ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ՋՐԱՆՑՈՒՅՑԻ ՀԵՏՔԵՐ ԵՆ ԳՏԵԼ

Հնագույն Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ, որի ավերակները գտնվում են ժամանակակից Հայաստանի տարածքում, հնագետները ամենաարևելյան հնագույն հռոմեական ջրանցույցի (акведук) հետքեր են գտել։ Այն կառուցել են II դարի սկզբին՝ կայսրության ծաղկման շրջանում, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Archäologischer Anzeiger գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին։

«Մեր գտածոն վկայում է, թե հռոմեացիները որքան մեծ ջանքեր են գործադրել կայսրության նոր նահանգի ապագա մայրաքաղաքի ենթակառուցվածքների համար։ Դրա կառուցումը չի ավարտվել այն պատճառով, որ Ադրիանոս կայսրը 117 թվականին Տրայանոսի մահից հետո նահանջել է Հայաստանից»,- ասել է աշխատության հեղինակներից մեկը՝ Մյունսթերի համալսարանի (Գերմանիա) գիտաշխատող Թորբեն Շրայբերը։

Մեր դարաշրջանի առաջին երկու դարերում ժամանակակից Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի և մի շարք այլ երկրների տարածքում Հռոմեական կայսրությունը և Պարթևական թագավորությունը պայքարել են տարածաշրջանում տիրապետության համար։ Հռոմը բազմիցս փորձել է գրավել Մեծ Հայքը, բայց միևնույն ժամանակ Արշակունիների տոհմի արքաները պաշտոնապես պահպանել են իրենց անկախությունը։ Իրավիճակը փոխվել է 114 թվականին, երբ Տրայանոս կայսեր զորքերը գրավել են հայոց թագավորության գրեթե ողջ տարածքը, որից հետո այն վերածվել է կայսրության բազմաթիվ նահանգներից մեկի։

Շրայբերը և նրա գործընկերները այս գործընթացի հետքերը հայտնաբերել են ժամանակակից հայկական Արտաշատ քաղաքի շրջակայքում կատարվող պեղումների ժամանակ։ Հնում այն եղել է Մեծ Հայքի մայրաքաղաքն ու խոշորագույն առևտրառազմական կենտրոններից մեկը։

Հնագույն քաղաքի հնարավոր սահմանները գտնելու համար գիտնականներն օգտագործել են օդից կատարված գեոմագնիսական դիտարկումներ։ Պարզվել է, որ Արարատյան դաշտում թաքնված են բազմաթիվ ձեռակերտ առարկաներ, որոնք գտնվում են միմյանցից հավասար հեռավորության վրա և շարված են 400 մետր երկարությամբ ուղիղ գծով։

Գիտնականները հետաքրքրվել են դրանով և ուսումնասիրել են այս օբյեկտներից մի քանիսը: Պարզվել է, որ դրանք իրենցից ներկայացնում են անավարտ հռոմեական ակվեդուկի կամարների բետոնե հիմքեր։ Դրանց ձևը կառուցվածքը և որոշ այլ առանձնահատկություններ ցույց են տվել, որ կամարները կառուցել են հռոմեացի ինժեներներն ու լեգեոներները:

Հողի նմուշների ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ շինարարությունը սկսվել է Տրայանոսի կառավարման վերջին տարիներին։ Եթե ջրատարը ավարտված լիներ, ապա դրա երկարությունը կլիներ 30 կիլոմետր՝ Արաշատը բաժանելով ջրի մոտակա խոշոր աղբյուրից՝ Վեդի գետի ակունքից։ Սա նրան կդարձներ իր տեսակի մեջ ամենաարևելյան հին հռոմեական կառույցը, ամփոփել են Շրայբերը և նրա գործընկերները:

News.am