ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է 3 ՄԻԼԻՈՆ «ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ»
Պետության առաջին դեմքերին բժշկական օգնություն տրամադրելն անհրաժեշտ է, և դա ճիշտ մոտեցում է, լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հաղորդում Է Aysor.am-ը։ Նա կոչ է արել նույն հարթության մեջ չքննարկել պետության կողմից երաշխավորված առաջնային և անվճար բուժօգնության շրջանակներում զինծառայողների հետազոտման ու բուժման մասին օրինագծի մերժման որոշումը և պետբյուջեի հաշվին անձնական բժշկի տրամադրումը վարչապետին ու ԱԺ նախագահին:
«Իրար հետ կապ չունեցող երկու հասկացությունները բերում եք նույն հարթության վրա: Մեր զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները արտոնյալ պայմաններով օգտվում են բժշկական օգնությունից՝ իրենց նախընտրած բժշկական կենտրոնում»,- ասաց Ավանեսյանը։ Ինչ վերաբերում է պետության առաջին դեմքերին անվճար բուժօգնություն ցուցաբերելուն, ապա նա դա համարում է անվտանգության հարց։ «Առաջին դեմքերը, ինչպես նաև այլ երկրներից ժամանող բարձրաստիճան հյուրերը պետք է օգտվեն անհրաժեշտ բժշկական օգնությունից, սա ընդունված, ճիշտ պրակտիկա է, նաև անվտանգության հարց է»,- ասաց նա։
Բայց անհնար է լռել։ Դատելով ամենից՝ Վահան Քերոբյանի դափնիները քուն ու դադար չեն տալիս Անահիտ Ավանեսյանին։ Չէ, ոչ այն պատճառով, որ առողջապահության նախարարը «հեղինակավոր» կերպով հայտարարում է, թե չպատվաստված քաղաքացիների կողմից սրճարանների և ռեստորանների այցելության արգելման վերաբերյալ իր ղեկավարած գերատեսչության նախաձեռնությունը որևէ բացասական հետևանքներով չի սպառնում տնտեսությանը։ Ի վերջո, եթե իրավաբան Ավանեսյանը այնքան բանիմաց է բժշկության ոլորտում, որ ղեկավարում է առողջապահության համակարգը, ապա նրա համար ի՞նչ մեծ բան է նույնքան վստահորեն գնահատել տնտեսական բնույթի հարցերը։ Խաղուպար է։
Մանավանդ եթե հաշվի առնենք, որ բժշկության բնագավառում իրավաբանի բանիմացությունը ոչնչով չի զիջում սուրհանդակային ծառայությունների մասնագետի բանիմացությանը տնտեսության ոլորտում։ Այնպես որ և՛ Ավանեսյանը կարող է համարձակ ու ծանրակշիռ խոսել տնտեսության մասին, և՛ Քերոբյանը նույնքան համարձակ ու ծանրակշիռ կարող է դատողություններ անել առողջապահության մասին։
Իրականում կառավարության իր գործընկերոջ հետ Ավանեսյանը կատաղի մրցակցային պայքարի մեջ է մտել հայացքների, մեղմ ասած, էքսցենտրիկության և հրապարակային հռետորաբանության մասով։ Համենայնդեպս՝ այն, թե ինչպես է նա խորհրդածում պետության առաջին դեմքերին բուժօգնություն տրամադրելու թեմայի շուրջ, միանգամայն կարող է մրցակցել քերոբյանական մտքի մարգարիտների հետ։
Այո, որոշակի իմաստով պետության առաջին դեմքերի առողջությունն արժանի է բուժանձնակազմի հատուկ վերաբերմունքի։ Բայց այն բանից, թե քանի անգամ փռշտաց Նիկոլ Փաշինյանը, քանի աստիճանով բարձրացավ Ալեն Սիմոնյանի մարմնի ջերմաստիճանը և ինչպիսին է Արմեն Սարգսյանի զարկերակային ճնշումը, երկրի անվտանգությունը հաստատ կախված չէ։ Այն կախված է հայոց բանակի ինքնազգացողությունից, դիրքերում կանգնած սպաների ու երիտասարդ զինվորների բարոյահոգեբանական վիճակից, զինված ուժերի նյութատեխնիկական ապահովումից։ Նույն այն զինուժի, այն բանակի, որոնք մեթոդաբար փլուզվում են հենց պետության գործող առաջին դեմքերի կողմից։
Ինչպե՞ս են փլուզվում։ Շատ պարզ. պաշտպանության նախարարի պաշտոնում Պապիկյանի նշանակումով, գեներալների դեմ քրեական գործեր հարուցելով, գրոհող թշնամու վրա կրակելու և չկրակելու հրամաններով, այն կասկածներով, թե ինչ հանգամանքներում են հայ զինծառայողները գերի ընկել, սահմանի մարտական դիրքերը պատշաճ կերպով կահավորելու և ամրացնելու ցանկության բացակայությամբ և անկարողությամբ... Սա լոկ մի փոքր մասն է այն ամենի, ինչը բարոյահոգեբանական անտանելի մթնոլորտ է ձևավորում երկրի ու նրա քաղաքացիների անվտանգության երաշխավորի՝ բանակի շարքերում։
Այո, պետության առաջին դեմքերի առողջությունը կարևոր է։ Բայց խոսքը տվյալ դեպքում անվճար բուժսպասարկման մասին է։ Այսինքն բարձրաստիճան պաշտոնյաների «վալերիանկայի», «պարացետամոլի» և սպեղանու համար վճարում են շարքային հարկատուները։ Եվ դա ներկայացվում է իբրև պետական անվտանգության հարց։
Ասենք, Ավանեսյանը դեռ համեստություն է անում ՝ խոսելով առաջին դեմքերի մասին և մոռանալով նրանց հարազատներին։ Մեկ-երկու ամիս առաջ վարչապետի աշխատակազմը հանդես եկավ համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու և առաջին անձանց ընտանիքներին՝ ամուսիններին, զավակներին, ծնողներին բյուջեի հաշվին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու առաջարկով։ Նույնպես, ըստ երևույթին, պետական անվտանգության նկատառումներից ելնելով…
Ուղիղ 3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ լինելով դեռևս վարչապետի պաշտոնակատար, մարտունեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է, և մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը շատ լուրջ հասկանանք ու գնահատենք։ Եվ երբ հիմա ասում ենք, որ ձեզանից ամեն մեկը վարչապետ է, նկատի ունենք, որ ինչպես մեր՝ իմ, նախարարի, մարզպետի, այնպես էլ ձեզանից ամեն մեկի պատասխանատվության ժամն է եկել, որ դուք հասկանանք, թե ձեր ամեն որոշումից ինչքան մեծ բան է կախված»։ Չէր խանգարի, որ առողջապահության նախարարն այսօր հիշեր Փաշինյանի խոսքերը։ Այդժամ գուցե հասկանար, որ երկրի անվտանգությունը կախված է ոչ թե առաջին դեմքերի առողջական վիճակից, այլ երեք միլիոնի ինքնազգացողությունից։