ՍՏԻ ԲԱՆԱՁԵՎԸ՝ «ՀԱՆՁՆԵՆՔ ՄԱՍԸ, ՈՐ ՉԿՈՐՑՆԵՆՔ ԱՄԲՈՂՋԸ»

44-օրյա պատերազմի օրերին ստի պետական քարոզչությունը, փաստորեն, այս իշխանությունը ոչ միայն մարսել է, այլև Հայաստանի տարածքային նորանոր զիջումներն ու Արցախից վերջնական հրաժարումը փորձում է փաթեթավորել նույն տրամաբանության մեջ, այն է՝ զիջում ենք մասը, որ չկորցնենք ամբողջը։ Պատերազմի ընթացքում հանրության շարունակական մոլորեցումը հար և նման է վերջին ամիսներին խորհրդարանի ամբիոնից և իր ֆեյսբուքյան վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի ստերին, որոնք որևէ քննադատության չեն դիմանում, բայց հանրության մի մասի կողմից ցավալիորեն դեռևս ընդունելություն են գտնում։

Պատերազմի երկրորդ փուլում ասվում էր, օրինակ, որ այսպես կոչված «Կովսականի հնոցը» փառահեղ մարտավարական հաջողություն է, աննախադեպ տեղային օպերացիա, ձորակներում թշնամուն փոքրաթիվ խմբերով ջախջախել ենք այնպես, որ անգամ հրետանին տեղ չի հասել, դրա համար նույնիսկ Ազգային հերոսի և գեներալի կոչումներ շնորհվեցին՝ պատերազմը չավարտված։ Պարզվեց՝ կորցրել ենք Կովսականի և Որոտանի մեծագույն մասը, պատերազմից հետո՝ նաև մնացածը՝ Սյունիքի հետ անմիջական սահմանագիծը։

Ի՞նչ է ստում Նիկոլ Փաշինյանն այսօր։ Ասում է, օրինակ, որ Կովսականի և Որոտանի հանձնմամբ, որոնք նա ծաղրանքով անվանում է «Սանասար և Բաղդասար», փրկել է Սյունիքի միջպետական ավտոճանապարհը։ Խոսքը Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին է, որից մեզ փաստորեն կտրականապես արգելված է օգտվել։ Սրանից ավելի մեծ ծաղր առողջ բանականությանը դժվար է պատկերացնել։ Սակայն պարզվում է, որ կան մարդիկ, անգամ տվյալ տարածաշրջանի բնակիչներ, որոնց դեռ պետք է ապացուցել, բացատրել մեր տարածքում թշնամական մաքսակետերի տեղադրման անթույլատրելիությունը։

Պատերազմի ամենացցուն ստերից էին թշնամի երկրում մեր թիրախային հրթիռային հարվածներից ադրբեջանցիների խուճապի, Գանձակի դատարկվելու, դեպի Բաքու հսկայական խցանումների մասին լուրերը։ Ճիշտ է, Արմեն Սարգսյանն այդ ընթացքում հրապարակավ երաշխիքներ էր տալիս, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը չի խոցվի, սակայն մեր հանրությունը, պաշտոնական ապատեղեկատվությանը գերի, կարծում էր, թե Ադրբեջանում արդեն սարքին ենթակառուցվածք չի մնացել, մերոնք հարվածում են թշնամուն՝ որտեղ հնարավոր է։ Կարճ ասած՝ պետական մակարդակով տարվում էր դավիթտոնոյանական «Նոր պատերազմ, նոր տարածքներ» տխմար ու անիրագործելի թեզը։ Պարզվեց՝ խողովակաշարերը շատ ավելի կարևոր էին, քան մեր նահատակների կյանքերը։

Այսօր ստում են արդեն հակառակ ուղղությամբ, թե իբր բանակցությունները տասնամյակներ շարունակ միտված են եղել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուն, իսկ միջազգային հանրությունն էլ հոգնել է արցախյան հիմնահարցից, ու նրան չի հետաքրքրում, թե ով է խախտում հրադադարը։ Պետք է ազնվորեն ընդունել, որ անգամ Իլհամ Ալիևը մեծագույն ցանկության դեպքում չէր կարող այսչափ համակարգված ու հետևողական զրոյացնել Հայաստանի բանակցային ամբողջ ռեսուրսը, որը կուտակվել էր 1994-ից ի վեր՝ համանախագահ երկրների նախագահներից, ԱԳ նախարարներից ու հենց միջնորդներից հընթացս մեզ համար մի շարք նպաստավոր ձևակերպումներ ու արձանագրումներ կորզելով։

Ի վերջո, նույն այդ միջազգային հանրությունը հիանալի տիրապետում է բանակցային օրակարգի պատմությանը, սակայն բնական է՝ եթե Հայաստանի ներկայացուցիչն է պաշտոնապես ուրանում մեր երբեմնի դիվանագիտական ձեռքբերումները, ապա ինչո՞ւ պետք է, օրինակ, որևէ օտարերկրացի դիվանագետ (ինչպես նախկին ռուս համանախագահ Իգոր Պոպովը) հօգուտ մեզ սրբագրի Փաշինյանի հակազգային թեզերը։