ՀՈԳՆԱԾ ՆԻԿՈԼԻ ՆՎԱՍՏԱՑՈՒՄԸ

Երբ նայում ես Բրյուսելում Փաշինյանի հանդիպումների կադրերին, տպավորություն է ստեղծվում, որ մեր վարչապետն արդեն ձանձրացրել է հենցՓաշինյանին։ Ո՞ւր է կորել այն ինքնագոհ, էներգիայով լեցուն Նիկոլը, որը եռանդագին նետվում էր Դոնալդ Թրամփի ճամփան կտրելու, որպեսզի լուսանկարիչը հավերժացնի իրեն ԱՄՆ նախագահի և զարմացած Մելանյա Թրամփի կողքից քայլելիս

Վարչապետի աչքերի փայլը եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ արդեն այն չէ, նույնիսկ երբ հանդիպում է հմայիչ կանանց հետ։ Կարելի է ասել, որ երիտասարդ էնտուզիաստի այդ փայլատակող աչքերն արդեն չկան ընդհանրապես։ Մինչդեռ ժամանակին դա այնպես էր աչքի զարնվում այլ առաջնորդների հետ Փաշինյանի հանդիպումների ժամանակ։ Կարելի է ասել, դա նրա հազվագյուտ արժանիքն էր։ Ներկայումս չկա նույնիսկ այդ երևութական առավելությունը։ Կա հոգնած մարդ, որը մի կերպ կատարում է դերը, լավ հասկանալով դրա բացարձակ անօգուտ լինելը։ Մարդ, որը երազում է օր առաջ վերադառնալ Հայաստան, որտեղ կարելի է զբաղվել սիրելի գործերով. ընդդիմադիրների ձերբակալությամբ, բանսարկություններով, քաղաքական կերպարների դոսյեն ուսումնասիրելով, թուրք-ադրբեջանական շահերը տարածաշրջանում առաջ մղելով

Խոսքն առաջին հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, ինչն արդեն հասցրել են ողջունել բոլոր նրանք, ով որ հարկն է։ Ընդ որում բոլոր նրանք, ովքեր պետք է ողջունեն, շատ լավ հասկանում են, որ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը տեղի է ունենալու բացառապես Հայաստանի շահերի հաշվին։ Այն պայմաններով, որոնք կառաջարկի Անկարան։ Բայց նրանց համար, ովքեր պետք է ողջունեն, դա կարևոր չէ։ Նրանք, կարելի է ասել, թքած ունեն։

Թուրքիան արդեն նշանակել է «կարգավորման» գծով իր ներկայացուցչին՝ հանձին ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչի։ Փաշինյանը կցանկանար նշանակել իր «ամերիկագետ» Ժիրայր Լիպարիտյանին, ինչի համար էլ կազմակերպել էր վերջինիս հանդիպումը իր խմբակցության անդամների հետ, որի ներկայացուցիչներից շատերն արդեն նույնպես խիստ վախենում են Փաշինյանի այս կամ այն որոշումների, այդ թվում՝ կադրային այդօրինակ նշանակման հետագա հետևանքներից։

Ամենայն հավանականությամբ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամներից շատերը կցանկանային Թուրքիայի հետ բանակցողի պաշտոնում տեսնել յուրային մեկին, հենց թեկուզ Ռուբեն Ռուբինյանին, որը ժամանակին բավական երկար ժամանակ ապրել է Թուրքիայում։ Բիբարը բողկից քաղցր չէ, իհարկե. տարբերությունը թերևս այն է, որ թեև Լիպարիտյանն ավելի փորձառու բանակցող է, բայց հանձնելով այս կամ այն հայկական շահը, նա հեշտությամբ կվերադառնա իր սիրելի Ամերիկա։ Ռուբինյանի համար ավելի դժվար կլինի թաքնվել, նա ավելի վերահսկելի է իր թիմի կողմից և պակաս վարկաբեկված Հայաստանի մնացած սակավաթիվ գործընկերների, հենց նույն Իրանի և Ռուսաստանի աչքում: Թեև երբեմն շփոթում է քվեարկության կոճակները ԵԽԽՎ-ում։

... Մեր հոգնած վարչապետի մասին վերջին նորությունն այն էր, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցավ ևս մեկ եռակողմ հանդիպում. այս անգամ՝ Ալիևի, Մակրոնի և Փաշինյանի։ Խեղճ Նիկոլ, ոչ մի կերպ հանգիստ չեն թողնում նրան։ Նա ուրախ կլիներ հրաժարվել հանդիպումից, բայց ո՞նց կլինի մերժել Մակրոնին, չէ՞ որ նա վերջերս Փարիզում հայկական մի ամբողջ էսպլանադ բացեց։

Բավական է նայել պաշտոնական լուսանկարում Ալիևի գոհ ժպիտին՝ հասկանալու համար, որ Ադրբեջանի առաջնորդը կանխավայելում է իր վիզավիի նվաստացման հերթական ակտը։ Հավանաբար, ի թիվս ամենի՝ կգանգատվի Մակրոնին, որ այ ինքը՝ Ալիևը, լինելով մեծ մարդասեր, կամաց-կամաց ազատ է արձակում հայ ռազմագերիներին, ընդառաջելով Եվրոպայի կոչերին, իսկ Հայաստանում նրանց բանտ են նստեցնում ...

Բայց գլխավորը մեկ այլ բան է. միայն թե Մակրոնը չկրկնի Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի սխալը. մենակ չթողնի Փաշինյանին ու Ալիևին։ Ամենից շատ մենք պետք է զգուշանանք հենց այդ մեկուսի հանդիպումներից։ Քանզի չգիտենք, թե դեմ առ դեմ խոսելիս հատկապես ինչ կխոստանա Փաշինյանը Ալիևին, ինչի մասին մենք անսպասելիորեն կիմանանք ամիսներ անց, այն դատողությունների նվագակցության ներքո, թե իբր՝ հերթական զիջումը կապված է բացառապես «նախկինների» սխալ քաղաքականության հետ։

Основная тема:
Теги: