ՀՀ ԱԳՆ․ ՄԱԿ-ի դատարանի որոշումներն արտացոլում են մեր փաստարկների ընդունումը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է դեկտեմբերի 7–ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին, որոնք կապված էին Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելուն։

Նշենք, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ էր ներկայացրել Ադրբեջանին։

«Այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը և դատարանի առջև մեր դիրքորոշումների հաստատումը»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին և կոչ անում շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ:

Շեշտվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիմումում Հայաստանն ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ ռասայական դրդապատճառներով սպանությունների և խոշտանգումների վերաբերյալ։ Բացի այդ Հայաստանն ապացուցել է, որ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականության է վարում։

Դատարանը գտել է, որ առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտավորեցրել է պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են 2020թ. զինված հակամարտությամբ պայմանավորված և դեռևս շարունակում են մնալ գերեվարված։ Ադրբեջանը պետք է ապահովի նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը։

Ադրբեջանին դատարանը պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։

Բացի այդ դատարանի որոշմամբ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները ուղղված հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ։

«Հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ դատարանի վճիռները ճանաչում են այս իրողությունները և դրանց հասցեագրման համար ստեղծում են միջազգային իրավունքի համաձայն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Շեշտվում է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։