Ո՞Վ ԿԼՑՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՍՈՒՐԲ ՏԵՂԸ
Սյունիքի շուրջ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն այլևս չի դիտարկում հարավկովկասյան տարածաշրջանը իբրև բացառապես սեփական շահերի դրսևորման գոտի։ Ավանադաբար Մոսկվան այստեղ ծավալում էր իր ազդեցությունը, տարածում այն, մինչդեռ հիմա ակնհայտորեն զիջում է։ Հարավային Կովկասը, որը պատմաաշխարհագրական հանգամանքների բերումով ռուսաստանյան քաղաքական և տնտեսական էքսպանսիոնիզմի և նեոկայսերականության հենասյուներից էր, հետպատերազմյան իրականության մեջ այլևս այդպիսին չէ:
Տրամաբանորեն՝ սրան հետեվող հաջորդ հարցադրումն այն է, թե ինչ սահմաններում է Անկարան լցնում երկրաքաղաքական ազատված տարածությունը Մոսկվայի փոխարեն: Քանի որ որևէ այլ նկատելի ուժ տեսադաշտում չի ուրվագծվում, թվում է՝ նախևառաջ պետք է ապավինեինք մեր բանակին, պետական ինստիտուցիոնալ հիշողությանն ու Սփյուռքին։ Սակայն ցավոք՝ արտաքին դաշնակցի վարանման ֆոնին ազգային բանակը ևս իշխանությունից կասկածելի ուղերձներ է ստանում՝ նախ չկրակելու, ապա և որևէ գնով չգերեվարվելու, այն դեպքում, երբ այս երկու հրամաններն ինքնին իրար հակասում են։
Համազգային ներուժի և հնարավորությունների օգտագործման հարցում ևս Հայաստանը մոտ է պատմական հակառեկորդի։ Պատերազմի օրերին սփյուռքյան գաղթօջախները հարկադրում էին իրենց կառավարություններին դադարեցնել սպառազինությունների կամ դրանց բաղադրատարրերի առաքումն Ադրբեջանին, ճնշում էին գործադրում Բաքվի հետ գործակցող ռազմարդյունաբերական ընկերությունների վրա։ Պատերազմից մեկ տարի անց Սփյուռքը կարկամած է՝ ոչ միայն ազգային երազանքի իրականացման փակուղում է, այլև սեփական հայրենիքից օտարվածի կարգավիճակում։
Մի շարք առանցքային երկրների հետ դիվանագիտական աշխատանքի դաշտն ամբողջապես «խոպան» է։ Իսրայելում ռեզիդենտ դեսպան նշանակելով՝ պաշտոնական Երևանն այդպես էլ նորմալ հարաբերություններ չկառուցեց Երուսաղեմի հետ, որևէ բան չառաջարկեց այդ երկրին, փոխարենն ակնկալելով, օրինակ, առնվազն խորհրդատվություն՝ ինչպես կառուցել ռազմարդյունաբերության կամ գիտատար տնտեսության ոլորտները։
Հնդկաստանի պես կարևոր երկրի հետ Հայաստանի գործակցության պատմությունը ցավալիորեն կորսված հնարավորությունների մի ամբողջ շղթա է։ Ցանկության դեպքում Երևանն անխոչընդոտ կարող էր աշխատել Նյու Դելիի հետ ռազմատեխնիկական ոլորտում, ի վերջո՝ այդ երկրի հակառակորդ Պակիստանն Ադրբեջանի դաշնակիցն է։ Հնդկաստանն իր ահռելի բնակչությամբ, գերհարուստ ռեսուրսներով, բարձրակարգ գիտությամբ, հատկապես մաթեմատիկայով, զարգացած ռազմարդյունաբերական համալիրով մեզ համար կարող էր առաջնակարգ գործընկեր դառնալ, եթե, իհարկե, ցանկանայինք։ Ո՞ւմ է պետք Հնդկաստանի ԱԳ նախարարի երևանյան այցը, եթե դրա արդյունքներով գործուն աշխատանք, պայմանավորվածություն, առևտրաշրջանառություն, պայմանագրեր չեն գործարկվում։
Հայաստանյան դիվանագիտությունը խեղված է, անդամահատված, փոխանակ կտրուկ լուծումների գնար, ոչ թե իրավիճակային, այլ համակարգային ելքեր որոներ։ Դեսպանների խառնափնթոր, անհասկանալի նշանակումները մեր արտաքին քաղաքականությունը վերածել են ծաղրուծանակի։ Մինչդեռ դեսպանընկալ յուրաքանչյուր երկրում ԱԳՆ կենտրոնական ապարատը պետք է մշակեր հայկական թեմատիկայով այդ պետության համար հասկանալի ձևակերպումներ։ Խիստ տարբեր գործիքակազմերով պետք է աշխատեին, օրինակ, ԱՄՆ-ում, արաբական երկրներում, ՌԴ-ում կամ Իրանում մեր դեսպանները։ Երբ հիշում ես, թե ովքեր են այդ և այլ երկրներում մեր դիվանագետները, անգործության պատճառների հարցում ամեն ինչ իր տեղն է ընկնում։