ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵ՛Ք՝ ԲԱՔՈՒՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՐԵՎԱ՞Ն ԵՆ, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ

ՀՀ ճանաչված տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին շտապել է իր աջակցությունը հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Եվ դարձյալ՝ ոչ միայն չճանաչված Արցախի, այլև միջազգային ընտանիքի լիիրավ անդամ Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմը ողջունող միակ երկիրը Թուրքիան է։ Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում Անկարան այդպես էլ չկատարեց ՄԻԵԴ-ի սահմանած միջանկյալ միջոցը, ինչը ենթադրում էր պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նկատմամբ։

Սյունիքի տարածքի մի մասի ակնհայտ եվ անհերքելի զավթման ֆոնին հայաստանյան իշխանությունը, փոխանակ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու համար զեկույցներ ուղարկեր միջազգային կառույցներին, ռազմական ագրեսիայի անհերքելի փաստերի լրակազմը հրապարակայնացեր ի լուր աշխարհի, զբաղված է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին սպառնալով, թե այլ դաշնակից կգտնի։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարությունը պատեհ առիթ էր՝ միջազգային խոշորագույն այդ կառույցին հիմնավորապես ներկայացնելու Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասի ադրբեջանական էքսպանսիան, և այդ անքննելի փաստերի հիման վրա պահանջելու ՄԱԿ-ից պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Զուգահեռաբար՝ պաշտոնական Երևանը կարող էր շարունակաբար համալրել ՄԻԵԴ-ում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ բացված վարույթները։ Ճիշտ է, այդ դատավարությունները չէին կանգնեցնի պատերազմը, բայց կարող էին առնվազն զսպել թշնամուն։

Որևէ քաղաքական հայտարարություն, առավել ևս՝ երկու կողմերին ուղղված անդեմ կոչ, չի կարող փոխարինել միջազգային դատական ատյանի կայացրած ակտին, ինչպես, օրինակ, Կոսովոյի դեպքում։ Ի վերջո, Սերբիայի դեմ սահմանված միջազգային սանկցիաների իրավաքաղաքական հիմքը վավերագրված ցեղասպանությունն էր, և արևմտյան երկրները մեկտեղվեցին հավաքական ինքնապաշտպանության սկզբունքի առաջնայնության հիման վրա:

ՄԻԵԴ-ում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատները չեն կարող իրավաքաղաքական ընդունելություն գտնել, քանի դեռ հայաստանյան իշխանության պաշտոնական քարոզչությունը այդ երկու պետությունների խաղաղասիրության, ոչ թե նրանց իրագործած ռազմական հանցանքների մասին է։

Ի վերջո, որևէ միջազգային դատական ատյանում պետության դեմ կայացված որոշմանը պետք է հաջորդի քաղաքական կոնսենսուսի ձևավորումը՝ այդ պետության դեմ պատժամիջոցների սահմանումը։ Սակայն եթե դատավարական գործընթացն սկսվել է, և այդ երկու երկրները պաշտպանվողի դերում են, զուգահեռաբար՝ նրանց դեմ գանգատ ներկայացրած պետության ղեկավարը խոսում է ամեն գնով խաղաղության դարաշրջան բացելու մասին, Թուրքիային և Ադրբեջանին իրավաքաղաքական պատասխանատվության դաշտ բերելն անհնար կլինի։

Դեռևս 44-օրյա պատերազմի օրերին և դրան հաջորդած մեկ տարում Ադրբեջանի գործած տասնյակ ռազմական հանցագործությունները վավերագրված են, օրինակ՝ Հադրութում երկու հայ ռազմագերու հրապարակային գնդակահարությունը։ Ե՛վ միջպետական գանգատով, և՛ զոհերի բարեկամների անհատական հայցերով պետք է շարունակաբար անկյուն մղել Ադրբեջանին, այդ աղաղակող փաստերը ներկայացնել ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի դիտորդական խմբերին ու հանձնակատարներին։

Այլ երկրների խորհրդարանների բարեկամական խմբերին, միջխորհրդարանական վեհաժողովների հայամետ գործիչներին, Հայաստանի քաղաքական լոբբիզմով զբաղվող անձանց անհրաժեշտ են փաստական տվյալներ, ապացույցներ։ Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական կոչերն առոչինչ են, պետք է նախևառաջ գործարկել միջազգային դատաիրավական հարթակները և այդկերպ հասնել հաջողության։ Թուրքիայի ապացուցված ներգրավվածության հետևողական ներկայացման դեպքում Հայաստանը ևս կկարողանար հասնել այդ երկրի դեմ միջազգային սանկցիաների սահմանման, սակայն նախընտրում է երկխոսել ու խաղաղություն խաղալ Անկարայի հետ։