ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԱՆԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FINANCIAL TIMES-Ի THE BANKER ԱՄՍԱԳՐՈՒՄ՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի համավարակը ձեր հաճախորդների վարքագծի վրա և ինչպե՞ս է արձագանքել Արդշինբանկը։
Ինչպես ցանկացած ճգնաժամ, Covid-19-ն էլ մեզ համար նոր փորձության և նոր հնարավորությունների մեծ մարտահրավեր էր, և դեռ շարունակում է այդպիսին մնալ: Երբ լոքդաունի սկզբնական փուլում անորոշությունները շատ էին և հասարակության իրազեկվածության մակարդակն էլ ոչ բավարար, Արդշինբանկը սահմանեց հակաճգնաժամային միջոցառումների համալիր ծրագիր, որը համահունչ էր պետության կողմից լոքդաունի նորմատիվ պրոտոկոլներին: Մեզ հաջողվեց մեր անձնակազմի շուրջ 70%-ը երկու շաբաթվա ընթացքում տեղափոխել հեռավար աշխատանքի: Հաճախորդների հետ մեր հարաբերություններում որդեգրեցինք անհատական մոտեցման սկզբունքը և հաճախորդի բանկ այցելելու բանաձևը փոխարինեցինք «բանկը գնում է հաճախորդի մոտ» մոդելով: Այս հարցում մեր հաճախորդների հետ ունեցանք արդյունավետ համագործակցություն, ինչի նախապայմաններից մեկն էլ Արդշինբանկի օնլայն բանկինգի և մոբայլ բանկինգ հավելվածի պարզ ու մատչելի հասանելիությունն էր: Այլ տրամաբանությամբ և աշխատանքային ռեժիմով սկսեց գործել շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոնը՝ բավարարելով անորոշություններից խճճված հաճախորդների տեղեկատվական պահանջմունքները: Եվ եթե ամփոփելու լինենք այս պահի դրությամբ, ըստ մեր հաճախորդների ցուցաբերած վարքագծի կարող ենք փաստել, որ մենք հաջողությամբ ենք հաղթահարել դեռևս շարունակվող ճգնաժամի առաջին ալիքը, բայց էլ ավելի կարևոր է հպարտությամբ արձանագրել, որ մենք մեր փոխըմբռնման արդյունքում ևս մեկ անգամ ամրագրեցինք բանկի գլխավոր արժեքն ու կարգախոսը՝ Մենք ուժեղ ենք միասին:
Որո՞նք էին կորոնավիրուսի դրական ազդեցությունները Ձեր բիզնեսի վրա:
Երբ ողջ համաշխարհային տնտեսության զարգացման տեմպը ընկնում է, երբ բազմաթիվ ոլորտներ համավարակի արդյունքում դառնում են անաշխատունակ, սպառումը դանդաղում է, արտադրողականությունը նվազում, խոսել դրականի մասին և տեսանելի հորիզոնում ակնկալել որևէ դրական միտում իրատեսական չէ: Բայց ցանկացած ճգնաժամ մարդուն դասեր է տալիս: Առաջին և ամենակարևորը, ժամանակի ավելի ռացիոնալ օգտագործման դասն է, և ծառայություններից հեռավար օգտվելու հասանելիությունը էլ ավելի արդիականացնելու մարտահրավերը: Մենք, ինչպես նշեցի, կարողացանք մեր առցանց ծառայությունների միջոցով անխափան սպասարկել մեր հաճախորդներին, և այսօր արդեն հետահայաց վերլուծության և համաշխարհային թրենդի ուսումնասիրության արդյունքում մշակել ենք թվային արդիականացման մեր օրակարգը, որով հետևողականորեն առաջ ենք շարժվում, մեր հաճախորդներին էլ ավելի հարմարավետ գործիքակազմ առաջարկելու և տրամադրելու համար: Պետք է փաստել մեկ բան. Covid-19 համավարակը դարձավ մեր ամենաուժեղ աջակիցը բանկի թվային տրանսֆորմացիայի գործում: Եթե մինչև ճգնաժամը մոբայլ բանկի հավելվածով մեր հաճախորդները իրականացնում էին գործարքների 19%-ը, ապա այժմ արդեն ողջ գործարքների շուրջ 50% հաճախորդները իրականացնում են հենց մեր այդ հավելվածով:
Ո՞րն է Արդշինբանկի կայունության գրավականը:
Բանկային գործում կայունությունը ամենօրյա պատասխանատու աշխատանքի, ռիսկերի տրամաբանական փոխզսպման սկզբունքների և փոխադարձ վստահության ամբողջականությունն է: Արդշինբանկի կայունության գրավականը մեր անցած ճանապարհն է, հաճախորդների հետ մեր՝ միմյանց հանդեպ հարգալից հարաբերությունները, 62 մասնաճյուղերի, մեր բոլոր աշխատակիցների նվիրումը իրենց գործին և հավելյալ արժեք ստեղծելու մեր անշեղ ուղենիշը:
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է բանկերը բավարարեն հաճախորդների ժամանակակից պահանջմունքները:
Շատ կարևոր հարց եք տալիս: Ժամանակակից մարդու պահանջմունքները օր օրի տրանսֆորմացվում են, և այդ տրանսֆորմացիան թելադրված է ինչպես ճգնաժամերի, այնպես էլ մեր առօրյա կյանքի ռիթմի սրընթաց փոփոխություններից: Ճգնաժամը արագացրեց ժամանակակից մարդու հիմնական պահանջմունքերի համալիր ընկալումը: Մենք կարողացանք այս ընթացքում վերլուծել և հասկանալ թվայնացման հիմնական թրենդը: Բանկային գործում թվայնացման և ծառայությունների առցանց հասանելիության առաջին մարտահրավերը այսօր, թերևս, կիբերանվտանգությունն է, որը դարձել ու առաջիկայում՝ թվային պրոդուկտների զարգացմանը զուգահեռ դառնալու է թիվ մեկ մտահոգությունը: Այս տեսանկյունից ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հիմնական ռիսկը տեղափոխվում է կիբերանվտանգության ոլորտ, և երբ գործ ունեք մարդկանց եկամուտների, խնայողությունների, ակտիվների հետ, այս ոլորտին անհրաժեշտ է տալ ռազմավարական առաջնահերթություն:
Բնօրինակն այստեղ՝ https://content.yudu.com/web/43wcl/0A43wm8/BKR122021/html/index.html?refUrl=https%253A%252F%252Fwww.thebanker.com%252F&page=94