ԿՀԻՇԻ՞ ԱՐԴՅՈՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԿԱՄԱԶԳԵՅԹԻ» ՄԱՍԻՆ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Իր հայտարարության մեջ խմբակցությունը շնորհակալություն է հայտնում Մարությանին համատեղ աշխատանքի համար, ընդ որում մեղադրելով նրան, որ «ոչ բավարար ծավալով է կատարել և չի կատարում Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու կարևորագույն առաքելությունը»: Մինչդեռ ընդամենը երկու տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, իշխանությունը՝ ի դեմս ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության, սարի պես կանգնեց «յուրային» քաղաքապետի թիկունքին, երբ խորհրդարանական ընդդիմությունը հանդես եկավ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝ քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների հետաքննության համար։
Համաձայնեք, սա ասես ինչ-որ ակնարկ լինի Մարությանին, որ նա իրեն ճիշտ պահի, այլապես ... Այլապես իշխանությունը կարող է հիշել սկանդալային «Կամազգեյթի» մասին։
Հիշեցնենք. 2019 թվականի դեկտեմբերի 5-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները իրավունքի ուժով ստեղծեցին քննիչ հանձնաժողով՝ քաղաքապետի «ԿամԱԶ-ներ՝ թույլատրական փաստաթղթերի դիմաց» կասկածելի գործարքների առնչությամբ։ Իմքայլականների կատաղի դիմադրության պայմաններում, որոնք այն ժամանակ արեցին ամեն հնարավորը, որ հանձնաժողովը չդառնա իրականություն։ Պնդում էին քաղաքապետ Հայկ Մարությանի անկաշառության մասին, հրաժարվում ստորագրել հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ նախագահին ուղղված դիմումի տակ, հանդիմանում ու ամոթանք տալիս ստորագրած պատգամավորներին, համացանցում զետեղեցին ստորագրած 35 պատգամավորների ցուցակը՝ «Հակահեղափոխականներ» վերտառությամբ…
Երբ հանձնաժողովը, ի հեճուկս իշխող խմբակցության, ԱԺ կանոնակարգի համաձայն այնուամենայնիվ ստեղծվեց իրավունքի ուժով, խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանը դա մատուցեց որպես քաղաքական մեծամասնության քաղաքական կամքի ակտ և իշխանության մեծ ձեռքբերում։ Իսկ հետո՝ 2020 թվականի հունվարի 22-ին, երբ պետք էր հաստատել հանձնաժողովի անդամների թիվը, այդ կամքը ինչ-որ տեղ անհետացավ, և իշխանության խմբակցությունը, հրաժարվելով հանձնաժողովի կազմում առաջադրել իր անդամներին, տապալեց քվեարկությունը։ Ճիշտ այնպես, ինչպես դա արեց ԱԺ ներկայիս իշխող խմբակցությունը իրավական, դատական հարցերով քննիչ հանձնաժողովի պարագայում։
Այն ժամանակ նույնպես՝ 2019-ին, իշխանության ներկայացուցիչները ճառում էին կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության և կոռուպցիոն գայթակղություններին չդիմացող ցանկացած անձի պատասխանատվության ենթարկելու քաղաքական կամքի առկայության մասին. անկախ նրանից՝ իշխանության թիմից է նա, թե ոչ։ Սպառնում էին մերթ թաթիկները կտրել, մերթ գլուխը պոկել... Բայց «կարգին Հայկոյի» գործունեությունը հետաքննելու համար հանձնաժողով ստեղծել այնուամենայնիվ հրաժարվեցին։ Ի պաշտպանություն քաղաքապետի՝ իմքայլականների ներկայացրած փաստարկները պարզապես «երկաթբետոնե» էին։ Դուք ի՞նչ է, լրջորեն համարում եք, թե Մարությանը կարող է կաշա՞ռք վերցնել, հռետորական հարցադրում էր անում խորհրդարանի այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Կոռուպցիան սեփական դիրքի, լիազորությունների չարաշահումն է, երբ դրանից անձնական օգուտ ունես, իսկ այդ ամենից ի՞նչ անձնական օգուտ է ստացել Մարությանը, ձայնակցում էին նրան իմքայլականները։ Իբր, Մարությանը հո իր համար չի արել դա, իր գրպանը չի դրել, այլ Երևանի համար է արել։ Ասել է թե՝ շահել է քաղաքը, որը ձեռք է բերել աղբատարներ, և շահել են քաղաքացիները՝ մաքուր մայրաքաղաքի տեսքով։
Այդ բացարձակ դեմագոգիան, որն այն ժամանակ ծավալում էին իշխանության ներկայացուցիչները Հայկոյի ու քաղաքապետարանի շուրջ, հիմա հեշտությամբ կարող են շրջել իր իսկ դեմ։ Մանավանդ որ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ իշխանական խմբակցությունը չցանկացավ, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի քաղաքապետարանի կողմից շինարարության արտոնությունների, թույլտվությունների տրամադրման, անշարժ և շարժական գույքի փոխանցման, գույքային և ոչ գույքային իրավունքների տրամադրման իրավաչափությունը այս կամ այն ընկերություններին և համադրի դա տնտեսավարող տարբեր սուբյեկտների կողմից Երևանին նվիրաբերված տրանսպորտային միջոցների, այլ գույքի, նրանց կողմից ինչ-որ ծառայություններ մատուցման հետ։ Չէ՞ որ եթե այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չկային, ինչպես փորձում էին ներշնչել հանրությանը իմքայլականները, ուրեմն թող հանձնաժողովը զններ բոլոր փաստաթղթերը, տար բոլոր հարցերն ու ինքն էլ հանգեր նման եզրակացության։
Իսկ պահանջել հավատալ միայն բարձրահունչ, միայն ազնիվ խոսքի վրա հիմնված հայտարարություններին, թե իբր՝ Մարությանն ախր ոչ թե իր համար է արել, այլ Երևանի, ոչ թե իր գրպանն է դրել, այլ մայրաքաղաքի, դա, համաձայնեք, վստահություն ավելացնել չէր կարող։
Ասենք, գուցե հենց ներկայիս իրադրության կարգի օրվա համար էր ընտրվել նման մարտավարությունը։ Դե, որպեսզի իմանա. մի քայլ՝ աջ, մի քայլ՝ ձախ, և…
Մինչդեռ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում արդեն գրել է. «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ ))
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին: Ակնհայտ է, որ դա ժամանակավոր է, և Երևանում, ինչպես Հայաստանի բազմաթիվ համայնքներում, կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Բնականաբար, այն բանից հետո, երբ դրա համար լուծվեն տեխնիկական հարցերը՝ մոտակա գյուղերից մեկը Երևանին միացնելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու համար արհեստական խոշորացման տեսքով։ Ներկայումս ակտիվորեն լուրեր են շրջում, որ քաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդը ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Սակայն, ըստ նույն այդ լուրերի, Սուքիասյանը բնավ միակ թեկնածուն չէ, քաղաքապետի պաշտոնի վրա աչք ունի նաև նախկին փոխվարչապետ, այժմ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը և, ի դեպ, բավական հաջող շարժվում է դեպի իր նպատակը։