ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԳՈՐԾՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ՝ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆ ՄԵԶ ՑԵՂԱՍՊԱՆԵԼ
Հայտնի ճշմարտություն է, որ զինվորականները մշտապես պատրաստվում են նախորդ պատերազմին, իսկ մարտական գործողություններն սկսվելուն պես արագորեն կողմնորոշվում են և ըստ իրավիճակի՝ փորձում ողջամիտ լուծումներ գտնել։ Ի՞նչ է սովորեցրել 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած և առայսօր շարունակվող սողացող սահմանային պատերազմը մեր գեներալիտետին, ի՞նչն է փոխվել մեր զինուժի հաշվարկներում և ծրագրերում։ Հայ-ադրբեջանական առաջնագծի անպաշտպան բնույթը հաշվի առնելով՝ կարելի՞ է պնդել, որ անգամ ամենաթեժ մարտերից հետո ո՛չ սխալների ուղղում է արվել, ո՛չ էլ մեղավորներն են պատասխանատվության ենթարկվել։
Երկրորդ արցախյան պատերազմում մեր բանակը, տիրապետելով տեղանքին ու բնաշխարհին, փորձեց օգտագործել բոլոր հնարավոր անցուղիները։ Թշնամին իր համար անծանոթ հարթավայրային տեղանքում՝ Արաքսի հովտում, սպառազինության և զորքի մեծ խտությամբ հասավ տակտիկական հաջողության, ապա զարգացրեց այն մինչև Քարինտակ ու Շուշի։ Որոտան գետի երկայնքով ադրբեջանցիները դուրս եկան ՀՀ հարավ-արևելյան սահմաններ, հասան գրեթե մինչև Բերձոր՝ ոտնատակ տալով այդ շարքի մի շարք խիտ բնակեցված գյուղերի ճանապարհները։ Թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերը խուսավարելով շրջանցեցին մեր զորախմբերին ու հարավից նվաճեցին Արցախի մեծագույն մասը։ Հարավում մեր պետության փաստացի սահմանագիծը գնալով սեղմվեց և մոտեցավ ոչ թե Արաքսի, ոչ էլ անգամ Հագարի գետի, այլ Որոտանի ավազանին։
Ի՞նչ է անում նորացված ղեկավարությամբ ՊՆ-ն այսօր, պահեստազորի մասնակի հավաքներով փորձում է դիմադրել թշնամու հնարավոր հարձակմա՞նը։ Մարտադաշտում թշնամու արհեստավարժ խուսավարումներին, դիպուկ կրակային խոցումներին, մանևրներին, հնոցներին, վերախմբավորումներին հայկական բանակն ինչպե՞ս և ինչո՞վ է հակազդելու, բացի զինվորի անձնազոհ և նվիրված ծառայությունից, հատկապես այն դեպքում, երբ ռազմաքաղաքական ղեկավարությունը զորքերին հանցավոր անգործության հրամաններ է տալիս։
Մեր խոցման հիմնական միջոցի՝ հրետանու համալրման, զորքերում հրետանային մենամարտերի վարպետության կատարելագործման ի՞նչ աշխատանքներ են կատարվել անցած մեկ տարում։ Գիշերային մարտ վարելու հնարավորությունների, հետախուզական և այլ միջոցների ներդրման առումով ի՞նչ է արվել հետպատերազմյան ամիսներին։ Նոյեմբերի 16-ի սյունիքյան մեկօրյա սրացումը ցավալի պատասխան տվեց այս հարցերին։
44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի պայքարի բնույթը Հայաստանի դեմ զգալիորեն փոխվել է։ Մեր դեմ արդեն ոչ թե կոնվենցիոնալ, այլ պարտիզանական պատերազմ է մղվում, այլ կերպ ասած՝ ավանդական համազորային մարտերը փոխարինվել են պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերով։ Դա այն է, երբ թշնամու գաղափարները, տեղանունները, պահանջները հայրենական իշխանությունն ու նրան սպասարկող «քաղաքացիական» գործակալական ցանցն աստիճանաբար դարձնում է նախ քննարկելի, ապա՝ ընդունելի, վերջում՝ միակ հնարավոր և անխուսափելի հանգուցալուծումը։
Մեր միջպետական ճանապարհներին և կապուղիներին տիրացող, զորքերի մատակակարումը կտրող, քաղաքացիական բնակչությանն ահաբեկող Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը հարցնում է՝ ուզո՞ւմ են ցեղասպանել մեզ։ Իր այդ հարցը նա հասցեագրում է նաև Թուրքիային, որի ԶՈՒ Գլխավոր շտաբը փաստացի համակարգում և ղեկավարում էր անցած տարվա պատերազմն Արցախի և Հայաստանի դեմ։ Թվում է՝ հարցի պատասխանն ինքնին ակնհայտ է, բայց Փաշինյանին հույժ անհրաժեշտ է, որ Էրդողանն ու Ալիևը հրապարակայնորեն չքմեղանան, թե ի՞նչ ցեղասպանություն, իրենց ուզածն ընդամենը խաղաղությունն է։