Շոյգու․ ՌԴ սահմանների մոտ ամերիկյան ռմբակոծիչների ակտիվության աճ է արձանագրվել

Ռուս զինվորականները ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի ակտիվության զգալի աճ են արձանագրում Ռուսաստանի պետական սահմանի մերձակայքում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Վերջին ամսվա ընթացքում մոտ 30 թռիչք է կատարվել դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ, ինչը 2,5 անգամ շատ է անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից», – ասել է Շոյգուն Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ բանակցությունների ժամանակ:

Ինչպես նշել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, այս ամիս ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի «Global Thunder» վարժանքների ընթացքում 10 ռազմավարական ռմբակոծիչներ ՌԴ-ի դեմ միջուկային զենք կիրառելու տարբերակ են մշակել։

 «Մեր պետական սահմանից նվազագույն հեռավորությունը կազմել է 20 կիլոմետր», – հավելել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի գործակցության զարգացումը հատկապես արդիական է ուժեղացող աշխարհաքաղաքական մրրկայնության և աշխարհի տարբեր շրջաններում կոնֆլիկտային ներուժի աճման պայմաններում, տեղեկացնում է Sputnik Արմենիա: