Ի՞ՆՉ է ԿԱՏԱՐՎԵԼ ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՏ

Եվ ինչո՞ւ են գերի ընկնում միայն հայ զինծառայողները

Նոյեմբերի 17-ի երեկոյան ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Բաքվից Երևան է թռչում Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, բերելով «բեռ -200»: Հաղորդվում էր, որ օդանավում հայ զինվորականների դիակներն են, որոնք զոհվել են սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով, գերիներ չկան: Մի քանի ժամ անց պարզվեց, որ Մուրադովը բերել է հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով նախօրեին սպանված հայ մեկ զինծառայողի մարմինը: Առավոտյան ՊՆ-ն նշեց զոհվածի անունը. ավագ լեյտենանտ Տարոն Սահակյան, ծնված 1990 թվականին։

ՀԱՐՑԵՐ ԱՌԱՋԱՑԱՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ։ Եվ դրանցից գլխավորը՝ ինչպե՞ս է Հայաստանի տարածքում զոհված հայ սպայի մարմինը հայտնվել Բաքվում և ինչո՞ւ պիտի գեներալը, որը սեպտեմբերի 25-ից Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը չէ և գերիների վերադարձի գործընթացում այլևս ներգրավված չէ, շտապ մեկներ այնտեղ, որպեսզի բերեր մեկ մարմին։ Իրավապաշտպանների խոսքերով՝ կասկածների տեղիք է տալիս նաև այն փաստը, որ մարմինը բերել են ինքնաթիռով, թեև սովորաբար մարտի դաշտում զոհվածներին այլ կերպ են փոխանցում:

Դրանից անմիջապես հետո սոցցանցերում և մամուլում սկսեցին լուրեր տարածվել, թե նոյեմբերի 14-ին գերեվարվել են ադրբեջանցի վեց զինվորականներ, որոնք, սակայն, գաղտնի վերադարձվել են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրերը, հայտարարելով, թե դրանք ոչ մի կապ չունեն իրականության հետ: «Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ»,-ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 18-ին «Փաստինֆո» կայքը սենսացիոն նյութ հրապարակեց, որում, վկայակոչելով Տարոն Սահակյանի բարեկամներին և հարազատներին, վարկած է արտահայտվում, որ հենց նա է վերադարձնելու տարել ադրբեջանցիներին և գերեվարվել է:

Ըստ հրապարակման, Տարոնը ծնունդով Տավուշից է և վերջերս էր Ռուսաստանից վերադարձել Հայաստան՝ Հայրենիքին ծառայելու։ Բնակություն էր հաստատել Ջերմուկում։ Հարազատները պատմում են, որ իրենք տեղեկություն են ունեցել, որ նա գերության մեջ է, իսկ հետո իմացել են, որ նրան Բաքվից արդեն մահացած բերել են Երևան: Թե ինչպես է նա հայտնվել Բաքվում, հարազատները չգիտեն։ Ըստ իրենց ունեցած ոչ ստույգ տեղեկությունների՝ հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ժամանակ գերի է վերցրել թշնամու զինվորների, բայց հրաման է ստացվել ազատ արձակել նրանց։

Այս վարկածը հայտնել է Արսեն Աղաբաբյանը՝ Կողբ գյուղից, որտեղ ժամանակին ապրել է Սահակյանը։ «Հրաման են տվել ադրբեջանցի գերիներին հետ տանեն ու տղաները հետ են տարել, իրենք են գերի ընկել։ Մեր տվյալներով՝ Տարոնի աճյունը ահավոր խոշտանգված վիճակում է։ Չգիտեմ՝ որ մի ոչխարի հրամանով է, որ ադրբեջանցի գերիներին հետ են ուղարկել ու այդ տղաները գերի ընկել։ Մեզ հասած տվյալներով՝ նրան դաժան ձևով են սպանել, անգամ ծեծելով։ Տեսել եմ լուսանկարն ու մինչև հիմա ուշքի չեմ գալիս»,- պատմել է Աղաբաբյանը «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում։

Նույն օրը, մի քանի ժամ տարբերությամբ, այդ տեղեկությունները հերքեց Փաշինյանի «Հայկական ժամանակ» ընտանեկան թերթը, որը կապվել էր Տարոնի եղբոր՝ Ռոման Սահակյանի հետ։ Վերջինս ասել էր, որ ներկա է եղել մարմնի փորձաքննության ժամանակ և խոշտանգումների ոչ մի հետք մարմնի վրա չի եղել, միայն բեկորային վնասվածքներ: «Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել, որ ինքն է իրեն պայթեցրել: Նռնակի պայթյունի հետևանք է»,- ասել է Ռոման Սահակյանը: Եվ հավելել, որ իր կարծիքով՝ եղբորը տարել են Բաքու փոխանակման նպատակով կամ պայթյունից մեռած ադրբեջանցիների մարմինների հետ միասին։

Նշենք, որ Տարոնին փոխանակման նպատակով Բաքու տանելու վարկածն անհիմն է, քանի որ Հայաստանում ադրբեջանցի գերիներ վաղուց չկան։ Թե ինչու են հետպատերազմյան տարվա ընթացքում գերեվարվում բացառապես հայ զինծառայողները, թեև Ադրբեջանի ԶՈՒ-ն կես տարուց ավելի բնակռել է Հայաստանի տարածքում՝ առանձին և բացարձակ անըմբռնելի հարց է։

