ԹՈՒՐՔԸ՝ ԱՆՓՈՓՈԽ, ՄԵՆՔ՝ ԱՆՈՒՂՂԵԼԻ
Վերջին մեկ տարում շատ զուգահեռներ են տարվել հայաստանյան ներկայիս բարոյալքված վիճակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկման փուլի, հատկապես՝ 1920-ի թուրք-հայկական երկրորդ պատերազմի միջև։ 1920-ի սեպտեմբերից նոյեմբեր՝ 44-օրյա պատերազմից ճիշտ մեկ դար առաջ, թուրք զորահրամանատար Քյազիմ Կարաբեքերի խուժանին դիմակայող մեր բանակը փաստացի կազմալուծված վիճակում էր։ Մի կողմից՝ թիկունքում հայ բոլշևիկներն իրենց բարոյալքող քարոզչությամբ, մյուս կողմից՝ մի քանի տարի առաջ վերապրած ցեղասպանությունը թուրքական կանոնավոր զորքին հաղթելու կամ անգամ դիմադրելու հնարավորություն չէին թողնում։
Եվ քանի որ թուրք ազգի հոգեկերտվածքը կայսերական հիշողություն ունի և սիրում է հիմնվել պատմական խորհրդանշանների վրա, 44-օրյա պատերազմի հանգամանքները զարմանալիորեն միանման էին 1920-ի պատերազմի հետ՝ պատերազմի սկզբի և ավարտի թվական ճշգրտությամբ, ներսից տարվող քայքայիչ քարոզով, թե իբր Թուրքիան ու Ադրբեջանն արդեն որակապես այլ, խաղաղասեր երկրներ են, և այլն։ Մինչդեռ թվում էր՝ անկախ պետականությունը, հաղթողի հոգեբանությունը, ցեղասպանվածի բարդույթի հաղթահարումը պետք է մեզ որակապես այլ քայլերի մղեին՝ ոչ մի դեպքում թույլ չտալով մեկդարյա վաղեմության ճակատագրական սխալների կրկնությունը։
Այդ սխալների կրկնության արդյունքում Թուրքիան մեր տարածաշրջանում հասել է վերջին մեկ հարյուրամյակում աննախադեպ մեծ ներկայացվածության՝ ընդլայնելով իր ազդեցությունն Ադրբեջանում և Վրաստանում, ուղղակիորեն ներազդելով նաև հայաստանյան գործընթացների վրա։ Հարևան Իրանը զգուշավորությամբ է վերաբերվում թուրքական «3+3» տարածաշրջանային նախաձեռնությանը։ Իրանի և Թուրքիայի միջև դարեր ի վեր առկա տարածաշրջանային մրցակցության ներկա փուլը կարող է որոշակիորեն մեղմվել Էրդողանի՝ Թեհրան սպասվող այցի արդյունքներով։ Թուրք-իրանական հարաբերությունների ջերմացումը հասկանալիորեն մեր շահերից չի բխելու։
Երբ 44-օրյա պատերազմի օրերին շատ փորձագետներ մտավախություն էին հայտնում, որ Ադրբեջանի թիկունքին կանգնած Թուրքիայի հիմնական նպատակը ոչ այնքան Արցախն է, որքան Հայաստանի հարավի բռնազավթումը, պարզամիտները հակադարձում էին՝ կարծելով, թե ճանաչված պետությունների սահմաններն անձեռնմխելի են։ Մինչդեռ Օսմանյան կայսրության փլուզումից և քեմալական Թուրքիայի առաջացումից ի վեր պանթուրանական ծրագիրը շարունակում է մնալ նույնը՝ Նախիջևանը ցամաքով միացնել Ադրբեջանին։ Պարզվում է՝ Հայաստանի իշխանությունն ու հայ ժողովուրդն առանձնապես խնդրահարույց չի համարում այս ծրագրի իրականացումը, ավելին՝ այն համարում է տարածաշրջանի ապաշրջափակման մի մաս։
Հայաստանն այսօր մեծագույն ցանկության դեպքում այլևս ի զորու չէ հասնելու Թուրքիայի մասնակցության բացառմանը տարածաշրջանային գործընթացներին։ Ներքին վախերից ելնելով՝ Երևանը վաղուց արդեն չի խոսում, օրինակ, Արցախի ճանաչման մասին՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ։ Նման խոշորածավալ ագրեսիայի ենթարկված ցանկացած երկիր իր դաշնակիցների միջոցով կփորձեր Արցախի հարցով տրիբունալի ստեղծում նախաձեռնել, ինչպես բոսնիական պատերազմի դեպքում, սակայն Հայաստանը, պարզվում է, անգամ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը չի վավերացրել, հետևաբար՝ չի կարող գնալ այդ քայլին։ Հետաքրքրական է՝ փաշինյանական վարչակարգի իրավախորհրդատուները գաղափար ունե՞ն սովորութային նորմերից, տեղյա՞կ են, որ, օրինակ, կարող են քրեական հետապնդում իրականացնել և միջազգային հետախուզում հայտարարել Արցախում մեր դեմ կռված ահաբեկիչների և ռազմական հանցագործների դեմ։
Եթե մեր իշխանությունը պնդում էր, որ 44-օրյա պատերազմը կազմակերպվել և հրահանգավորվել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից, կարևորագույն որոշումները ևս ընդունվել են Անկարայում, ապա փոխանցվել Բաքվին, ո՞ւր է Թուրքիայի պատասխանատվության գոնե հպանցիկ հիշատակումը։ Ինչպես երևում է, ռուսական կամ իրանական հակազդեցությունը Թուրքիային բնավ բավարար չէ, և այդ հանգամանքի ուժով էլ Անկարան մեր տարածաշրջանում ավելի լկտի արկածախնդրությունների է դիմում։