Չենք հնազանդվի կործանարար որոշումներին. «Ռեստորանների ասոցացիան»` Ավանեսյանի ասածի մասին

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ–ն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի այն հայտարարության հետ, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն թեստի կամ էլ պատվաստման հավաստագրով։

Ավանեսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հունվարի 1-ից մշակութային միջոցառումներին և հանրային սննդի վայրեր մուտք կգործեն միայն պատվաստման կամ էլ թեստավորման հավաստագրով։

«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը և առողջապահության նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։ Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարներըկնախաձեռնենհակազդեցությանքայլեր»,–նշված է ՀԿ–ի հայտարարության մեջ։

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ–ն հայտնում է, որ ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է 50 000 աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին։ ՀԿ–ն կոչ է անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով, մասնավորապես, առողջապահությամբ` զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել էր` առողջապահության նախարարությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ կիրառել ՀՀ մուտք գործող այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» շտամը։

Նախատեսվում է արգելել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը ՀՀ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։