Արմեն Սիմոնյան․ Քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես նման տեղեկատվություն չունեմ, որ ադրբեջանցիները երկաթգիծ են կառուցում դեպի Նախիջևան և արդեն գնացքով շարժվում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:


«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ենթադրվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում: Հունվարի 11-ի հայտարարության համաձայն նախանշվել են 4 կետով այն մեխանիզմները, որոնց հիման վրա այդ ամենը պետք է արվի: Այսինքն ստեղծվում է եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների մասնակցությամբ և ուսումնասիրվում են տարբեր երթուղիներ: Նույն հայտարարության մեջ նշվում է, որ որպես առաջնահերթություն դիտարկվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները: Երկաթուղու մասով ամեն ինչ պարզ է, թե ինչ ուղղություններ ունենք: Մեկը Երասխից դեպի Նախիջևան անցնող ուղղությունն է, մեկը հարավով, Մեղրիով անցնող ուղղությունն է: Մեկ ուղղություն ունենք, որը գնում է Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան, ունենք ուղղություն, որն այսօր գործում է, դա Վրաստանի տարածքով է, և ևս մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում:

Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները։ Ես որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, որովհետև այդ մասով որևէ հստակություն չկա։ Պետք է լինի ապաշրջափակում, որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից», - ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է։

«Մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ ենք ստանում Ռուսաստանի Դաշնության հետ, Նախիջևանի տարածքով կապ ենք ստանում Իրանի հետ, սրանք են հիմնական ուղղությունները, որոնք հնարավոր է, որ այս պարագայում ապաշրջափակվեն», - ասաց Արմեն Սիմոնյանը, տեղեկացնում է News.am։