ԱՂԵՏԻ ԳՈՏԻ. ԿԵՍ ԿՅԱՆՔ ԱՐԺԵՑԱԾ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ

Ժամանակավոր և վթարային կացարանները առ այսօր պահպանված իրողություններ են

33 տարի առաջ Սպիտակի երկրաշարժը ցնցեց երկիրը։ Բայց այն ժամանակ դա անծայրածիր, ահռելի երկիր էր՝ վիթխարի ռեսուրսներով, թեև նրա գոյությունը մոտենում էր ավարտին։ Պատմական հեռանկարում…

Ըստ պաշտոնական տվյալների՝ 1989-2008 թվականներին խորհրդային, պետական և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ լուծվել է շուրջ 60 հազար մարդու բնակարանային հարցը: ԽՍՀՄ փլուզումից հետո միայնակ մնալով սարսափելի աղետի հետևանքների առջև՝ փոքրիկ Հայաստանը, ընդ որում լինելով պատերազմի վիճակում, փորձում էր հաղթահարել աղետի գոտու վերականգնման խնդիրը։ Ստացվեց շատ տևական, հաճախ քաոսային և հիմնականում՝ ֆինանսավորման մնացորդային սկզբունքով։ 2008 թվականին մեկնարկեց աղետի գոտու անօթևան ընտանիքներին ցուցաբերվելիք պետական աջակցության ծրագիրը, որի շահառուն դարձավ 5381 մարդ Լոռու և Շիրակի մարզերում:

Իշխանությունները պարբերաբար հայտարարում էին, թե մենք վերջնականապես հրաժեշտ ենք տվել «աղետի գոտի» բուն հասկացությանը, բայց հետո պարզվում էր, որ տարերքի մոլեգնության հետևանքով անօթևան մնացածները շարունակում են փոխհատուցիչ բնակտարածք ստանալ պետությունից։ Այսպես, և՛ 2019, և՛ 2020 թվականներին աղետի գոտում դեռևս մնացել էին փտած տնակներում ապրող ընտանիքներ, թեև հերթական անգամ հայտարարվել էր, թե Հայաստանի իշխանությունները ծրագրում են 2020-ին վերջնականապես լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բոլոր մարդկանց տանիքով ապահովելու հարցը։ Հայաստանի 2020 թվականի պետբյուջեով աղետի գոտուն հատկացվել էր 3 մլրդ դրամ։ Այդ գումարով պետք է լուծվեին մնացած 226 ընտանիքների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ ՀՀ կառավարությունը դե յուրե պարտավորություններ ունի։

Փաստորեն, 2018 թվականին իշխանության եկած Փաշինյանի կառավարությանը մնում էր «վերջին զարկով» ավարտին հասցնել երկրաշարժի գոտու ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրն ու գեղեցիկ ձևով իրեն վերագրել «աղետի գոտի» հասկացությունը մեր կյանքից վերացնելու դափնիները։ Սակայն տարբեր պատճառներով, այդ թվում՝ բյուջեում ներառված կապիտալ շինարարության ծրագրերի քրոնիկ թերակատարման պատճառով, մենք այսօր էլ՝ 3,5 տարի անց, չենք կարող լիարժեք արձանագրել, որ երկրում չի մնացել ոչ մի ժամանակավոր կացարան և ոչ մի մարդ, ում առջև պետությունը չի կատարել բնակարան հատկացնելու իր պարտավորությունները:

Այստեղ պետք է առանձնահատուկ ընդգծել նաև ժողովրդագրական գործոնը, որը թույլ չի տալիս լրացնել մարդկային աշխատանքային ռեսուրսների պակասուրդը։ Հայտնի է, որ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից հեռացել է ավելի քան 103,5 հազար մարդ, իսկ միայն օդային ճանապարհով արտագաղթի բացասական սալդոյի տեմպերը 3 ամսում աճել են 33%-ով, և դա վատթարագույն ժողովրդագրական ցուցանիշն է 2010 թվականից ի վեր։ Դեպոպուլյացիան լրջորեն թուլացնում է մեր երկիրը, թույլ չտալով հաղթահարել վերջին տարիներին հասունացած լուրջ մարտահրավերները։ Պարզ ասած, երկրում տարրականորեն չեն բավականացնում աշխատող ձեռքերը։ Ավաղ, մենք այդպես էլ չտեսանք ներկայիս իշխանությունների խոստացած ո՛չ հայրենադարձությունը, ո՛չ էլ շինարարական բումը։

Եվ այսպես, ի՞նչ վիճակ է ստեղծվել աղետի գոտում Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցի նախօրեին։ Ինչպես արդեն նշեցինք, ծրագրի հերթական, եզրափակիչ փուլը մեկնարկել է 2020 թվականին և պետք է ամբողջությամբ կատարված լիներ 2021 թվականի վերջին։ Այս երկու տարիների ընթացքում բնակարանով պետք է ապահովված լինեին ոչ թե ավելի վաղ նշված 226, այլ 242 ընտանիքներ, քանի որ այս ժամանակահատվածում որոշ բնակիչների հաջողվել է դատական կարգով վերականգնել պետությունից բնակարան ստանալու իրենց իրավունքը:

