Փաշինյան․ Սյունիքով անցնող ճանապարհը պետք է լինի ՀՀ սուվերենության ներքո

Սյունիքով անցնող ճանապարհը պետք է լինի ՀՀ սուվերենության ներքո ու պետք է գործի ՀՀ օրենսդրությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի` ճանապարհային միջանցքի մասին հարցին։

«Նույնը նաև երկաթուղին։ Դա մեր ընդհանուր ընկալումն է, որն արձանագրված է ՀՀ ԱԳՆ–ի կողմից, այսինքն` ՀՀ պաշտոնական տեսակետն է»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ այդ մասին հայտարարել է նաև ՌԴ ԱԳ նախարարությունը։

Ինչ վերաբերում է երթուղիներին, Փաշինյանն այն բաժանեց երկու հատվածի` երկաթուղային` Երասխ–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ և ավտոմոբիլային երթուղիներ, որոնց մի քանի տարբերակ է քննարկվում։

«Հույս ունեմ, որ մենք կգանք արագ լուծումների և համաձայնությունների»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ ընդգծելով, որ երկաթուղային ճանապարհի հայաստանյան հատվածը վերականգնվելու է Հայաստանի ներդրումներով։

Արձագանքելով Փաշինյանի հնչեցրած պատասխանին` Ղազինյանը հայտարարեց. «Քանի որ Զանգեզուրի միջանցք կոչվածն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, իրականում խիստ վտանգավոր է ՀՀ–ի համար։ Ենթադրելի է, որ այդ առումով կարող են լինել և՛ սպառնալիքներ, և՛ ճնշումներ, որովհետև այն թուրքական աշխարհը միավորող պորտալարի դեր պետք է կատարի»։ Ապա հետաքրքրվեց` եթե ճնշումները հասնեն պատերազմի սպառնալիքին, Փաշինյանը, գիտակցելով պահի լրջությունը, կհրաժարվի՞ իր պաշտոնից։

Այս հարցադրումը զայրացրեց Փաշինյանին։ Նա Ղազինյանին մեղադրեց ՀՀ ԱԺ–ում ադրբեջանական դիրքորոշում ներկայացնելու մեջ ու անպատասխան թողեց իրեն ուղղված հարցը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։