ՆԻԿՈԼՆ ՈՒ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ». 2016 - 2021
«Իմ քայլը» ակցիայից 10 օր առաջ
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, Երևանում շրջում էր «Ազգային-ժողովրդավարական բևեռ» մակագրությամբ ավտոբուս։ Այդ ցուցանակի հետևում, ինչպես հայտնի է, թաքնվում է ահաբեկիչների «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Ավտոբուսից բարձրախոսով կանչում էին քաղաքացիներին «բևեռի» հանրահավաքին՝ «թշնամուն տարածքներ հանձնող իշխանությունից երկիրն ազատելու» համար։
Նախօրեին՝ ուրբաթ օրը, Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռ էր կայացրել խմբի անդամների նկատմամբ. Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ի սկզբանե մեղադրվել են ծանրացուցիչ հանգամանքներով սպանություններ կատարելու մեջ, ուստի դատապարտվել են 25 տարվա ազատազրկման։ Պավլիկ Մանուկյանը՝ 10 տարվա, իսկ Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի և 4 ամիս պատժաժամկետի։ Մանուկյանն ու Ավետիսյանը 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքի զավթման պահի դրությամբ զինված խմբի պարագլուխներն էին: Փաշինյանի հետ նրանց փոխհարաբերությունները պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի փուլերի։
Հետաքրքրություն են ներկայացնում այն օրերը, երբ խմբի անդամները պատանդներ Էին պահում, որոնցից մեկը Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանն էր։ 2018 թվականի մարտի 21-ին (մարտի 31-ից 10 օր առաջ, երբ Փաշինյանը մի խումբ կողմնակիցների հետ դուրս եկավ Գյումրիից և քայլեց դեպի Երևան) դատարանի նիստում մեղադրող կողմը ներկայացրեց խմբի անդամների հեռախոսազրույցների ձայնագրությունը գնդի տարածքից դուրս գտնվող անձանց հետ: Մենք չենք կարող մեջբերել զրույցների բոլոր հատվածները, բայց խոսակցությունների էությունն ամփոփված էր նրանում, որ թույլ չտան Փաշինյանին մտնել շենք տանող դարպասներին հարող տարածք, որտեղ պարբերաբար հավաքվում էին ահաբեկիչների կողմնակիցները։
Մասնավորապես, անհայտ անձի հետ զրույցում Ավետիսյանն ասում է. «Թող ժողովուրդը մոտենա դեպի մեզ, Զուրաբյանին (Լևոն) ու Նիկոլին թող չլսեն, դրանց գցեն զիբիլի վեդրոն»։ Մանուկյանը Սևակ անունով մարդու հետ զրույցում խնդրում է. «Ապեր, մեր տղերքին ասա՝ Նիկոլին չլսեն: Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գլխին խփեք»։ Ասա տղերքին, որ Նիկոլին չլսեն»։ Նրանք, ովքեր հետևել են գնդի հարակից տարածքում ընթացող հանրահավաքներին՝ ի աջակցություն զինված խմբի, հաստատ կհիշեն, թե ինչպես ամբոխի ճնշման տակ Փաշինյանին ստիպեցին հեռանալ հերթական միտինգից և հարթակում իր տեղը զիջել Ալեք Ենիգոմշյանին։
Փաշինյանն ընդունեց ահաբեկիչներին կառավարության ղեկավարի աշխատասենյակում
Դատարանում ներկայացված հեռախոսազրույցների ձայնագրությունները Փաշինյանը չմեկնաբանեց, այդ ժամանակ նրա մտքերը զբաղված էին հաղթական արշավով դեպի մայրաքաղաք, իսկ իշխանափոխությունից հետո նրա և զինված խմբի անդամների միջև ջերմ բարեկամական հարաբերություններ հաստատվեցին։ Երբ Գարեգին Չուգասզյանը հացադուլ սկսեց՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով, Փաշինյանն այցելեց նրան, մտերմիկ զրույց ունեցավ տեսախցիկների առջև, իսկ ավելի ուշ ընդունեց «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներին կառավարության ղեկավարի աշխատասենյակում:
Ի դեպ, Մանուկյանը Չուգասզյանին անվանում էր «Ցռան Վերգո» («Սասունցի Դավիթ» էպոսի կերպար)։ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում նա հայտարարեց հետևյալը. «Ինչպե՞ս եղավ, որ երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք»։
Վարչապետի և ահաբեկիչների կուսակցության առաջնորդների միջև բավականին վստահալից հարաբերություններ ձևավորվեցին։ Լուրեր էին շրջում, որ Փաշինյանը նույնիսկ խորհրդակցել է նրանց հետ ինչ-որ հարցերի շուրջ։ Այդպես շարունակվեց մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության ստորագրումը: Դրանից հետո զինված խմբի պարագլուխներին հաճախ են հարցրել. «Եթե դուք ապստամբություն ձեռնարկեցիք՝ բողոքելով 2016-ի Ապրիլյան պատերազմի արդյունքներով փոքրիկ հողակտորի կորստի դեմ, ապա ինչո՞ւ ոչինչ չարեցիք Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի կորստից (վաճառքից) հետո։ Ինչո՞ւ էիք մեղադրում Սերժ Սարգսյանին, իսկ Փաշինյանին չեք մեղադրում»։
«Բևեռը» ակնկալում էր Փաշինյանի օգնությունը հունիսի 20-ի ընտրություններում
Այդ հարցը հնչում էր մշտապես, բայց ահաբեկիչների կուսակցությունը չէր շտապում միանալ արմատական ընդդիմության ճամբարին. հակառակը, պարոնայք շարունակում էին բարեկամական հարաբերություններ պահպանել Փաշինյանի հետ և պատրաստվել հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին: Նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար «Սասնա ծռեր» անվանումը թաքցրեցին «Ազգային-դողովրդավարական բևեռ» ցուցանակի հետևում։ Ապստամբության գաղափարախոսները ձգտում էին խորհրդարան և ակնկալում Փաշինյանի աջակցությունը։ Ակնկալում էին, նկատեք, ոչ թե հենց այնպես, այլ խայտառակ կապիտուլյացիայից հետո իրենց լոյալության դիմաց։
Ընտրություններում պարտվելուց հետո նրանք հակառուսական հիստերիա նախաձեռնեցին, փորձելով Կրեմլին մեղադրել Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի կորստի և Հայաստանի 2 մարզերի բռնազավթման մեջ։ Ռուսատյաց հիստերիային զուգահեռ՝ «բևեռի» ղեկավարությունը միտինգներ ձեռնարկեց Թատերական հրապարակում։ Հանրահավաքները բացառիկ խղճուկ ստացվեցին մարդկանց թվաքանակի առումով։ Ի դեպ, Պավլիկ Մանուկյանին չվերցրեցին կուսակցություն՝ Չուգասզյանի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառով, որը հունիսի 20-ից հետո արժանիորեն հանձն է առել Հայաստանի գլխավոր ռուսատյացի դերը, իսկ թիվ երկրորդը Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն է։
Հանրահավաքների շարանի խորապատկերին Փաշինյանի և «բևեռի» հարաբերություններն աստիճանաբար պաղեցին, թեև ի սկզբանե կապիտուլյանտը կազմակերպության առաջնորդներին առաջարկում էր միանալ ոչ ֆորմալ կոալիցիային, որտեղ հավաքվել են հիմնականում արևմտյան կողմնորոշմամբ կուսակցություններ։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռը հրապարակվեց հաշված օրեր անց այն դրվագից, երբ Մանուկյանը Ազատագրական շարժման ակցիայի ընթացքում խոսափող խնդրեց լրագրողներից և տեսախցիկների առջև դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով գալ Հանրապետության հրապարակ և աջակցել շարժմանը։ Իմանալով Փաշինյանի քինոտ էությունը՝ կարելի է ենթադրել, որ եթե չլիներ այդ ելույթը, ապա Մանուկյանին, հնարավոր է, դատապարտեին ոչ թե 10 տարվա, այլ նույնպիսի ժամկետի, ինչպիսին տվել են Ավետիսյանին։
Գործի վերաբերյալ դատաքննությունն արժանի է առանձին խոսակցության. նշենք միայն, որ Մանուկյանը բազմիցս հայտարարել է, թե իբր՝ Բիլյանը ոչ մեկին չի սպանել։ Հիշեցնեմ, որ ահաբեկիչների զոհը դարձան գնդապետ Արթուր Վանոյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը և ոստիկան Յուրի Տեփանոսյանը։ Նրանցից միակը, ով մահից առաջ հասցրել է ցուցմունք տալ, Մկրտչյանն էր։ Գնդի տարածքի զավթումից հետո նա փակվել էր ծառայողական սենյակում, ուր ներխուժել էին ահաբեկիչները զենքի որոնումներով, կոտրելով դուռը։ «Ինչի՞ չէիր բացում»,- հարցրել են նրանք։ «Ուստավով թույլատրված չէ», - պատասխանել է Մկրտչյանը, որից հետո հաջորդել է դիմահար կրակոցը։
Ծանր վիրավոր, նա կարողացել է հասնել դարպասին և անցնել ևս մի քանի մետր՝ դեպի ոստիկանական մեքենան, որտեղ նրան նկատել և տեղափոխել են հիվանդանոց: Մկրտչյանը ապրեց ավելի քան երկու շաբաթ, ընդ որում գիտակից վիճակում էր և շփվում էր կնոջ հետ։ Նա պատասխանեց նաև քննիչների հարցերին։ Այն մասին, որ վիճակն անհուսալի է, բժիշկներն ասացին միանգամից. Մոտիկից արձակված կրակոցից այրվել էին բոլոր ներքին օրգանները։ Բացառված չէ, որ քննիչները Մկրտչյանին ցույց են տվել խմբի անդամների լուսանկարները, և նա ճանաչել է իր վրա կրակողին։
Դատարանի վճռի արդարության վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող.այդ մարդիկ կրակել են պետության վրա։ Միայն թե պետության անունից դատավճիռ կայացվեց լոկ այն ժամանակ, երբ խմբի անդամները հատեցին գիծն ու սկսեցին պահանջել Փաշինյանի հրաժարականը. չէ՞ որ դատախազը վաղուց էր հայտարարել ազատազրկման ժամկետների մասին իր որոշումը, իսկ դատարանը վճիռ կայացրեց միայն անցած ուրբաթ օրը։
Վերաքննիչ քրեական դատարանը լոկ շղարշ է. իրականում դատավճիռը կայացրել է Փաշինյանը։ Ի դեպ, ահաբեկիչների հետ Նիկոլի մտերմության արշալույսին շատերն էին կանխատեսում, որ բանը կավարտվի աղմկոտ ապահարզանով։ Ասում են, որ առաջիկայում աղմկահարույց բացահայտումներով պատրաստվում է հանդես գալ Ժիրայր Սեֆիլյանը։