ԻՍԿ ՁԵՐ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՔՈՒՂԵՐՆ ԷԼ ՉԱՐԴՈՒԿԵ՞ՆՔ։ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից տրամադրված ականադաշտերի քարտեզների ճշգրտությունը ցածր է, հաղորդում է Sputnik Արմենիան՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Հայաստանի տրամադրած ականադաշտերի նոր քարտեզները վերլուծվում են մասնագետների կողմից։ Դա ժամանակ է պահանջում»,- ասել է նա։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ: Առաջին բանը, որ ակամայից ցանկություն է առաջանում ասել՝ ի պատասխան ադրբեջանական ԱԳՆ-ի այդօրինակ հայտարարությանը, կարելի է ձևակերպել թևավոր արտահայտությամբ՝ խորհրդային կինեմատոգրաֆի գլուխգործոցից. իսկ ձեր կոշիկների քուղերն էլ չարդուկե՞նք։ Ասենք, ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տվյալ հայտարարությանը այս կամ այլ կերպ պետք է արձագանքեն նախևառաջ Հայաստանի ԱԳՆ-ը, ՊՆ-ը կամ պետական այլ ատյաններ։ Թե կհաջորդի արդյոք հայկական կողմի պատասխանը, համարժեք կլինի արդյոք դա, առայժմ պարզ չէ, թեև համարժեքության մասով դժվար թե արժե հույսեր տածել։ Իսկ առայժմ ուշադրություն դարձնենք հետաքրքիր և նշանակալի նրբություններին, որոնց մասին, ըստ էության, ազդանշանում է Բաքուն։

Թերևս, չի կարելի չնկատել, որ Բաքվի համար ականադաշտերի քարտեզների ոչ պիտանիության հարցն այս անգամ բարձրացվեց այն բանից հետո, երբ Հայաստանում մեկնարկեց հայ ռազմագերիների «ապահերոսականացման» արշավը։ Ադրբեջանում երկար ժամանակ օգտագործում էին ռազմագերիների գործոնը որպես հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոց։ Այժմ, երբ ՀՀ իշխանությունները սկսել են առաջ տանել այն թեզը, թե իբր՝ պետք է դեռ հասկանալ, թե ինչ պայմաններում են այդ մարդիկ հայտնվել գերության մեջ, այն բանից հետո, երբ Հայրենիք վերադառնալուն պես ռազմագերիների մի մասը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից, Բաքվում, ամենայն հավանականությամբ, եզրակացրել են, որ այսուհետ դժվար կլինի ճնշում գործադրել Երևանի վրա, պատկերավոր ասած, գնազրկված արժեքի գործոնով։

Մեկ բան է, երբ պատանդ ես պահում հերոսների, և միանգամայն այլ բան՝ հավանական դասալիքների։ Ըստ երևույթին, Ադրբեջանում հասկացել են, որ Երևանն այլևս չի արդիականացնելու ռազմագերիների վերադարձման հարցն այնպես, ինչպես անում էր դա նախկինում։ Իսկ հասկանալով դա, տեսնելով գերիների այդ «արժեզրկումը», Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, որոշել են իրենց կողմից նվազագույնի հասցնել ականապատ դաշտերի քարտեզների արժեքավորությունը, հանուն որոնց մինչ այդ վերադարձրել են գերիներին։ Ընդհանուր առմամբ իրավիճակը կարելի է բնորոշել մոտավորապես հետևյալ կերպ. երկու կողմերն էլ սկսել են կասկածի տակ առնել գործարքի շահավետությունը։

Այստեղ պետք է մտաբերել մի հանգամանք։ Հունիսի կեսերին Ալիևը հայտնի տեսանյութում պատմում էր Էրդողանին ու նրա կնոջը իր ծրագրերի մասին՝ կապված ականապատ դաշտերի քարտեզների և հայ ռազմագերիների հետ։ «Առանց Ղարաբաղի ականապատ տարածքների հայկական քարտեզների՝ տարածաշրջանի ականազերծման գործընթացը կարող է ձգվել 10 տարի։ Եթե մենք ականապատված բոլոր տարածքների քարտեզները ստանանք, ապա դա մեզ մեծ առավելություն կտա, քանի որ հակառակ դեպքում այդ աշխատանքը հնարավոր է մի տասը տարի տևի։ Որովհետև ամեն ինչ ականապատել են»,- ասում էր, մասնավորապես, Ալիևը։ Էրդողանի կնոջ այն հարցին, թե. «Դեռ կա՞ն բանտարկյալներ» (խոսքը ռազմագերիների մասին է), նա պատասխանեց. «Կան, կան։ Կամաց-կամաց, քիչ-քիչ։ Աշխատում ենք»։

Եվ իրոք, Բաքուն քիչ-քիչ վերադարձնում էր ռազմագերիներին՝ ականադաշտերի քարտեզների դիմաց։ Հայկական կողմը սկզբունքորեն խուսափում էր դա գործարք անվանել՝ ներկայացնելով քարտեզների տրամադրումը իբրև բարի կամքի քայլ։ Այդուհանդերձ Ալիևի «քիչ-քիչ» ծրագիրը որոշ ժամանակ իրականացվում էր։ Դատելով ամենից, այդ թվում՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունից, այդ գործարքն արդեն կորցրել է արդիականությունը։

Ինչո՞ւ։ Դժվար թե ադրբեջանցիները որոշել են ձգել ականազերծման գործընթացը տասը տարի, դժվար թե քարտեզների անհրաժեշտությունը նրանց համար նվազել է։ Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ Երևանը սկսել է նսեմացնել իր խաղադրույքի արժեքը, Բաքվում որոշել են գնալ նույն ճանապարհով։

Սա նշանակում է, որ այժմ լինելու են նոր, ավելի բարձր խաղադրույքներ։ Փոխանակման գործարքի առարկա են դառնալու այլ գործոններ։ Թե ինչը ինչի հետ կփոխանակեն Երևանն ու Բաքուն, առանձին հարց է։ Տվյալ դեպքում պարզապես արձանագրենք, որ փոխանակման նախկին սխեմայի նկատմամբ կողմերի հետաքրքրության մարումը առհասարակ հետին պլան է մղում ռազմագերիների ճակատագիրը։ Խոսքը, հիշեցնեմ, Հայաստանի այն քաղաքացիների մասին է, որոնց այս տարվա ամռանը Նիկոլ Փաշինյանը խնդրում էր ևս մեկ-երկու ամիս դիմանալ ադրբեջանական գերության մեջ…