Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԴԵՄ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՅՆ ԲԱՆԻՑ ՀԵՏՈ, ԵՐԲ ՆԱ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՉ ՀԱՃՈ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ
Մեզ համար անսպասելի էր այս որոշումը, որովհետև խիստ նկատողությունն այն կարգապահական միջոցն է, որը կիրառվում է, երբ դատական իշխանությունը լուրջ կերպով հեղինակազրկվում է դատավորի գործողություններով, իսկ մենք, իրականում, ունենք հեղինակազրկում, բայց ոչ Զարուհի Նախշքարյանի կողմից: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, բավարարվելու և Նախշքարյանին խիստ նկատողություն հայտարարելու ԲԴԽ որոշմանը:
«Այս գործը, համարում ենք, կանխակալ մոտեցում ունի` պայմանավորված նրանով, որ դատավոր Նախշքարյանը կայացրել է իշխող քաղաքական ուժի ղեկավարին ոչ հաճո վճիռ` անձնապես իրեն առնչվող գործով: Հատկանշական է, որ նրանց փաստաբանի` մեր պնդմամբ` լիազորություններից դուրս բողոքը ԱՆ ներկայացվել է ոչ թե դրա առարկա հանդիսացող բացարկի որոշումը մերժելուց հետո, այլ վերջնական որոշում կայացնելուց հետո: Այսինքն, մարդիկ սպասել են, տեսնեն` իրենց հաճո որոշում է կայացնում, թե ոչ հաճո, կայացվել է ոչ հաճո որոշում` այդպես է ճիշտ համարել դատարանն արդարադատություն իրականացնել, որից հետո սկսվել է կարգապահական հետապնդումը Նախշքարյանի նկատմամբ»,- նշեց Մելիքյանը:
Մելիքյանի փոխանցմամբ` Նախշքարյանի նկատմամբ ևս մեկ կարգապահական վարույթ է հարուցվել, և եթե այդ գործով Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը ևս բավարարվի, ապա դատավորի լիազորությունները կարող են կասեցվել:
«Եթե երրրորդ գործով էլ որոշվի նկատողություն հայտնել Նախշքարյանին, ապա վերջինի լիազորությունները կդադարեցվեն` այս պահին գործող օրենսդրության և դրա մեկնաբանության հիմքով: Սա, ակնհայտորեն, քաղաքական բնույթ կրող գործընթաց է, բայց վստահ եմ, ոչ հեռու ապագայում մենք կկարողանանք ունենալ այս վարույթով արդարություն միջազգային ատյաններում, որովհետև վերջին շրջանում, բարեբախտաբար, միջազգային դատարանները շատ ավելի աչալուրջ վերաբերմունք են դրսևորում դատավորների իրավունքների պաշտպանության հարցերում, հույս ունենք` դա նաև այս գործին կվերաբերի: Այս գործի հիմքերը այնքան թույլ են, որքան նախորդ երկուսի դեպքում: Հիմա երրորդ գործի մասին նպատակահարմար չենք համարում խոսել, ընդամենը կասեմ հետևյալը` խոսքի մի գործի մասին է, որի դեպքում հայց է բավարարվել` կապված պատվի ու արժանապատվության հարցի հետ, որը հետագայում վերաքննիչ դատարան է բողոքարկվել, որը նույնն է դատական ակտը թողել` նաև հատուցման գումարի չափը, սակայն չի համաձայնել դատավոր Նախշքարյանի որոշ ձևակերպումների հետ, այդ հիմքով էլ կարգապահական վարույթ է հարուցվել: Գործերի առնվազն 15-20%-ի դեպքում լինում են բեկանումներ, վերադաս դատարանները այլ կարծիք են ունենում, ստորադասները` այլ, և ամեն նման դեպքում Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ չի հարուցում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին վերաբերող գործով ոչ հաճո վճիռ կայացնողին, ապա, կարծում եմ, սա նրանց տրամաբանությամբ շատ հասկանալի էր»,- նշեց Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթը հարուցել է՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ Ըստ հայցվոր կողմի հիմնավորման` դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել անչափահաս հայցվորի՝ Շուշան Փաշինյանի օրինական ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սակայն ինքնաբացարկ չի հայտնել, իսկ կողմնակալությունն արտահայտվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների շրջափակման, ինչպես նաև՝ Փաշինյանի կողմից դատավորների նկատմամբ «վնգստացող դատավորներ» արտահայտությունների վերաբերյալ գնահատականներով, որոնց մասին խոսել է իր հարցազրույցներում։ Մասնավորապես, դատավորը նշել էր, որ ինքը վիրավորվում է, երբ դատավորներին անվանում են «վնգստացող դատավորներ», և այդ հայտարարությունները կարող են նվաստացնել դատական համակարգը։ Այս հիմքով հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, թե, իբրև, դատավորն ունի կանխակալ վերաբերմունք հայցվորի օրինական ներկայացուցչի՝ հոր նկատմամբ, ինչը մերժվել է։ Դատարանն արձանագրել է, որ չկա որևէ խոսք, որը կարող էր մեկնաբանվել որպես քաղաքական, և իր խոսքերը չեն վիրավորում, չեն վերաբերում հայցվորի օրինական ներկայացուցչին։
Նախշքարյանի նկատմամբ հարուցված մեկ այլ կարգապահական վարույթով նախարարության ներկայացրած միջնորդությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ն մերժել է: Կարգապահական վարույթը հարուցվել էր դեռևս 1.5 տարի առաջ ընդդատության խախտման պատճառաբանությամբ դատարան ներկայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելու համար։ Մասնավորապես, ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության, դատավորը վերադարձրել է գումարի բռնագանձման պահանջով ներկայացված հայցադիմումներից մեկը՝ արձանագրելով, որ սույն գործը չի կարող քննվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, քանի որ պատասխանողը գրանցված է Վանաձորում, հետևաբար, գործը պետք է ըստ ընդդատության քննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, մինչդեռ, նախարարությունը գտնում էր, որ դա վարկաբեկել է դատական իշխանությունը, նվազեցրել հանրության վստահությունը և կասկածներ առաջացրել՝ դատարանների անկողմնակալության, անաչառության վերաբերյալ։