Կաստալդո․ ԵՄ-ն կաջակցի Հայաստանին

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ տեսաուղերձով հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն՝ նշելով, որ տարածքային վեճերի լուծումը խորը տառապանք է պատճառել հայ ժողովրդին։

«Տարածքային վեճերի լուծումը խորը տառապանք է պատճառել հայ ժողովրդին, այն կպահանջի համբերություն ու ժամանակ։ Հաջող դիվանագիտական լուծումներ, հեռանկարներ, անշուշտ, կան, ու Եվրոպական միությունը կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն՝ վերակառուցման ու հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում, որը չի ավելացնի Հայաստանի՝ արդեն իսկ կրած հսկայական կորուստները», - ասաց նա։

Կաստալդոն ընդգծեց՝ չպետք է աչքաթող անել այն ամենն, ինչ ձեռք է բերել Հայաստանն իր անկախությունից ի վեր։

«Համոզված եղեք, որ ամբողջ աշխարհում հայ համայնքների ձայնը լսելի է, մենք ոչ մի դեպքում չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները, այլևս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը կգերակայեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը», - ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը, տեղեկացնում է Aysor.am։