Այդ ընտանիքներից 214-ը, ինչպես տեղեկացրեցին «ԳԱ»-ի թղթակցին Քաղաքաշինության կոմիտեում, բնակարանային խնդիրը լուծելու համար պետական բյուջեից ստացել են 3,37 մլրդ դրամ։ Մնացած 28 ընտանիքները Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի բնակիչներն են, որոնց բնակարանային խնդրի լուծման և ֆինանսավորման հարցը կքննարկվի կառավարության 27.08.2010 թ. թիվ 1411-Լ որոշման շրջանակներում: Բանն այն է, որ Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված՝ նախատեսվում է Ջրաձորի բնակիչների վերաբնակեցում նորակառույց գյուղում և նրանց հարցը կլուծվի համակողմանիորեն: Հավելենք, որ Կապսի ջրամբարի կառուցման նախագիծը ԽՍՀՄ փլուզումից հետո վերսկսվել է 2014-ին և ներկայումս ընթանում է մրցութային գործընթաց։ Տներ կառուցելու և ջրաձորցիներին նոր գյուղում վերաբնակեցնելու համար կպահանջվեն շուրջ 5 մլրդ դրամ բյուջետային միջոցներ։

Քաղաքաշինության կոմիտեում համարում են, որ ծրագրի շրջանակներում ձևավորված պետական պարտավորություններն այդքանով կավարտվեն, սակայն արդարացիորեն ուշադրություն են դարձնում որոշ էական հանգամանքների վրա: Բանն այն է, որ ծրագրի ավարտից հետո աղետի գոտում դեռևս չլուծված կմնան ոչ հիմնական շինություններում (տնակներում) և տեխնիկական անբավարար վիճակում գտնվող (վթարային) բնակֆոնդում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրները։

2021-2026 թվականների կառավարական ծրագրում տնակների, ժամանակավոր կացարանների մասով նախատեսված է իրավական հիմքեր ստեղծել երկրաշարժից հետո տեղադրված և կառուցված ավելի քան 7000 ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման համար, միաժամանակ իրականացնելով այդ շինություններից ազատվելու և աղետի գոտու տարածքում քաղաքաշինական միջավայրը վերականգնելու գործընթաց: Այն բանից հետո, երբ կառավարությունը կկողմնորոշվի այդ խնդրի նկատմամբ մոտեցումների հարցում, նոր ծրագրի բուն մեկնարկը փուլ առ փուլ կսկսվի միայն 2023 թվականից, ընդ որում որպես առաջնահերթություն կդիտարկվեն վերաբնակեցման կարիք ունեցող այն ընտանիքները, որոնք բնակվում են պետությանը և համայնքներին պատկանող հողերի վրա տեղադրված/կառուցված ժամանակավոր կացարաններում:

Իսկ ինչ վերաբերում է վթարային բնակֆոնդին, ապա կառավարությունը մտադիր է մշակել իրավական հիմքեր և նպատակային ծրագրեր, ինչպես նաև կողմնորոշվել խնդրի փուլային լուծման նկատմամբ մոտեցումների և սկզբունքների հարցում, ինչի մեկնարկը նախատեսվում է 2024 թվականից ոչ շուտ: Մասնավորապես, մինչև 2026 թվականը նախատեսվում է սկսել 4-րդ աստիճանի վնասվածքներով բազմաբնակարան շենքերի 70%-ի խնդրի լուծումը։ Ընդհանուր առմամբ, ըստ Քաղաքաշինության կոմիտեի տվյալների, հանրապետությունում այսօր առկա են 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնությամբ շուրջ 620 բազմաբնակարան շենքեր և ավելի քան 1200 բնակելի տներ, որոնց բնակիչները ամեն րոպե ենթարկվում են վտանգի…

Ինչևէ, 33 տարի առաջ մոլեգնած տարերքի հետևանքներից հրաշալի ապաքինում տեղի չունեցավ։ «ԳԱ»-ն այն ժամանակից ի վեր հարյուրավոր հոդվածներ է գրել՝ պնդելով, մասնավորապես, որ աղետի գոտու խնդիրների լուծմանը նկատմամբ պետք է ցուցաբերել համակողմանի մոտեցում, այլ ոչ թե սահմանափակվել այդ ցավի դեմ մեկանգամյա «սպեղանիներով»։ Այսինքն շեշտը պետք է դրվեր ոչ միայն բնակարանները շահագործման հանձնելու, այլև հիմնականում պահպանված արտադրական հզորությունների կայուն գործունեությունն ապահովելու վրա, չենք խոսում արդեն նոր ձեռնարկություններ հիմնելու մասին։ Այս սկզբունքից շեղվելու հետևանք դարձավ, մասնավորապես, այն իրավիճակը,երբ պետությունից բնակարաններ ստացողները բնակարանամուտից կարճ ժամանակ անց, չունենալով աշխատանք և, համապատասխանաբար, ունենալով փողի կարիք, վաճառում էին դա և վերադառնում խարխլված տնակներ։ Ապրում են այնտեղ առ այսօր։

Մեզ պետք էր ոչ թե «հրշեջ թիմ», այլ համակարգված ազդեցություն իրավիճակի վրա։ Իսկ արագ ու իրական վերածննդի աղբյուր կարող էին լինել միայն կայուն սեփական ռեսուրսները, այն է՝ աշխատող արդյունաբերությունը։ Միայն դա կարող է ապահովել մարդկանց աշխատատեղերով, մշտական եկամուտներով, և միայն գործող արտադրությունը կարող է հարկերի ու վճարումների տեսքով հագեցնել ինչպես պետական, այնպես էլ տեղական բյուջեն, որոնք նորից ու նորից կներդնեին այդ միջոցները վերականգնողական աշխատանքների մեջ։

Основная тема:
Теги: