Պաշտպանության փոխնախարարը տեղյակ չէ, թե ինչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում ՀՀ օդային սահմանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց, թե բավական տևական ժամանակ ՀՀ օդային տարածքը տրվում է ադրբեջանական ավիաուղիներին։

«Կա ֆիքսված շարժում, որ Բաքվից Նախիջևան են գնում, ձևական առումով, քաղաքացիական ինքնաթիռներ։ ՊՆ-ն տեղեկացված է արդյոք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, թե ինչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում ՀՀ օդային սահմանը, վայրէջք կատարում Նախիջևանում, ապա Նախիջևանից վերադանռում դեպի Բաքու՝ օգտագործելով ՀՀ օդային տարածքը», - Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց Ղազինյանը։

Փոխնախարարն էլ ասաց, թե հիշում է մեկ դեպք, երբ մեծ աղմուկ բարձրացավ նույն խնդրի հետ կապված, երբ ՀՀ օդային տարածքով ադրբեջանական օդանավ էր անցել։

«Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ես մանրամասներին տեղյակ չեմ ինչ ընթացակարգերով է իրականացվում, եթե Դուք ավելի համապարփակ տեղեկություն եք ուզում ստանալ, կարող եք դիմել քաղավիացիայի կոմիտե։ Անձամբ ես Ձեր հարցին խորը պատասխան չեմ կարող տալ», - ասաց Սարգսյանը, տեղեկացնում է Aysor.am։