ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Գիտակցո՞ւմ է արդյոք այս իշխանությունը, որ պատերազմում պարտության, արցախյան հարցի առկախման և պայմանական «Սյունիքի հարցի» առաջացման գնով ապագա սերունդների ուսերին մի նոր ծանր բեռ է թողնում, հավանական է՝ նոր պատերազմ։ Իսկ այն հաղթելու համար պետք է օգտագործել հարաբերականորեն խաղաղ ժամանակահատվածն ու պատրաստվել, մինչդեռ այսօր ճիշտ հակառակն է արվում։ Եթե 44-օրյա պատերազմը տրամագծորեն տարբերվում էր առաջին արցախյան պատերազմի՝ որսորդական հրացանների, ֆիդայական ջոկատների ու թշնամու հետ դիմահար մարտերի տրամաբանությունից, ապա միայն ենթադրել կարելի է, թե հայ-ադրբեջանական հնարավոր ապագա պատերազմում թշնամին ինչ գերժամանակակից սպառազինություն կարող է կիրառել մեր դեմ։
Վերջին պատերազմում մեր տապալումների մասին շատ է խոսվել, իսկ սխրանքների մասին՝ չափազանց քիչ։ Օրինակ, չնայած թշնամու՝ մի քանի ժամ տևող հրետանային հարվածներին և օդուժից ռմբահարումներին, մեր դիրքերի և խրամատների կետային արկակոծմանը, Արցախի հյուսիսային ուղղությամբ մեր զորքերն անգամ մեկ մետր չնահանջեցին՝ անխոցելի պահելով Մռավի դարպասները, իսկ հյուսիս-արևելքում՝ Մատաղիսի ուղղությամբ, նվազագույն կորուստներով հնարավոր եղավ կանգնեցնել թշնամու աննշան առաջխաղացումը։ Տեղային հաջողության այս պատմությունները վերլուծված և գնահատվա՞ծ են։ Ըստ ամենայնի՝ ոչ։
Փորձը ցավալիորեն ցույց տվեց, որ հրաձգային զենքի՝ ինքնաձիգների ու գնդացիրների առատությունը չի պաշտպանում զինվորին օդային հարվածներից, երբ զինվորն ինքն անհատական պաշտպանության միջոցներ չունի։ Բարձր կազմակերպվածություն, արհեստավարժ հրամանատարություն, Զինված ուժերի, այդ թվում Պաշտպանության բանակի շարունակական բարեփոխումներ՝ գաղափարներ, որոնց մասին ճամարտակողների պակաս չկա, մինչդեռ ՊՆ-ում և ԳՇ-ում կասկածելի նշանակումներն ու պաշտպանական ոլորտը քաղաքականացնելը, անգամ կուսակցականացնելը, այդ գաղափարները և մեր բանակը դարձնում են խոցելի ներսից։
Թշնամին կենդանի ուժի ավելի մեծ կորուստներից խուսափեց մասնավորապես հետախուզական անօդաչուների կողմից մեր դիրքերի տեղակայումների և զինվածության ճշգրտման, ապա խոցման միջոցով։ Սրան ի պատասխան՝ ի՞նչ է արել հայկական կողմը մեր հակաօդային պաշտպանությունը պատշաճ գործարկելու, օդային սպառնալիքները չեզոքացնելու և մարտի դաշտում թշնամու հետևակն ու հրետանին խոցելու, անգամ հետախուզական խմբերով թշնամու թիկունք ներթափանցելու հնարավորություն ստեղծելու համար։ Հենց մեր անպաշտպան օդի պատճառով էին թշնամական դիվերսիոն խմբերը պատերազմի օրերին վխտում Արցախի թիկունքում՝ մինչև Շուշիի շրջան։ Նույն մարտավարությունը հնարավոր պատերազմի դեպքում պետք է կիրառի հայկական կողմը։
Կարծես անհուսորեն փակվեց նաև աշխարհազորի թեման։ Եռամսյա հավաքների ամփոփումից հետո պարբերաբար մարզվող կամավորական ջոկատների, ԵԿՄ-ի հավաքագրող դերի, սահմանամերձ համայնքների բնակիչների կամավորագրման, նրանց կրակային պատրաստություն ուսուցանելու, կազմակերպվածության և կարգապահության մակարդակը բարձրացնելու, առաջնագծում անվտանգության կանոնները պահելու, օրինակ՝ հեռախոսներն արգելելու, աշխարհազորին մարզելու և նոր միայն մարտադաշտ ուղարկելու թեմաներն այլևս ակտուալ չեն, քանի որ չեն ներդաշնակում «խաղաղության դարաշրջանին»։