Քերոբյանի հերթական փայլուն միտքը. Քաղաքացիները գնաճի պայմաններում ավելի լավ են սկսել ապրել

Մեր քաղաքացիները անգամ գնաճի պայմաններում միջինը ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 16-ին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Դա, նրա խոսքով, կապված է այն բանի հետ, որ իրական տնտեսական աճը (այսինքն՝ գնաճի ազդեցության հաշվառմամբ) այս տարի շատ ավելի բարձր է, քան սպասվում էր։

Իհարկե, նա մտահոգություն հայտնեց գնաճի մակարդակի հետ կապված՝ տեղեկացնելով, որ թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձեր են արվում գտնել գործիքներ դրա զսպման համար։ «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ գործողություններին, ապա այն շաքարի և մսի մաքսային արտոնություններ է մտցրել, ինչը թույլ կտա զսպել գնաճը, իսկ ներքին մեխանիզմներ կարող են դառնալ բեռնափոխադրումների սուբսիդիաները և ավելի սևեռուն ուշադրությունը գնագոյացմանը մանրածախ առևտրում»,- նշեց նախարարը։

Քերոբյանը նշեց, որ տնտեսական աճը 10 տոկոսից բարձր չի լինելու։

«Այսօրվա հաշվարկներով կլինի 4,5-6 տոկոսի սահմաններում։ Վերջնական արդյունքները կամփոփվեն ավելի ուշ»,- ավելացրեց նախարարը։

Անդրադառնալով արտաքին շուկայում գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարցին՝ Վահան Քերոբյանը նշեց, որ խնդիրը հիմնականում կապված է որակի և ստանդարտների հետ, որոնց այս կամ այն արտադրանքը կարող է համապաատսխանել, այլ ոչ թե պետության գործողությունների, տեղեկացնում է News.am։