ԲԱՔՎԻ ՀԵՏ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ՝ ԲԱՑԻ ԱՐՑԱԽԻՑ

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը դրեց Արցախի հարցի բանակցային ուրացման գործընթացի մեկնարկը՝ Ալիևի հետ խոսելով ինչից ասես, միայն թե ոչ Արցախից։ Սա այն նույն ղեկավարն է, որը 2018-ի օգոստոսին խոստանում էր ժողովրդի թիկունքում Արցախի հարցով ոչինչ չստորագրել, բայց անգամ սեփական պետության նախագահին ու ԱԳ նախարարին է թերտեղեկացնում՝ ինչ է բանակցում թշնամու հետ։ Կապիտուլյացիա բառից հոգեխանգարմունքի մեջ ընկնող իշխանության ստորագրածը, պարզվում է, անգամ հրադադարի համաձայնագրի արժեք չունի, քանի որ Արցախի դեմ պարբերական սադրանքների, զինվորական և հատկապես քաղաքացիական զոհերի մասին միջազգային հարթակներում որևէ խոսք չկա։

Ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դեռ փորձ է արվում ներկայացնել որպես Արցախի մնացած մասի կամ տասնյակ հազարավոր զորքի փրկության կռվան։ Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատումը բրյուսելյան օրակարգում է, Արցախի կարգավիճակի կամ մեր գերիների հետդարձի ժամկետների քննարկումը՝ ոչ։ Սա է Փաշինյանի բանակցային մոտեցումը՝ գլխիկոր, անարժանապատիվ ու նվաստ։ Մինչդեռ անցած մեկ տարում տասնյակ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարումն ու Հայաստանի տարածքի զավթումն արդեն իսկ բավական էին ոչ միայն նոր պայմանավորվածության չգնալու, այլև մյուս կետերի կատարումը սառեցնելու համար։

Նիկոլ Փաշինյանի ստորագրած երեք եռակողմ հայտարարությունների մասին խոսելիս պետք չէ մոռանալ, որ դրանք բոլորն էլ պատերազմի սպառնալիքի տակ մեզ պարտադրված փաստաթղթեր են և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների համաձայն՝ չպետք է վավերական լինեին։ Այլ հարց, որ ազգային ռազմավարության և արհեստավարժ դիվանագիտության իսպառ բացակայության, պետական և հանրային տոտալ գավառամտության պայմաններում, ցավոք, ամեն ինչ արվեց, որ դրանց իրագործումը դառնա անշրջելի։

Մինչդեռ Փաշինյանը մի շարք հնարավորություններ ուներ պետությանը գոնե մասնակիորեն ազատելու իր՝ առանց այն էլ աղետալի ժառանգությունից։ Պատերազմի սկզբում, ընթացքում, կապիտուլյացիայի կնքման օրը, դրան հաջորդած ամիսներին հայ ժողովրդից նրա ներողություն խնդրելը, ապա հրաժարումն ու հեռացումն իշխանությունից՝ պատճառաբանելով, որ իրավասու չէ Արցախի նախագահի փոխարեն որոշումներ կայացնելու, ամուր ներպետական, ապա և միջազգային հիմք կդառնար՝ վերականգնելու Արցախի սասանված դերակատարումը։ Ով էլ նրա փոխարեն անցումային վարչապետ դառնար, ի սկզբանե շահեկան դիրքով կներկայացներ Արցախի հարցը՝ մինչև արտահերթ ընտրություններ։ Դրանով հայ ժողովուրդն էլ ցույց կտար, որ ոչ թե փակում է Արցախի ինքնորոշման և կարգավիճակի էջը, այլ պատերազմից հետո նոր թափով է լծվում այդ գործին։ Բրյուսելյան ապտակը, ցավոք, գուժեց առանց Արցախի հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունների մեկնարկը։

Նիկոլ Փաշինյանի համար Սահմանադրությունից բարձր է ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև, փաստորեն, Անկարայի հետ բանավոր և Մայր օրենքի նախաբանին ու Անկախության հռչակագրին հակասող պայմանավորվածությունը։ Հայաստանի ինքնիշխանությունն ուղիղ հարվածի տակ դնող որևէ փաստաթուղթ չի անցել խորհրդարանի կամ ՍԴ-ի ատյաններով, որոնք, ցավոք, ևս միանձնյա կառավարման շղթայի օղակներ են դարձել։

Հին սերնդի քաղաքական գործիչները լավ են հիշում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզխորհրդի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի՝ վերամիավորման մասին հայտնի որոշումը, ՀՀ Գերագույն խորհրդի 1992-ի որոշումը՝ արգելելու Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակը ֆիքսող որևէ փաստաթղթի ստորագրումը, անգամ Գերագույն խորհրդի առաջին գումարման՝ Արցախի ընտրատարածքներից ընտրված պատգամավորներին։ Փաշինյանն սկսել է հակառակ՝ Հայաստանից Արցախի վերջնական օտարման ու դուրսմղման քաղաքականությունը, և արագ տեմպերով իրագործում է այն։