Հաջորդ օրը, բարձրացած աղմուկի խորապատկերին, նույն «ՀԺ» թերթը ևս մեկ նյութ հրապարակեց, այս անգամ հարցազրույց վերցնելով Տարոն Սահակյանի կնքահորից, ընդ որում անվանելով նրան մերթ Ոսկան, մերթ Վարդան Սարգսյան։ Կնքահոր խոսքերով՝ իրենք լսել են, որ զոհվածը նռնակ է նետել դիրքին մոտեցող թշնամիների վրա, և պայթյունի հետևանքով ինքն էլ երկու վնասվածք է ստացել. սրտի և թոքերի շրջանում: Սարգսյանը ասում է, թե հայ մի քանի մարտիկների գերեվարելով՝ տարել են նաև ծանր վիրավոր Տարոնին, որը ճանապարհին մահացել է։ Թե որտեղից իրեն այդ տեղեկությունները, կնքահայրը չի ասել, փոխարենը հաստատել է, որ մարմնի վրա խոշտանգումների հետքեր չեն եղել, եղել են միայն բեկորային վնասվածքներ։

Նոյեմբերի 20-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ սպայի ողբերգությանը, տալով մակերեսին ընկած նույն հարցերը։ Ինչպե՞ս է Տարոն Սարգսյանի մարմինը հայտնվել Բաքվում, ինչո՞ւ է Մուրադովը մեկնել այնտեղ, որպեսզի հատուկ չվերթով բերի միայն նրան, ի՞նչ հանգամանքներում է դա տեղի ունեցել։

«Կառավարական ֆեյքերը տարածում էին մի տեղեկություն, ըստ որի՝ Տարոնի եղբայրը հայտնում է, որ մարմինը տեսել է, այն խոշտանգված չի եղել։ Ես կարծում եմ, որ սա ամենաառեղծվածային պահերից մեկն է, որը պետք է դառնա հատուկ հետաքննության նյութ»,- ասաց Ղազինյանը, նշելով, որ չի ցանկանում մեղադրել որևէ մեկին, սակայն իշխանության 3 տարվա տեղեկատվական քաղաքականությունը շատ հարցեր է առաջացնում։

Այնուհետև պատգամավորը հույս հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության ընթացքում պարզ կդառնա՝ ողջ է եղել արդյոք Տարոնը, երբ նրան տարել են Բաքու, թե ոչ: «Ենթադրում եմ, որ Մուրադովը գնացել էր բերելու ոչ թե աճյունը, այլ անձին և տեսել է, որ մահացած է»,- նշեց Ղազինյանը:

Նոյեմբերի 19-ի իր հրապարակման մեջ «ՀԺ»-ն հաղորդել էր, որ ավագ լեյտենանտի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: Անցկացվե՞լ է արդյոք դատաբժշկական փորձաքննություն, ինչպիսի՞ք են դրա արդյունքները: Ինչ որ շատ հապճեպ չէ՞ իշխանությունն իր թերթի էջերում հանգուցյալի հարազատների ու մտերիմների շուրթերով առաջ քաշում վարկածներ, որոնց հիմքում ոչ թե փաստեր են, այլ ընդամենը ասեկոսեներ ու ենթադրություններ։ Միանգամայն պարզ է, որ Տարոն Սահակյանի մահը չափազանց շատ հարցեր է ծնում, որոնք պահանջում են հստակ և փաստարկված պատասխաններ, ինչը կարող է տալ միայն միջադեպի հանգամանալի հետաքննությունը։ Անցկացվո՞ւմ է արդյոք հետաքննություն։ Պարզ չէ։

Ավելին, ավագ լեյտենանտի մահը սերտորեն կապակցվում է ադրբեջանցիների գերեվարման և վերևից ստացված հրամանով գաղտնի վերադարձման մասին լուրերի հետ, ինչը, իհարկե, է՛լ ավելի է դրդում ՀՀ իշխանություններին՝ կոծկելու ճշմարտությունը Սահակյանի մահվան հանգամանքների մասին։ Հաղորդագրություն կար, որ այդ տեղեկություններն ուսումնասիրվելու են դատախազության կողմից, բայց կա՞ արդյոք Հայաստանում ողջամիտ մարդ, որը հավատում է իշխանությունների կողմից լիովին վերահսկվող իրավապահ մարմիններին։

Բոլոր նրանք, ովքեր խոսում են Տարոն Սահակյանի մասին, բնութագրում են նրան որպես Հայրենիքի նվիրյալ, քաջ ու խիզախ սպայի։ Նա ընդամենը 31 տարեկան էր, ուներ կին ու փոքրիկ որդի: Երիտասարդ սպայի լուսավոր հիշատակն իր հերթին պահանջում է մանրակրկիտ հետաքննություն և նրա մահվան մասին ճշմարտության բացահայտում: Բուն այն միտքը, որ Հայաստանի իշխանությունները թաքցնելու բան ունեն այս պատմության պարագայում, որպեսզի ոչ ոք չկասկածի Բաքվին գերու դաժան սպանության մեջ, սրբապիղծ է թվում, բայց…

Բայց Փաշինյանի իշխանության հրեշավոր ստի մեջ մենք ապրում ենք արդեն ավելի քան մեկ տարի՝ անցած տարվա սեպտեմբերի 27-ից, շարունակելով թաղված մնալ մշտական ստախոսության և պետության ու ժողովրդի համար ճակատագրական փաստերի լկտի քողարկման խոր փոսում։ Ի՞նչը կխանգարի իշխանություններին թաքցնել ճշմարտությունը նաև այս, մասնավոր թվացող, բայց չափազանց կարևոր դեպքի պարագայում, որը վերաբերում է «ընդամենը» մեկ զոհի՝ մեր կորուստների անվերջանալի շղթայում։