ԿՈՄՊՐՈՄԱՏ՝ ՑՊԱՀԱՆՋ

Գյուլնազ տատի հեքիաթների շարունակությունը

Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին Փաշինյանի պատասխաններից ոչ շատ առաջ իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց հապշտապ հորինած մի առասպել, թե Փաշինյանը, իբր, հրաժարվել է ինչ-որ բան այնտեղ ստորագրել, և ընդհանրապես, ոտքը գետնին է զարկել... Սաստելով ոչ այն է Պուտինին, ոչ այն է Ալիևին, իսկ գուցեև՝ երկուսին միանգամից։ Նոյեմբերի 23-ին Փաշինյանը պատմեց, թե հրաժարվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպումից, որը, մի շարք կանխատեսումներով, պիտի ավարտվեր ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ:

Դրանից հետո Կրեմլից հաղորդեցին, որ եռակողմ հանդիպումը տեղի կունենա կողմերի համաձայնության դեպքում՝ ինչ-որ որոշակի արդյունքի ակնարկով։ Նոյեմբերի 16-ին սկսվել է Սյունիքի հայկական դիրքերի դեմ ագրեսիայի բաց փուլը Սիսիանի ուղղությամբ, որի մոտակայքում Բաքուն, ենթադրաբար, նախատեսում է «միջանցք» բացել: Դիրքային մարտերից հետո Փաշինյանն ասաց, որ հավանություն է տալիս սահմանազատման և սահմանագծման ռուսաստանյան առաջարկներին։

Ռեժիմի քարոզչամեքենան շեշտը դնում է այն բանի վրա, թե Փաշինյանը «հրաժարվել է» ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, իսկ հիմա նրան «ստիպում են», սպառնալով նոր պատերազմով։ Սա Գյուլնազ տատի այն հեքիաթների շարունակությունն է, թե նա չէր ուզում հանձնել Արցախը, բայց բանակը պարտվեց պատերազմում։ Նոյեմբերի 16-ին էլ նա «չէր ուզում» զիջել 4 դիրքերը, բայց զինվորականները նահանջել են։ Արդյունքում զավթիչների վերահսկողության տակ են անցել հերթական ռազմավարական բարձունքներն ու դիրքերը Սյունիքի տարածքում։

ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին պատասխանելիս կապիտուլյանտն ասաց, որ «ժող ջանը» պետք է իմանա հետևյալը. «Եթե Հայաստանում տենց տվող կառավարություն լիներ, էդ կրակոցները չէին հնչի»։ Այս պարզունակ հնարքը նախատեսված է դեռահասի գիտակցություն ունեցող մարդկանց համար, որոնք սովոր են սնվել քաղաքական առասպելներով։ Իսկ նրանց համար, ովքեր գերադասում են իրականությունը, նշեմ, որ եթե «հարբած ծաղրածուն» (Ալիևի բնորոշումը) թեկուզ մեկ րոպեով ձգձգեր տարածքների հանձնումն ու անդրկուլիսյան պայմանավորվածությունների կատարումը, ապա ի հայտ կգար կոմպրոմատի այնպիսի հեղեղ, որ նույնիսկ ՊՆ բունկերը չէր փրկի Նիկոլին անխուսափելի հաշվեհարդարից։

Հայաստանում կրակում են ոչ թե այն պատճառով, որ կապիտուլյանտը հրաժարվել է հանձնել Սյունիքը, այլ որովհետև ադրբեջանցիները փորձում են արագ տիրանալ նրան, ինչը իրենց են հանձնել «բանավոր ընկալման» և զորքերի հետքաշման միջոցով՝ առանց որևէ սահմանազատման և սահմանագծման։

Փաշինյանն ամեն ինչ անում է հարկադրված

44-օրյա պատերազմի ժամանակ կապիտուլյանտը մահվան մատնեց 5 հազար զինվորի, որպեսզի իրեն դավաճան չհամարեն։ Իսկ քանիսի՞ն է նա մտադիր մահվան մատնել, որպեսզի իրեն չմեղադրեն Սյունիքը միտումնավոր հանձնելու մեջ։ Գուցե դա՞ է պատճառը, որ լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հարցերին պատասխանելիս նա սկսեց մտորումներ արտահայտել այն մասին, թե ծրագրում են արդյոք Թուրքիան ու Ադրբեջանը հայոց նոր ցեղասպանություն, թե՞ ոչ։

