ԽԱԽՈՒՏ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԼԱՆՍՈՎ՝ ԴԵՊԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»

Ցանկացած պետություն պատերազմ սկսելուց առաջ, համադրելով Գլխավոր շտաբի՝ բաց և փակ աղբյուրներով ստացված ամբողջական տեղեկատվությունը, գնահատում է սեփական հաղթանակի հավանականությունը։ Պարզ է, որ միայն 100 տոկոսանոց վստահության դեպքում է որոշում կայացվում հակառակորդի դեմ ռազմական գործողություններ սկսելու։ Օրինակ, 44-օրյա պատերազմն սկսելիս թշնամին, ի թիվս մի շարք ռազմաքաղաքական գործոնների հաշվառման, բնականաբար տեսնում էր սեփական օդային գերակայությունը մեր նկատմամբ և օգտագործեց դա, ինչն էլ ճակատագրական դարձավ ռազմական մեր պարտության հարցում։

Ադրբեջանի օդային գերակայությունը պատերազմից հետո ոչ միայն չեզոքացված չէ, այլև չի վերականգնվել անգամ մեր ռազմական ավիացիայի բացը։ Մինչդեռ ապագա անխուսափելի պատերազմում թշնամու դեմ հավասարը հավասարի պես մենամարտելու համար պետք է նախևառաջ հակաօդային պաշտպանության արդիական համալիրներով փակել հեռահար հրթիռահրետանային միջոցների և անօդաչուների կրակը։ Չէ՞ որ վերջին պատերազմի ամենացավալի արձանագրումն այն է, որ մեր կենդանի ուժի, դիրքերի, սպառազինության, այդ թվում՝ ՀՕՊ միջոցների կորուստների ճնշող մեծամասնությունն ադրբեջանական ԱԹՍ-ների կետային հարվածների հետևանք են։

Հայկական կողմն, օրինակ, մինչև 44-օրյա պատերազմը պարտավոր էր վերլուծել սիրիական փորձը, երբ թուրքական ցամաքային բանակը փաստացի պարտվեց Ռուսաստանին, քանի որ վերջինս ժամանակին «փակեց օդը»։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռազմաքաղաքական հավասարակշռության առումով առավելություն չուներ մեր նկատմամբ, քանի որ հայկական բանակը տիրապետում էր թշնամու բոլոր զինատեսակների հակամիջոցներին։ Այդ հավասարակշռությունն էապես խախտվեց 2019-20-ին, երբ հարվածային անօդաչուները համալրեցին թշնամու ռազմական ավիապարկը։

Պատահական չէ, որ պատերազմի ամբողջ ընթացքում, նաև դրանից հետո անցկացված լայնածավալ զորավարժությունների ընթացքում Իրանը հենց հակաօդային պաշտպանության զորքեր էր կենտրոնացրել մերձարաքսյան հատվածում։ Պանթուրանական աղեղի ձևավորումը և Հայաստանի ու Իրանի միջև ցամաքային կապը կտրելը, Սիսիանով, Մեղրիով կամ մեկ այլ սյունյաց բնակավայրով Ադրբեջանն ու Նախիջևանը կապելը, փաստացի, Իրանին շատ ավելի է անհանգստացնում, քան մեզ։ Ամեն դեպքում, Իրանի լրացուցիչ ռազմական ներկայությունն Արաքսի հովտում դա է վկայում, որքան էլ Ռայիսին ու Ալիևն Աշխաբադում իրար երեսի ժպտան։ Պատահական չէ, որ հենց մերձարաքսյան հարթավայրն էր պատերազմում թշնամու հարձակման հիմնական ուղղությունը, ոչ թե կենտրոնը՝ Ակնա-Ասկերան-Ստեփանակերտը, ինչպես 2016-ի ապրիլյան մարտերում։

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, Սոչիում Պուտինի և Ալիևի հանդիպումն ընդհուպ ռուս-ադրբեջանական «ռազմավարական գործընկերության» ոգով էր։ Ամեն դեպքում, Մոսկվան հրաշալիորեն տեսնում է Ադրբեջանի ինքնիշխանության շարունակական զիջումը Թուրքիային, և դա չի կարող նրան չմտահոգել։ Էրդողան-Բահչելի զույգի ցուցադրած պանթուրանական քարտեզը՝ մինչև Ալթայ թուրքական մահիկի պատկերով, պիտի որ լրջորեն անհանգստացնի ռուսաստանյան էլիտաներին, և եթե Հարավային Կովկասում թյուրքախոս տարրի էքսպանսիոնիզմը չսանձահարվի, Մոսկվան կարող է ստիպված լինել վաղը դա անել, օրինակ, Վոլգայի ափերին։

Մյուս կողմից, հնարավոր բոլոր կողմերից Ռուսաստանի քաղաքական շրջափակումն ու մեկուսացումը, արհեստածին խնդիրների բորբոքումը երբեմնի կայսրության պատասխանատվության գոտու երկայնքով՝ Բելառուսից մինչև Ղրղզստան, բնական է, մանրևելու քիչ տեղ է թողնում Արցախի և անգամ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների իրացման հարցում։