Դատարանն արգելել է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակել Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը: Մինչ նիստը սկսելը, դատարանը, ընդառաջելով մեղադրող կողմի առաջարկը, արգելել է ուղիղ եթերով հեռարձակել նիստը՝ փոխարենը թույլ տալով տեսագրել այն։ Այս մասին գրում է Yerevan.today կայքը:

Մեղադրող կողմը ներկայացրել է մեղադրանքը, որը Առուշանյանը չի ընդունել՝ ասելով, որ մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։ Առուշանյանը մասնավորեցրել է, որ իր դիրքորոշումը հիմնավոր կներկայացնեն փաստաբանները։

Այս պահին մեղադրող կողմը ներկայացնում է Լուսինե Ավետյանի մեղադրանքը։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել էին ՀՔԾ-ից: