Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ․ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄՆ Է

Հրատապ խնդիր է կասեցնել նորանոր պարտությունների տանող, երկրի գահավիժող ընթացքը` մատնանշելով այն կարմիր գիծը, որից այն կողմ կատարված որևէ նահանջ ու զիջում հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի։ Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Նկատի ունենալով «Մեծ Թուրանի» գաղափարով թուրքական երկրները համախմբելու ու հնարավորինս արագ այս գաղափարից առավելագույնը ստանալու թուրք–ադրբեջանական տանդեմի հավակնությունները`Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգն այսօր Հայաստանի թուրքացումն ու Արցախի հայաթափումն է»,– ասաց Ռուսատմանը։

Թուրքացման ուղին, ըստ նրա, Հայաստանի տնտեսական, անվտանգային ու այլ բնույթի կախվածությունն է Թուրքիայից։ Դրա վերջնական արդյունքում Հայաստանը, Ռուստամյանի բնորոշմամբ, կմնա իրավականորեն անկախ, բայց փաստացի կդառնա Թուրքիայից կախյալ կցորդ երկիր։

Որպես Արցախի հայաթափումը կանխելու միջոց Ռուստամյանը մատնանշեց Արցախի` Ադրբեջանի կազմում կամ անկլավային որևէ վիճակի բացառումը, Արցախի ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովումը, գրավյալ տարածքերի դեօկուպացիայի խնդիրը, ինքնորոշման իրավունքը յուրացնելու` Հայաստանի հանձնառության վերականգնումը։

Ռուստամյանը կարևորեց նաև արցախյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերականգնումը` «Ճանաչում` հանուն փրկության» միջազգային սկզբունքի կիրառմամբ։

«Ակնհայտ է, որ պատերազմը ոչ թե ավարտվել է, այլ փոխել է իր բնույթը։ Եվ նոր` ավելի ծանր պարտությունից խուսափելու համար անհրաժեշտ է մեծացնել մեր ժողովրդի և պետության դիմադրողականությանը»,– ասաց Ռուստամյանը` հավելելով, որ այդ գաղափարին է ուղղված իրենց առաջարկած համազգային դիմադրություն ձևավորելու նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ ներկայիս իշխանությունը, հանձինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, բազմիցս նշել են, որ Հայաստանն առանձնացնում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումները և պատրաստ է դրան։

Փաշինյանի կարծիքով` Թուրքիայի նախագահի վերջին ելույթները տեղիք են տալիս մտածելու, որ Թուրքիան էլ է պատրաստ դրան։

Ըստ վարչապետի` խոսքը տարածաշրջանը խաչմերուկի վերածելու մասին է, որը հյուսիսը հարավին և արևելքը արևմուտքին կմիացնի: Փաշինյանը նշել էր, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս գործընթացին: Գործընթացով հետաքրքրված են նաև ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն,Չինաստանը, Հնդկաստանը։

Sputnik Արմենիա