«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ, ԾԱՄՈՆ»՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ
Հայաստանի կառավարությունը պետք է երկարաձգի թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը հանրապետություն։ Այս մասին ասված է «Մանթաշով» գործարարների միության, «Ռեստորանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության բաց նամակում՝ հասցեագրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը, հաղորդում Է News.am-ը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարության կողմից երկարաձգվի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով՝ հետևյալ հիմնավորմամբ և պատճառաբանությամբ։ Հայկական շուկայից թուրքական ծագման ապրանք ներկրող ընկերությունների դուրս գալուց հետո բազմաթիվ ոլորտների հայկական արտադրողներ մեծացրել են իրենց արտադրությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և փորձելով բավարարել շուկայի պահանջարկը, ուստի այս պահին թուրքական ապրանքների ներկրումը թույլատրելու դեպքում թուրքական ապրանքներ արտադրողները և ներկրողները նորից քայլեր կձեռնարկեն հայկական շուկան հետ գրավելու ուղղությամբ, ինչը ծանր դրության մեջ կդնի նոր ստեղծված կամ նոր ներդրումներ ստացած հայկական ընկերություններին։
… Ավելին՝ գտնում ենք, որ թուրքական ծագման ապրանքների ներկրման և սպառման նկատմամբ պետք է կիրառվեն լրացուցիչ սահմանափակումներ։ Այսպես, թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկում ենք բացի մաքսային արգելքից, նաև կիրառել վաճառքի արգելքը»։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. տվյալ առաջարկն առավել քան ռացիոնալ է, տրամաբանական և բխում է Հայաստանի շահերից։ Սակայն միևնույն ժամանակ այն, մի կողմից՝ դատապարտված է, մյուս կողմից՝ ուշացած մի ամբողջ տարով։ Թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն երկարաձգելու գաղափարը դատապարտված է այն պարզ պատճառով, որ հասցեագրված է այն կառավարության ղեկավարին, որը հանձն է առել տարածաշրջանում խաղաղության հասնելու առաքելություն. ամեն գնով, ներառյալ ի վնաս հայկական շահերի։ Այս կառավարությունը դրական ազդակներ է փնտրում Անկարայի և Բաքվի գործողություններում, իսկ չգտնելով դրանք (ազդակները), ստեղծում է դրանց առկայության պատրանք:
Չմոռանանք, թե անցած տարվա հոկտեմբերին ինչ ձևակերպմամբ ՀՀ կառավարությունն ընդունեց թուրքական ապրանքների ներկրման արգելանքի մասին որոշումը, որն ուժի մեջ մտավ անցած տարվա դեկտեմբերի 31-ին՝ 6 ամիս ժամկետով։ Տվյալ որոշման մեջ, մասնավորապես, ասվում էր. «Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան»։
Մեկ տարի անց Հայաստանի իշխանություններն այդ երկրի հետ ձեռք ձեռքի տված «խաղաղություն» են հաստատում տարածաշրջանում, ինչով կասկածի տակ են դնում նրա թշնամական լինելու փաստը։ Այսինքն այն փաստարկներից մեկը, որը վկայակոչում էր Հայաստանի կառավարությունը էմբարգոն սահմանելիս, այսօր նույն այդ կառավարության համար փաստացի զրոյացված է. Նիկոլ Փաշինյանը ամենայն լրջությամբ ցանկություն հայտնեց փորփրել թշնամանքի արմատները և առհասարակ կարգավորելի դարձնել այդ թշնամանքը։ Այնպես որ, այն պայմաններում, երբ հռչակվում է «խաղաղություն, բարեկամություն, ծամոն», թուրքական ապրանքների նկատմամբ երկարաժամկետ էմբարգոյի գաղափարը դատապարտված է, քանզի հակասում է փաշինյանական ռեժիմի շահերին ու ծրագրերին։
