Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՍՈՉԻՈՒՄ

Վաղը Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը: Քննարկվելու է անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտնի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Է՛լ ավելի ստույգ՝ հաղորդակցության ապաշրջափակման ու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման ու սահմանազատման իրականացման «ճանապարհային քարտեզի» հարցերը։

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը, ըստ հաղորդագրությունների, մշակման, երթուղիների հստակեցման և դրանց բացման հերթականության ճշգրտման փուլում է: Այդ առնչությամբ երեկ Բաքու և Երևան է այցելել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ եռակողմ աշխատանքային խմբի համանախագահը։ Դժվար թե արժե սպասել կոնկրետ ժամկետների հայտարարման. Օվերչուկի խնդիրն ավելի շուտ ճանապարհի երթուղին համաձայնեցնելն էր, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։ Այստեղ Երևանն ու Բաքուն տարբեր պատկերացումներ ունեն, բայց, ինչպես բազմիցս հայտարարել է պաշտոնական Երևանը, հայկական կողմի ինքնիշխանությունն իր տարածքով անցնող ճանապարհի նկատմամբ վիճարկման ենթակա չէ, Ադրբեջանը կստանա այն երթուղին, որը կառաջարկի ՀՀ կառավարությունը, և ոչ այլ ճանապարհ։

Ինչ վերաբերում է երկրների միջև սահմանի հստակեցմանը, ապա, ինչպես օրերս ասաց Փաշինյանը, կարելի է ակնկալել Ռուսաստանի միջնորդությամբ երկկողմ (Հայաստան-Ադրբեջան) կամ եռակողմ (Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան) հանձնաժողովի ստեղծման կողմերի պատրաստակամության մասին հայտարարության, որը կզբաղվի սահմանի որոշման մեթոդաբանության մշակմամբ և այլն ... Եվս մեկ անգամ շեշտենք. ըստ Փաշինյանի, եթե անգամ Սոչիում ստորագրվի ինչ-որ փաստաթուղթ, ապա դա կլինի առավելագույնը հայտարարություն այդպիսի երկկողմ կամ եռակողմ հանձնաժողովի ստեղծման կամ դա ստեղծելու պատրաստակամության մասին։ Այլ հարց է, թե ինչ իմաստ կներդնեն այդ հայտարարության մեջ Երևանն ու Բաքուն։

Ադրբեջանը կսկսի խոսել այն մասին, թե դա նշանակում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, հետևաբար՝ նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի վերացում որպես այդպիսին։ Ըստ էության, նաև Լեռնային Ղարաբաղ բուն հասկացության վերացում, ինչի մասին բազմիցս խոսել է Իլհամ Ալիևը։

Երևանի դիրքորոշումը երկակի է։ Մի կողմից, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների ձևաչափով։ Մյուս կողմից՝ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են դեռևս 1991-ին, ասել է թե՝ էլ ի՞նչ են պահանջում իրենից։ Եվ այնուհետ դեմքի ողբերգական-քնարական արտահայտությամբ փիլիսոփայում է այն թեմայով, թե գուցե իր թիմի գլխավոր սխալն այն էր, որ իրենք ավելի շուտ չե՞ն ասել Հայաստանի ժողովրդին. անկախության, պայքարի 30 տարիներն իզուր էին, լոկ բաց թողնված ժամանակ էին…

Այսինքն նախ պնդում է, որ Արցախի հարցը նրա բնակիչների իրավունքների խնդիրն է, իսկ հետո հարց է տալիս, թե պե՞տք էր արդյոք ավելի վաղ ասել Հայաստանի ժողովրդին, որ այդ իրավունքների համար պայքարի 30 տարիները զուր են անցել։ Հեշտ է ենթադրել, որ ըստ Փաշինյանի՝ ավելի ճիշտ կլիներ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և բարեկամանալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. մեկ ազգի՝ երկու պետության։ Այն, որ Նիկոլը նկատի ունի «բաց թողնված ժամանակի» հենց այդ այլընտրանքը, հաստատում է նաև վերջին ասուլիսում նրա արտահայտած այն վստահությունը, թե Հայաստանի գլխավոր խնդիրը նրա բնակիչների մեծամասնության դիրքորոշումն է, որոնք համարում են, որ թուրքն իրենց թշնամին է։ Դե, բացի «Քաղաքացիական պայմանագրի» թիմից ու մի քանի օլիգարխներից՝ ի դեմս Գուրգեն Արսենյանի և Խաչատուր Սուքիասյանի, որի ավիաընկերությունն արդեն ծանուցել է, որ շաբաթական երեք անգամ չվերթներ է իրականացնելու Երևան-Ստամբուլ։

ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ, ՍԱԿԱՅՆ, ՍՈՉԻՈՒՄ ՎԱՂԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ։ Եվ այսպես, Բաքուն պնդելու է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարության մեջ ներառվի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման կետը։ Կարո՞ղ է արդյոք Երևանը պնդել այն վերապահումը, որ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն Մինսկի խմբի ձևաչափով, և որ սահմանի հստակեցումը որևէ կապ չունի Արցախի հետ։

Տեսականորեն Փաշինյանը կարող է դա պնդել։ Մանավանդ որ ռուս միջնորդը կարծես թե համամիտ է այդ դիրքորոշմանը։ Նախ՝ այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահ է, երկրորդ՝ Մոսկվային ավելի ու ավելի են ձանձրացնում Անկարայի «ճանկողական բնազդները», ինչպես բնորոշել է Կոնստանտին Զատուլինը։ Ինչի մասին է վկայում նաև Դմիտրի Պեսկովի արձագանքը «թուրքական աշխարհի քարտեզի» խորապատկերին Էրդողանի լուսանկարի առնչությամբ, որտեղ ներառված էին նաև ռուսական տարածքները: Պուտինի մամուլի քարտուղարը քաղաքավարի հիշեցրեց, որ թուրքերի հայրենիքը, ըստ էության, Ալթայում է…

Մի խոսքով, Մոսկվային թուրքական նկրտումնները նյարդայնացնում են, և նա ավելի ու ավելի հաճախ է խոսում այդ մասին։ Այլ հարց է, որ Ռուսաստանը չի կարող «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել» և հայկական կողմի համար պահանջել այն, ինչն ինքը՝ Երևանը, իր համար չի պահանջում։ Ուրեմն կդնի՞ արդյոք Փաշինյանը սահմանի հստակեցման և Արցախի կարգավիճակի խնդիրները հնարավոր հայտարարության պարագայում տարանջատելու հարցը։ Ամենայն հավանականությամբ՝ դժվար թե։

Հենց թեկուզ այն պատճառով, որ ավելի վաղ խոսել էր այն մասին, որ Ադրբեջանի հետ ոչ մի պայմանավորվածություն չի կարող լինել, քանի դեռ լուծված չէ գերիների հարցը, բայց հիմա գնում է կնքելու այդ պայմանավորվածությունները, չնայած Բաքվից հնչող հայտարարություններին, որ այլևս ոչ մի գերի Հայաստանին չի վերադարձվելու:

Հենց թեկուզ այն պատճառով, որ ավելի վաղ Փաշինյանն ասում էր, թե Բաքվի հետ ոչ մի պայմանավորվածություն չի լինի, քանի դեռ ադրբեջանական զորքերը չեն հեռացել Հայաստանի տարածքից։ Իսկ հիմա գնում է պայմանավորվելու, չնայած որ հենց ինքն է խոսում Ադրբեջանի կողմից ՀՀ 41 քառակուսի կիլոմետր տարածքի զավթման մասին, քանի որ, իբր, հանրապետության սահմանները հայտնի են միլիմետրի ճշգրտությամբ։ Եվ չնայած ինքը շատ լավ գիտի, որ սահմանի հստակեցման գործընթացը կարող է ձգվել տարիներ, որոնց ընթացքում Բաքուն շարունակելու է է՛լ ավելի ամրապնդվել զավթած հայկական տարածքում…

Ի դեպ, հիշենք, թե ինչպես էր նախքան ընտրությունները Փաշինյանը գերիների անունից ասում, թե, իբր՝ ոչինչ, նրանք կհամբերեն ևս մեկ-երկու ամիս: Անցել է ոչ թե երկու, այլ հինգ ամիս։ Փաշինյա՛ն, չե՞ս ուզում գերիների անունից ճշտել, թե դեռ որքան պիտի համբերեն: Այնուհետ, ըստ էության, պետք է հաջորդի տպագրության ոչ ենթակա բառապաշար

Основная тема:
Теги: