Ի՞նչ է կատարվում Գորիս-Կապան մայրուղուն այլընտրանք դարձած ճանապարհներին

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական սահմանային անցակետերի տեղակայումից հետո ՀՀ–ին բարդ տեղանքի պատճառով դժվարանցանելի 2 այլընտրանքային ճանապարհ է մնացել։ Ինչպես է ընթանում բարեկարգման գործընթացը և ինչ է հաջողվել անել՝ տեղում պարզել են Sputnik Արմենիայի թղթակիցները։

Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհը շարունակում է դժվարանցանելի մնալ։ Ավելի վաղ գրել էինք, որ Որոտան գյուղը (ինչպես և Շուռնուխն ու Բարձրավանը) փաստացի կտրված են հանրապետությունից։

Բեռնատարների շարժն ուղղորդվել է Շինուհայր-Տաթև-Կապան այլընտրանքային մայրուղով։ Միաժամանակ սկսվել է Խոտ-Որոտան հին ճանապարհի վերանորոգումը։

Ճանապարհի մի մասն ընդարձակվել և հարթեցվել է։ Չնայած դրան, կան շատ նեղ և նույնիսկ մարդատար մեքենաների համար դժվարանցանելի հատվածներ։ Որոշ տեղերում ջուր է հոսում, որը ձմռանը մերկասառույցի է վերածվում։

Ինչ վերաբերում է երկրորդ այլընտրանքային ճանապարհին, որը Բարձրավանը կապում է Կապան-Տաթև-Շինուհայր մայրուղուն` այն գրեթե զրոյից են կառուցել։

Ներկայում այս ճանապարհն ավելի լավ տեսք ունի, քան առաջինը։ Ճանապարհը բավականին լավ հարթեցված է և հասանելի է ոչ միայն ամենագնացների, այլև սովորական մարդատար մեքենաների համար։ Մեծամասամբ մաքրված է երկու գծով ասֆալտապատման համար։

Այս ճանապարհից ներկայում օգտվում է, օրինակ, շտապօգնությունը։

Միակ խնդիրը տարածությունն է։ Գորիս հասնելու համար (երեք գյուղերն էլ այդ խոշորացված համայնքի մաս են կազմում) պետք է մեծ շառավղով շրջանցում անել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։