Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետն ասել է` որն է ՀԱՊԿ առաջնահերթություններից մեկը

ՀԱՊԿ ուժային ներուժի զարգացումը կոալիցիոն ռազմական շինարարության մեջ համագործակցության առաջնահերթություններից է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովն այդ մասին հայտարարել է այսօր ճեպազրույցի ժամանակ։

«ՀԱՊԿ շրջանակում հիմնական ուժերն ուղղված են հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, կազմակերպության անդամ պետությունների մարտահրավերներին և անվտանգությանը սպառնացող վտանգներին արձագանքելու համար դրա պատրաստության բարձրացմանը», – ասել է Գերասիմովը։

Ինչպես նշել է Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետը, հատուկ ուշադրություն է դարձվում ճգնաժամային արձագանքման համակարգում ուժային ներուժի զարգացմանը, ՀԱՊԿ խաղաղապահ բաղադրիչի ամրապնդմանը, միջազգային կազմակերպությունների և այլ երկրների պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցության մակարդակի բարձրացմանը։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում պարբերաբար անցկացվում են համատեղ պատրաստության միջոցառումներ և մշակվում հակաահաբեկչական գործողություններ։

«Վստահության միջոցների ամրապնդման և անվտանգության հարցերի լուծման նպատակով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ընդլայնել արտասահմանյան գործընկերների հետ փոխգործակցության մասշտաբները։ Ինչպես և նախկինում, առաջնահերթ նշանակություն է տրվում ԱՊՀ անդամ երկրների հետ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների պահպանմանը, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանը», – ասել է Գերասիմովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։