Թևանյան․ Իշխանության առաջարկած օրակարգն սպառնում է մարդկանց անձնական անվտանգությանը
«Ակնհայտ է, որ մինչ իշխանություններն ասում են, թե ոչինչ չեն թաքցնում, պարզ են, թափանցիկ են, բացահայտ գաղտնի գործընթաց է տեղի ունենում։ Շատ դեպքերում ոչ ֆորմալ ձևով, մեր զինվորների արյան գնով է տեղի ունենում սահմանագծումն ու սահմանազատումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Ըստ նրա, մասնավորապես, նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը դա էր հուշում։
«Մեզանից բացարձակ գաղտնի են պահում, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, օրինակ, Սոչիում, ինչու է փոխվարչապետների մակարդակով բանակցությունը ձախողվել։
Ակնհայտ է, որ այս իշխանությունների պարագայում մենք ամեն օր նոր շոկ ենք ապրելու։ Հերթական շոկը երեկ էր, երբ Ալիևը փաստացի պահանջեց հստակ ժամկետներ սահմանել, և իրենք չեն թաքցնում, որ իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը» կարող են ստանալ նաև ուժով։ Այս պայմաններում ստացվում է, որ իշխանությունները կամ նոր պատերազմ են բերելու, կամ մեր ազգային անվտանգությանը չնպաստող տարբերակով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ են իրականացնելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Թևանյանի խոսքով, Հայաստանն այս իշխանությունների վարած արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով պարտություն է կրել պատերազմում և թուլացել են ՀՀ դիրքերը. «Այսօր ոչ միայն «Զանգեզուրի միջանցքը» չի տրվում թշնամուն, որովհետև ՀՀ-ն է դրան խոչընդոտում, այլև, ընդհանրապես, ՀՀ գոյությունը պահպանվում է արտաքին գործոնների շնորհիվ, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի»։
Նա նշեց, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով արձանագրվել է՝ իշխանությունների ձայներն ավելի քան կիսով չափ նվազել են, վարկանիշը կրկնակի իջել է, մարդիկ արդեն հասկանում են, որ այս իշխանության առաջարկած օրակարգն սպառնում է իրենց անձնական, ֆիզիկական անվտանգությանը։
«Հասարակությունը հասկանում է, որ իրենց խաբել են խաղաղության դարաշրջանի մասով, կոռուպցիայի, թալանի դեմ պայքարի մասով, իրենք ենք դրա մեջ ներգրաված, հասարակությանը խաբել են հայ-ռուսական հարաբերությունների հարցով՝ ասելով, թե ամեն ինչ կարգին է, բայց հակառակն է»,-ասաց պատգամավորը, տեղեկացնում է Panorama.am-ը։