ՍՊԱՍՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ

44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան մեկ տարի անց այն դեռևս լուրջ և սթափ ռազմագիտական վերլուծության չի ենթարկվել, վերհանված չեն մեր պարտության և թշնամու հաղթանակի խորքային պատճառները։ Հայտնի է միայն, որ Ադրբեջանը ճակատային գիծը հաջողությամբ ճեղքել է ընդամենը մեկ՝ Արցախի հարավի մերձարաքսյան հովտային տեղամասով, արագորեն մխրճվել է թիկունք, աննշան հաջողություն է ունեցել նաև հյուսիս-արևելքում։ Ի հակադրություն դրա՝ լեռնային ռելիեֆում մարտական խնդիրը դրվել է դիվերսիոն-հետախուզական թեթևազեն խմբերի վրա։

Միանշանակ կարելի է արձանագրել, որ պատերազմի ամբողջ ընթացքում Արցախի կենտրոնական ուղղությունը՝ Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ գիծը, ինչպես նաև հյուսիսը՝ Շահումյանի շրջանը, փառահեղ են կատարել մարտական խնդիրը։ Թշնամուն այդպես էլ չհաջողվեց ո՛չ Ակնայից, ո՛չ Քարվաճառից անգամ նվազագույն ցամաքային ճեղքում իրականացնել։ Զինվորականները չէին բացառում, որ հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններով գրոհելով՝ թշնամին մեզ կստիպի վերախմբավորվել, թուլացնել կենտրոնը, ապա կհարձակվի այդ ուղղությամբ, սակայն Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ գիծը մնաց անառիկ։ Ե՛վ Ակնան, և՛ Քարվաճառն, ինչպես հայտնի է, հանձնվեցին առանց մեկ կրակոցի՝ պատերազմի ավարտից հետո։

Արցախի շուրջկալումից, Արցախը Հայաստանից կտրելուց հետո այժմ էլ խիստ անբարենպաստ, օղակված վիճակում է հայտնվել Սյունիքը։ Նախիջևանի կողմից զրահատեխնիկայի խոշոր կուտակումներն ու լայնածավալ «հակաահաբեկչական» զորավարժությունները Հայաստանի սահմանին, Քաշաթաղի և Որոտանի կողմից ամեն օր թիզ առ թիզ բարձունքների զիջումները Սյունիքը դնում են աքցանի մեջ, և այն մնացյալ Հայաստանից կտրելը թշնամու համար ավելի դյուրին իրագործելի է դառնում։ Ցավոք, թշնամական զինուժը հիմա մարտավարական առումով խիստ բարենպաստ վիճակում է և հրամանի դեպքում կարող է հարձակողական պատերազմ սկսել Հայաստանի հարավում։

Մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ նույնիսկ մասնակի զորահավաք հայտարարված չէ, Սյունիքի անվտանգության ուժեղացնումն ապահովվում է ի հաշիվ այլ խոցելի տեղամասերի, օրինակ՝ Գեղարքունիքում տեղակայված զորքերի տեղաշարժերի, ինչն ինքնին անհասկանալի է։ Չկա ոչ միայն թշնամուն կանխարգելիչ հարվածներ հասցնելու, այլև անգամ պարզ ինքնապաշտպանության հրաման, և առաջնագծում տեղակայված զորքերը մատնված են ինքնահոսի։ Թիկունքում՝ սահմանապահ և սահմանամերձ բնակավայրերում, թեև խուճապ չկա, սակայն անորոշություն է, որոշ գյուղերում անգամ չգիտեն՝ շարունակե՞լ դպրոցական դասերը, թե՞ աշակերտներին թշնամու նշանառության տակ դպրոց ուղեկցելը վտանգավոր է։

Ադրբեջանը հայկական բանակի և հայ հասարակության նկատմամբ հմտորեն կիրառում է հոգեբանական պատերազմի մարտավարությունը, օգտվում տեղեկատվական միասնական քաղաքականության և պաշտոնական լրատվության հանդեպ հանրային վստահության բացակայությունից։ Մեր պետության հարավն աշխարհագրորեն չունի թիկունք, և թշնամին ու նրան ձայնակցող փաշինյանական վարչախումբը, փաստորեն, ամեն ինչ անում են՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի բնակիչներին շարունակական տագնապի մեջ պահելու համար։

Նույնիսկ այս փաստացի առաջնագծով սահմանազատման գնալը մեզ համար խոշոր պարտություն է, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի զավթումն օրինականացնելուց հետո թշնամին լիիրավ հնարավություն է ստանում անհրաժեշտության դեպքում նոր բարենպաստ բարձունքներ նվաճելու՝ հայ-իրանական, ապագայում՝ գուցե նաև հայ-վրացական միջպետական նշանակության ավտոճանապարհներն առնելով ուղիղ նշառանության տակ։ Այս դեպքում արդեն ոչ թե Գորիս-Կապան կամ Գորիս-Ստեփանակերտ, այլ Երևան-Գորիս մայրուղու անվտանգությունը կդրվի հարցականի տակ։ Իսկ Սյունիքի և Արցախի քաղաքացիական և ռազմական մատակարարումները կտրելով՝ մեր այդ երկրամասերի հայաթափումն ու անկլավացումն ընդամենը մի քանի ամսվա հարց է։