ԻՆՉՈ՞Ւ ԱՐՑԱԽԸ ԿՈՐՑՐԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵՑ «ԼԱՎՐՈՎՅԱՆ ՊԼԱՆԸ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտքի վերջին գոհարները, դրանց շուրջ առաջացած միջպետական սկանդալն ու ՌԴ ԱԳՆ պատասխան հայտարարությունը դարձյալ թարմացրին հայաստանյան հանրության հիշողությունն արցախյան հակամարտության կարգավորման նախընթաց տարբերակների շուրջ։ Մասնավորապես, հստակեցվեց, որ այն, ինչ Հայաստանում ընդունված է անվանել «լավրովյան պլան», իրականում ոչ թե հակամարտության հանգուցալուծման փաթեթ է, այլ ժամանակին գոյություն ունեցած պայմանական աշխատանքային տարբերակ, որը վերաբերում էր ոչ թե կոնֆլիկտի սկզբնապատճառին, այլ հետևանքներին։

Պարզապես մեր հանրությունը սիրում է անհարկի ֆետիշացնել ցանկացած երևույթ, որի մեջ աշխարհացունց մի բան է տեսնում՝ առանց իմաստն ըմբռնելու։ Նման կերպ, օրինակ, դեռևս պատերազմի օրերին Հայաստանում առանձնահատուկ խանդաղատանքով էին ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Հայաստանին և Ադրբեջանին, քանի որ դրանում հիշատակված էր Սումգայիթում հայերի ջարդերի փաստը։

Մինչդեռ ոչ միայն միջազգային հանրության, այլև անգամ հայաստանյան իշխանության կողմից արդեն վաղուց չի խոսվում հակամարտության սկզբնապատճառի՝ խորհրդային Ադրբեջանին հայաբնակ ԼՂԻՄ-ի ենթակայության մասին։ Նիկոլ Փաշինյանն ինքն է շարունակաբար ազգերի ինքնորոշման տիրույթից հարցը տեղափոխում տարածքային, երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարթակ։ Ստացվում է՝ Արցախն այս խոսույթի հետևանքով ոչ թե նույնիսկ անկլավացվում է՝ ազատագրված տարածքների և նախկին ԼՂԻՄ-ի մի մասի կորստով, այլ առնվազն դե յուրե ամբողջապես կորսվում է՝ ֆիքսվելով ադրբեջանական իրավազորության ներքո։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին ասպարեզ իջած «լավրովյան պլանի» մասին նույն Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր գործունեության մասին խոսել է տասնյակ անգամ։ Սակայն Մոսկվան և մյուս երկու համանախագահները, համապարփակ կարգավորմանն անցնելուց առաջ, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հորդորով շարունակաբար հիշեցնում էին Ադրբեջանին, որ արցախա-ադրբեջանական առաջնագծում պետք է մշտադիտարկման մեխանիզմներ գործարկվեն, դիտորդների թիվը՝ բազմապատկվի։ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանավարման սկիզբը նշանավորվեց այս կարևորագույն և խիստ հայանպաստ պայմանավորվածության վիժեցմամբ։

Մյուս կողմից, պարզ էր, որ Արցախի հարցի էությունից գաղափար չունեցող, արցախյան բանակցություններում երբևէ չներգրավված ընդդիմադիր խորհրդարանականը շատ ավելի անմռունչ կարող էր իրականացնել հակամարտությունը կարգավորելու միջազգային պարտադրանքը։ Ստացվում է՝ այն գինը, որը հրաժարվում էր վճարել Սերժ Սարգսյանը, պատրաստակամություն հայտնեց վճարելու Նիկոլ Փաշինյանը, և նախևառաջ այդ պատճառով հայտնի ուժային կենտրոններից շատ շրջանակներ աջակցեցին նրան իշխանության գալ Հայաստանում։

Այսօր արդեն անիմաստ ու ժամանակավրեպ է խոսել Ադրբեջանի պատճառով 2018-2020-ին տապալված բանակցային գործընթացի մասին, քանի որ այդ տապալման հիմքը դրել է Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնամուտի հաջորդ իսկ օրը՝ 2018-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում՝ բանակցություններում Արցախի մասնակցության անիրագործելի նախապայման առաջադրելով Բաքվին։ Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ դա արվեց միտումնավո՞ր՝ պատերազմ նախապատրաստելո՞ւ նպատակով, թե՞ անփութորեն՝ ապիկարության հետևանքով։

Փաստն այն է, որ միջազգային հանրությանը տրվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի «լեգիտիմացման» քարտ-բլանշը՝ հարցն անընդունելիորեն տեղափոխելով տարածքային վեճի տիրույթ, իսկ հայ հանրությունը հերթական անգամ համոզվեց միջազգային հանրության և միջազգային իրավունքի՝ պայմանական և իրավիճակային լինելու մեջ։