Ինչ վերաբերում է հայ սպառողների կողմից թուրքական գանձարանի ֆինանսավորման և թուրքական ապրանքների ներմուծման միջոցով սպառնալիքների ներթափանցման թեզին, ապա այստեղ բավական է նշել մեկ փաստ. վերջերս հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ից հայկական Flyone Armenia ավիափոխադրողը սկսում է կանոնավոր (շաբաթական երեք անգամ) ավիաչվերթներ իրականացնել դեպի Ստամբուլ և հետադարձ: Ըստ էության, դա և՛ թուրքական գանձարանի համալրում է, և՛ թուրքական սպառնալիքի ներթափանցման ուղի Հայաստանի տարածք։
Իսկ ինչ վերաբերում է թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն 5 տարով երկարաձգելու կոչին, ապա այն ուշացել է։ Նախևառաջ պետք է նշել. ի սկզբանե ակնհայտ էր, որ կես տարով սահմանափակելը նույնիսկ ոչ թե անբավարար միջոց է, այլ ընդհանրապես անիմաստ: Թուրքական արտադրանքն այլընտրանքայինով փոխարինելու գործընթացը պահանջում է շատ ավելի երկար ժամանակ՝ մի կողմից, և երկարաժամկետ ներդրումներ՝ մյուս կողմից։ Եթե բիզնեսին հայտարարում են (իսկ դա արեց էկոնոմիկայի նախարարը), որ թուրքական ապրանքների ելքի արդյունքում հսկայական խորշեր են բացվում հայրենի շուկայում, եթե բիզնեսին հայտարարում են, որ ավելի քան 2000 անուն թուրքական ապրանք կարելի է փոխարինել տեղական արտադրության ապրանքներով, միանգամից առաջանում է առանցքային հարցը. հայրենի գործարարներից քանի՞սը կգայթակղվեն դրանով, լավ իմանալով, որ 6 ամիս անց թուրքական ապրանքները կարող են կրկին հեղեղել մեր շուկան։
Եթե Հայաստանի կառավարությունն իրապես շահագրգռված լիներ ներմուծման փոխարինմամբ, թուրքական ապրանքները տեղականով փոխարինելով, ապա ի սկզբանե էմբարգո կսահմաներ մի քանի տարով, որպեսզի ժամանակ տար հայրենի արտադրողին՝ լցնելու դատարկված խորշերը, և որոշակի երաշխիքներ կտրամադրեր ներդրողներին, որ առաջիկա տարիներին նրանց կապիտալ ներդրումները պաշտպանված կլինեն թուրքական դեմպինգային մրցակցությանը բախվելու վտանգից։
Անկեղծ ասած,առհասարակ զարմացնում է այն փաստը, որ այս տարվա ամռանը Հայաստանի կառավարությունը երկարաձգեց էմբարգոն ևս 6 ամսով։ Թե ինչ նպատակով դա արվեց, այնքան էլ հասկանալի չէ։ Համենայնդեպս տնտեսական դրդապատճառներ այստեղ չեն երևում։ Չի կարող բիզնեսը, տեղական արտադրողը լրջորեն վերակառուցվել, ֆինանսական ռեսուրսներ ծախսել դրա վրա, իմանալով, որ կես տարի անց կառավարությունը կարող է չեկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելանքը։
Անշուշտ, Նիկոլ Փաշինյանին արվող առաջարկի հեղինակներն իրավացի են՝ նշելով 5-ամյա էմբարգոյի անհրաժեշտությունը։ Եվ սա նվազագույն ժամկետն է, որպեսզի տվյալ սահմանափակումը գործի ի նպաստ Հայաստանի տնտեսության շահերի։ Հարցը լոկ այն է, որ գործող կառավարության համար այդ շահերն ամենևին էլ առաջնային չեն։ Նրանց պետք է «խաղաղություն, բարեկամություն, ծամոն»՝ ամեն գնով, թուրքական առևտրատնտեսական զավթախուժման գնով։ Նրանք պատրաստ են զոհաբերել, մասնավորապես, երկրի տնտեսությունը, միայն թե դրական ազդակներ ուղարկեն թշնամուն։