Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց։
Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացրել էր Քննչական կոմիտեի քննիչը։
Կալանավորման որոշման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ Քննչական կոմիտեին:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում:
Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Այս առնչությամբ Ասլանյանի փաստաբան Երվանդ Վարոսյաննը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, նշելով, որ դատարանն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել։
«Քաղաքական պատվերն առայժմ կատարված է։
Առանձնակի ցավում եմ հատկապես դատավոր Արուսյակ Ալեքսանյանի համար։ Համակարգը խժռում է մարդուն, իսկ համակարգին ամեն մեկն ունակ չէ դիմադրել, ամեն մեկը չունի այդ ունակությունը, ամեն մեկը չի կարող լինել դատավոր»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։