերձ ու սահմանապահ, երեսուն տարի շարունակ անվտանգ և խաղաղ ապրած սյունեցիներն ու գեղարքունիքցիները հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Ամենացավալին տեղաբնակների վստահության ճգնաժամն է սեփական զինուժի հանդեպ, երբ ստիպված գյուղացիներն իրենք են ստանձնում բնակավայրերի պաշտպանությունը։

Տարիներ շարունակ բանակցությունների հիմքում դրված «5+2» ձևաչափով ազատագրված տարածքների զիջման իմաստը հենց Հայաստանի և Արցախի միջև հուսալի ցամաքային կապը չկորցնելն էր՝ այն հաշվարկով, որ Բաքուն չի ճանաչելու Արցախի վերջնական կարգավիճակը, և Քարվաճառն ու Քաշաթաղը մնալու են հայկական։ Այսօր Հայաստանի և Արցախի միակ կապող օղակի՝ Բերձորի միջանցքի գլխին ևս կախված է թշնամական անցակետի տեղակայման սպառնալիքը, էլ չասած, որ եռակողմ պայմանավորվածության դրույթներից մեկով՝ պետք է բոլորովին նոր ճանապարհ կառուցվի, որի դեպքում Գորիս-Ստեփանակերտ մայրուղու նկատմամբ հսկողությունը ևս կկորցնենք։

Դա նշանակելու է Արցախի վերջնական անկլավացում, ապա և՝ հայաթափում ու թյուրքացում։