ՀԱՍԿԱՆԱԼ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ, ԹԵԼԱԴՐԵԼ ՍԵՓԱԿԱՆԸ

Հայաստանի լարված սահմանային իրավիճակում Ռուսաստանի դանդաղկոտ վարքը հասկանալու համար պետք է թռուցիկ հայացք գցել այդ երկրում և նրա շուրջ կատարվող առանցքային փոխակերպումներին։ Լեհ-բելառուսական սահմանային ճգնաժամը, դոնբասյան հակամարտության սրացումը, աֆղանական հիմնահարցը և դրա սպառնալիքը Միջին Ասիայի կայունությանը, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թունավորման պատճառով Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները և մի շարք այլ հիմնախնդիրներ օբյեկտիվորեն մեծ դժվարություն են ստեղծում Ռուսաստանի համար՝ նոր ճակատ բացելու Հարավային Կովկասում։

Այս պայմաններում ՆԱՏՕ-յի անդամ Թուրքիան Կրեմլի համար վերստին դառնում է տարածաշրջանում կարևոր գործընկեր, և այդկերպ և՛ Անկարան, և՛ Մոսկվան փորձում են հակակշռել իրենց նկատմամբ արևմտյան ճնշումներին։ Ռուսաստանն իր միջնորդական առաքելությունն առավելապես իրականացնում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ տարածաշրջանում միանձնյա դերակատարման հավակնող երկիր։ Թուրքիան էլ օգտվում է տարածաշրջանում իր ընդլայնված դերակատարությունից՝ թերևս գիտակցելով, որ իր նկատմամբ, որքան էլ լկտիանա, սանկցիաներ չեն սահմանվի, քանի որ ՆԱՏՕ-յում դրանք պետք է կոնսենսուսային լինեն։

Ռուս-թուրքական ավանդական տարածաշրջանային մրցակցությունից անդին՝ այսօր առավել ցցուն են այդ երկու երկրների համադրված շահերը, որոնց միջոցով նրանք հակազդում են ԱՄՆ-ին և Եվրամիությանը՝ յուրաքանչյուրը սեփական նպատակին համահունչ։ Ռազմատեխնիկական պայմանագրերը, հատկապես՝ ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի վաճառքն Անկարային, «Աքքույու» ատոմակայանի կառուցումը «Ռոսատոմի» կողմից և մի շարք այլ մեգանախագծեր վկայում են, որ դրանց մասնակիորեն կարող են զոհաբերվել անգամ Ռուսաստանի և Թուրքիայի տարածաշրջանային շահերը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և այլուր։

Փաստն այն է, որ այսօր հարևան Թուրքիան իր վերջին մեկդարյա պատմության ընթացքում ազդեցիկության, հետևաբար՝ կայսերական նկրտումների առումով ամենաբարձր կետում է։ Այդ երկիրը քանիցս հարձակվել է Հայաստանի վրա՝ 1914-ին, երբ Հարավային Կովկասի վրա նրա ներխուժմամբ տեղի ունեցավ Սարիղամիշի ճակատամարտը, ապա՝ 1918-ին և 1920-ին՝ արդեն նորանկախ Հայաստանի Հանրապետության վրա։ 1941-42-ին Թուրքիան իր ցամաքային զորքերը կուտակել էր խորհրդային Հայաստանի և Վրաստանի սահմանին ու սպասում էր Գերմանիայի հաջողությանը՝ ներխուժելու ԽՍՀՄ կովկասյան հանրապետություններ։ Ի վերջո, 1992-93-ին ևս Թուրքիայի քաղաքական առաջնորդները՝ նախագահներ Թուրգութ Օզալն ու Սուլեյման Դեմիրելը հնչեցում էին Հայաստանի ֆիզիկական բնաջնջման սպառնալիքներ:

Հայտնի է, որ այդ ժամանակ ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար, ԱՊՀ միացյալ զինված ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովը զանգահարել է Անկարա և սպառնացել, որ Հայաստան թուրքական ցամաքային ներխուժման դեպքում կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը: Այսօր հանգամանքները հիմնիվեր այլ են՝ Էրդողանը զգալիորեն ավելի մեծ ախորժակ ունի հարևանների հանդեպ, քան իր նախորդները:

Միաժամանակ, Թուրքիայի մեծացող ազդեցությունը հաշվի առնելով՝ այդ երկրին կարող է սաստել, զսպել կամ կարգի հրավիրել ընդամենը երկու պետություն՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ընդ որում՝ Ռուսաստանը՝ իր Զինված ուժերի հզորությամբ, իսկ Միացյալ Նահանգները՝ տնտեսական կարողություններով և Թուրքիայի դաշինքային կախվածության հանգամանքի ուժով։ Իրողությունը, սակայն, այն է, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն շտապում զսպել Թուրքիայի ախորժակը, իսկ դա մեզ համար մշտապես ցավալի հետևանքներ է ունենում։