Փաշինյանը, հավանաբար, միակ հայն է մոլորակի վրա, որը չգիտի այդ հարցի պատասխանը։ Իսկ բացի այդ նա հայտարարեց, որ չգիտի, թե «որտեղ է զիջումների կետը», այսինքն թե ինչ զիջումներ կպահանջեն իրենից այս անգամ։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այդ առնչությամբ հայտարարեց, որ «Փաշինյանն ամեն ինչ անում է հարկադրված»: Կապիտուլյանտի հետ խոսում են միայն հարկադրանքի լեզվով

Սահմանագծման ու սահմանազատման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մի բառ անգամ չկա։ Այդուհանդերձ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարեց. «Եթե Հայաստանի վարչապետի համար ընդունելի են դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի առաջարկները, ուրեմն դրանք բխում են մեր շահերից»: Իրականում այն, ինչ ընդունելի է կապիտուլյանտի համար, կործանարար հետևանքներով է սպառնում ողջ ժողովրդին և հայկական երկու պետություններին, ուստի պետք է անհապաղ իրազեկել միջազգային հանրությանը, որ ռեժիմի պարագլուխը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, այլ գործում է ի նպաստ Բաքվի և Անկարայի շահերի։

Քանի դեռ խամաճիկը հնազանդ է տիկնիկավարներին…

Դժվար թե որևէ մեկը կասկածի տակ առնի այն, որ Փաշինյանի ու իր ընտանիքի դեմ բրիտանական ՄԻ-6-ը և թուրքական հատուկ ծառայությունները վարկաբեկիչ փաստաթղթերի ծանրակշիռ փաթեթ ունեն։ Եթե Փաշինյանը գեթ մեկ սանտիմետր շեղվեր վերելակային պայմանավորվածություններից, ապա հայ ժողովուրդը սպառիչ պատասխաններ կստանար այն հարցերին, թե որտեղ, ով և ում միջոցներով է ծրագրել ու իրականացրել 2018-ի գարնան հատուկ գործողությունը՝ գունավոր հեղափոխության ցուցանակի տակ։

Ժողովուրդը կիմանար, թե ով է Աննա Հակոբյանի հիմնադրամների գաղտնի հովանավորը և կստանար այն հարցի պատասխանը, թե քանի զինվոր է զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանին շրջապատումից դուրս բերելու գործողության ընթացքում:

Իսկ բացի այդ, ժողովուրդը կիմանար մանրամասները ռեժիմի ղեկավարի հոգեկան վիճակի և ալկոհոլային կախվածության մասին, ինչը բոլոր ժամանակներում եղել է հատուկ ծառայությունների հանգամանալի ուսումնասիրության առարկա։ Կոմպրոմատը կարող էր վերջ տալ կապիտուլյանտի ռեժիմին հաշված ժամերի ընթացքում, բայց քանի դեռ խամաճիկը հնազանդ է տիկնիկավարներին, թուրքական և բրիտանական հատուկ ծառայությունները կլռեն։ Եթե Փաշինյանը համաձայներ դադարեցնել պատերազմը Ռուսաստանի նախագահի առաջարկով, երբ կարելի էր պահպանել հազարավոր կյանքեր և վերահսկողությունը Շուշիի ու Հադրութի նկատմամբ, ապա հայ հասարակության վրա կոմպրոմատի հզոր հեղեղ կթափվեր «գերագույն գլխավոր հրամանատարի» ու իր ընտանիքի մասին։

Ալիևը Փաշինյանին չէր ների ողջ Արցախի հանձնման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումից խուսափելու փորձերը։ Եթե ռուսները ժամանակին չպարզեին, թե ում օգտին է խաղում «գերագույն գլխավոր հրամանատարը», ապա այսօր մենք չէինք ունենա Արցախի Հանրապետության նաև այն պատառիկը, որի կարգավիճակի մասին կապիտուլյանը կրկին նախընտրում է չմտածել ։

Խամաճիկի խամաճիկը

Հայաստանում կա իշխանություն, որը հակառակ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տառին ու ոգուն, հետ քաշեց զորքերն ու հնարավոր դարձրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բռնազավթումը: Հայաստանում կա իշխանություն, որը շարունակում է տարածքներ հանձնել դիրքային պատերազմի անվան տակ, դատողություններ անելով սահմանազատման-սահմանագծման թեմայով բանակցություններին իր պատրաստակամության մասին։

Ռեժիմի պարագլուխը շարունակում է ստել՝ հող նախապատրաստելով երկրի և ժողովրդի դեմ նոր հանցագործությունների համար։ Այդ առնչությամբ անիմաստ է հարցնել, թե որ հանդիպումն է ավելի կարևոր. այն, որն այսօր տեղի կունենա Սոչիում, թե՞ այն, որը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում: ՌԴ գլխավոր շտաբի ո՞ր քարտեզն է ավելի լավ՝ մեր շահերի տեսանկյունից, իսկ որը՝ ավելի վատ։ Կապվա՞ծ է արդյոք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը Արցախի կարգավիճակի հետ։ Ինչպիսի՞ք են լինելու սահմանագծման-սահմանազատման իրականացման մեխանիզմները։

Ինքը՝ կապիտուլյանտը հեռուստաեթերի ընթացքում այս և այլ հրատապ հարցերին պատասխանեց վերացական արտահայտությամբ, թե իբր՝ «պետք է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում այս տերմինաբանության տակ»: Սույն արտահայտությունը նշանակում է, որ նշված հարցերի պատասխանները նա չունի այն պարզ պատճառով, որ այդ հարցերը լուծում է բնավ ոչ ինքը. դրանք լուծում են իր փոխարեն և առանց իրեն: Նա, ինչպես արտահայտվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ է, այլ «բանակցությունների սեղանին»։

Օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հնչեցրեց մի շատ հետաքրքիր տեղեկատվություն։ Նրա խոսքերով՝ ողջ աշխարհում սահմանազատման և սահմանագծման խնդիրները լուծվում են միջպետական հանձնաժողովների ձևավորման միջոցով՝ արտաքին գործերի փոխնախարարների նախագահությամբ: Խիստ հազվադեպ այդ հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետները, բայց դեռ չի եղել մի դեպք, որ նման գործընթացների համար պատասխանատվությունը դրվի պաշտպանության նախարարի վրա։

Մանուկյանը մեղադրեց ռեժիմի պարագլխին անգրագիտության մեջ, իսկ մենք հավելենք, որ նույնիսկ ամենախոնարհ խամաճիկներն ունեն իրենց սեփական, է՛լ ավելի խոնարհ խամաճիկները։ Ո՞վ է մեր պաշտպանության նախարարը։ Մարդ, որը դանակահարել է սպային և բանտ նստել դրա համար, իսկ լինելով իշխանության մեջ՝ հաշվեհարդար է տեսել ԱԱԾ սպայի հետ, որը լրատվամիջոցներին տեղեկություններ է փոխանցել իր քրեական անցյալի մասին։ Պատահական չէ, որ Փաշինյանը իր ամենահավատարիմ խամաճիկին նշանակեց պաշտպանության նախարար և, համատեղության կարգով՝ երկրորդ մեծ դավաճանության մասնակից։

«Ես չեմ հասկանում, ուղիղ կապով ի՞նչ է քննարկելու Հայաստանի պաշտպանության նախարարը մեզ ոչնչացնել ցանկացող Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ»,- հարցադրում արեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ Ավաղ, նրա հարցը ավելորդ խնդիրների շարքից է, քանզի, ինչպես ասում էր Միխայիլ Գորբաչովը, գործընթացը սկսվել է։ Դավաճանության մեխանիզմները գործարկված են, վերջնական արդյունքում ստանալու ենք ևս մեկ կապիտուլյացիա։ Կոմպրոմատը քաղաքական դավաճանությունների հզորագույն շարժիչ է։